Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽ ԱՆՈՒՄ ԵՄ՝ ԻՆՉ ԿԱՄԵՆԱՄ, ՀԵՏՈ ԴԻՄՈՒՄ ԹԱՂԱՊԵՏԱՐԱՆ

Փետրվար 19,2003 00:00

ՆԱԽ ԱՆՈՒՄ ԵՄ՝ ԻՆՉ ԿԱՄԵՆԱՄ, ՀԵՏՈ ԴԻՄՈՒՄ ԹԱՂԱՊԵՏԱՐԱՆ ԵՊՀ ղեկավարության խոսքն ու գործը հակասում են միմյանց։ Եթե տեսականորեն նրանք ուսանողներին օրենք են սովորեցնում ու պրոպագանդում են գործել դրա սահմաններում, ապա գործնականում՝ անօրինական գործարք են կնքում։ Պարզվում է, ԵՊՀ-ի տարածքում կատարվող շինարարության շուրջ բարձրացված աղմուկն իր նախապատմությունն ուներ։ Դեռեւս անցյալ տարի ԵՊՀ տնօրինությանը Կենտրոն թաղապետարանից զգուշացրել են իր տարածքում ընթացող շինարարությունը դադարեցնելու եւ տարածքը նախկին տեսքին բերելու մասին։ Իսկ Այգեստան 2-րդ փողոցի մի խումբ բնակիչների էլ կառույցի անօրինական լինելուց առավել մտահոգել էր այն հեռանկարը, որ կառուցվող օբյեկտ ելումուտ անող ավտոմեքենաների ճանապարհն այսուհետեւ իրենց բակով պիտի անցներ։ Երբ բնակիչներից ոմանք փորձել են ճշտել շինարարության մասին մանրամասները, ԵՊՀ տնօրինությունը նրանց է ներկայացրել մի նախագիծ, ըստ որի, կառուցվելիքը ավտոհանգրվան է (գարաժ)։ Բնակիչների հավաստմամբ, դեպի համալսարանի «գարաժ» կան մի քանի ուրիշ ճանապարհներ եւ նրանք նոր ճանապարհ բացելու անհրաժեշտություն չունեն. «Սակայն պատճառաբանում են, թե այդ պարագայում սպորտային հրապարակը կավերվի։ Մեր բակը ծանրաբեռնված է բնակիչներին պատկանող ավտոմեքենաներով, ինչպես նաեւ բակում մշտապես խաղում են երեխաներ եւ այդտեղից ճանապարհ բացելը դժբախտ պատահարների պատճառ կդառնա»։ Ըստ բնակիչների, «գարաժի» պատճառով սպորտային հրապարակն արդեն ավերվել է, որը վերջնականապես կավերվի, եթե ճանապարհը բացեն իրենց բակի միջով։ Քանի որ նոր ճանապարհն էլ է անցնելու այդ հրապարակով։ Այգեստանցիները մի մտավախություն էլ ունեին. «Գողեգող ավարտուն տեսքի հասցվող կառույցը ավելի շուտ ոչ թե գարաժ է, այլ մի համալիր կառույց, որի մեջ, գարաժին կից, մտնելու են սրճարան, սաունա եւ նմանատիպ կառույցներին հոգեհարազատ այլ ատրիբուտներ»։ Նրանց խոսքերով, նման համալիր կառույցին հարկավոր է նաեւ հաճախորդներ ապահովել, ինչն էլ համալսարանի ղեկավարությունը ցանկանում է աչքից հեռու ճանապարհ բացել՝ բնակելի շենքերի եւ սեփական տների բակի միջով։ Անցյալ տարվանից սկսած, բնակիչների կողմից դիմում-բողոքներ է հղվում տարբեր ատյաններ՝ ճանապարհը բացելու մտադրության դեմ։ Սակայն, ինչպես իրենք են հավաստում, դրանք մնում են անպատասխան։ Միակ արձագանքողը Կենտրոն թաղապետարանն է, որն էլ ժամանակ առ ժամանակ դադարեցնում է շինաշխատանքները՝ շինարարության թույլտվության բացակայությամբ հիմնավորելով։ Իսկ բնակիչներին զգուշացնում, որ այն վերսկսելու դեպքում անհապաղ իրենց տեղյակ պահեն։ Օրերս համալսարանի ֆիզիկական դաստիարակության եւ սպորտի ամբիոնին կից կառույցը կրկին կյանքի է կոչվել։ ԵՊՀ վարչատնտեսական գծով պրոռեկտոր Սարգիս Շահազիզյանից տեղեկացանք, որ կառուցվողը ավտոհանգրվան է, որտեղ պիտի հանգրվանեն համալսարանի տնտեսության ութ ավտոմեքենաներ։ Պարոն Շահազիզյանը մեզ հանգամանորեն բացատրում էր, թե ինչ մակնիշի մեքենաներ են դրանք, որ իրենք ունեն քաղաքապետարանի որոշումն ու դրան կից նախագիծը։ Իսկ որ ամենակարեւորն է՝ հակահրդեհային ծառայության ակտը, ըստ որի, համալսարանը չունի 2-րդ մուտքը՝ արտակարգ իրավիճակների համար։ Սակայն այս երկար-բարակ պարզաբանումների մեջ պրոռեկտորը, չգիտես ինչու, մոռացավ նշել ամենագլխավորը. այն, որ իրենց կողմից իրագործվող շինարարությունը ապօրինի է, քանի որ չունի Կենտրոն թաղապետարանի կողմից տրվող շինարարական թույլտվությունը։ Ս. Շահազիզյանը «տեղը բերեց» միայն մեր հիշեցնելուց հետո եւ չժխտեց, ավելացնելով, որ սպասում են թաղապետարանի թույլտվությանը, որպեսզի շինարարությունը վերսկսեն։ Մի քանի օր առաջ թաղապետարանի աշխատակիցները կրկին առիթ էին ունեցել կիսակառույցի հեղինակներին հիշեցնել թույլտվություն չունենալու մասին եւ խոչընդոտել էին դրա շինարարությանը։ Իսկ բնակարանային եւ կոմունալ բաժնի պետ Սպարտակ Դալլաքյանը նույնպես հավաստեց, որ կառուցվող օբյեկտը անօրինական է, եւ որ իրենք կրկին միջամտել են շինարարությունը դադարեցնելու համար։ Պետք է ենթադրել, ԵՊՀ ղեկավարությունը մտադիր է կառույցն ավարտին հասցնել, թեկուզ՝ անօրինականորեն, ըստ երեւույթին հույս ունենալով, որ այդ ամենից հետո թաղապետարանը չի մերժի թույլտվությունը։ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել