Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրենք արդար, դիտեք արդար

Փետրվար 19,2003 00:00

Ընտրենք արդար, դիտեք արդար 2003թ. խիստ կարեւոր է Հարավային Կովկասի պետությունների համար. Հայաստանում պետք է տեղի ունենան նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ, Ադրբեջանում՝ նախագահական, իսկ Վրաստանում՝ խորհրդարանական։ Ակնհայտ է, որ այս ընտրություններն են նախանշելու այն ուղին, որով այս երկրները եւ տարածաշրջանն ընդհանրապես ընթանալու են։ Այս պետությունների քաղաքացիների համար բազմակուսակցական ընտրությունները վաղուց փորձված բան են. 12 տարում նրանք տեսել են դրանց թե դրական, թե բացասական կողմերը։ Ցավով ենք արձանագրում, որ բացասական կողմերը նշանակալիորեն գերակշռում են դրականներին. մեր երկրներում յուրաքանչյուր հաջորդ ընտրություն նախորդից ավելի վատ է անցկացվում՝ դառնալով ընտրողների կամքի արտահայտության աղավաղման եւ արդյունքների կեղծման հերթական աստիճանը։ Արդյունքում՝ քաղաքացիներն ավելի ու ավելի են օտարվում պետությունից եւ իշխանությունից, աճում է դեմոկրատական արմատական փոփոխությունների, կյանքի մակարդակի որակական բարելավման եւ իրավական պետության ու քաղաքացիական հասարակության կառուցման իրական հնարավորության նկատմամբ նրանց թերահավատությունը։ Ցավոք, սրան նպաստում են նաեւ որոշ միջազգային կազմակերպություններ եւ արեւմտյան ինստիտուտներ, որոնք կոչված են օժանդակելու մեր երկրներում ժողովրդավարական գործընթացներին եւ զարգացնելու դրանք։ Սա առավել ցայտուն է դրսեւորվում հատկապես ընտրությունների ժամանակ, երբ դիտորդական զանազան առաքելություններ կամա թե ակամա նպաստում են տեղական եւ միջազգային հանրության առաջ կեղծված ընտրությունների լեգիտիմացմանը։ Հաճախ դա տեղի է ունենում դիտորդների ցածր պատրաստվածության, տեղական իրողություններին անտեղյակության, փոքրաթիվ ուժերով հնարավորինս շատ ընտրատեղամասեր ու անգամ տարածքներ ծածկելու՝ վաղօրոք դատապարտված փորձերի, առանձին առաքելությունների միջեւ չհամակարգված գործողությունների եւ հաճախ էլ՝ տեխնիկական պատճառներով։ Ելնելով սրանից՝ մենք կոչ ենք անում համապատասխան միջազգային կազմակերպություններին, ժողովրդավարական երկրների կառավարություններին՝ հստակ ու միանշանակ դնել իսկապես արդար եւ ազատ ընտրությունների անցկացման, ընտրական գործընթացների թափանցիկության, դիտորդների եւ ԶԼՄ-ների համար աշխատանքային բարենպաստ պայմանների ստեղծման անհրաժեշտության հարցերը։ Մեր երկրների ներկա կառավարություններին պետք է հստակ հասկացնել, որ ընտրական մանիպուլյացիաների եւ ընտրությունների արդյունքների կեղծումների նկատմամբ վերաբերմունքը լինելու է միանշանակորեն անհանդուրժողական եւ կհանգեցնի իրենց պարտականություններն անտեսելու համար Եվրամիության եւ ԵԱՀԿ անդամ երկրների նկատմամբ սանկցիաների մեխանիզմի կիրառման։ Միաժամանակ միջազգային կազմակերպություններին եւ ժողովրդավարական երկրների կառավարություններին կոչ ենք անում. – համակարգել մեր երկրներում անցկացվող ընտրություններին հետեւող դիտորդների ջանքերը, – հետեւել ընտրությունների ողջ ընթացքին՝ ընդհուպ մինչեւ բողոքների եւ դատարանների կողմից վերջնական վճիռների կայացման ավարտը, – իրար մեջ բաշխել ընտրական տեղամասերն ու տարածքները, – հրաժարվել անփորձ կամ բավարար փորձ չունեցող դիտորդների գործունեությունից, – ընտրությունների գնահատման հարցում լինել կատարյալ օբյեկտիվ եւ անաչառ։ Մենք հույս ունենք համագործակցության, որը կնպաստի մեր երկրներում ազատ եւ պատասխանատու ընտրությունների անցկացմանը։ «Ընտրությունները Հարավային Կովկասի երկրներում» բազմակարծության կենտրոնների երրորդ տարածաշրջանային սեմինարի մեմորանդում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել