Լրահոս
Օրվա լրահոսը

«Դրոշն օրինակ ծառայեց»

Փետրվար 19,2003 00:00

«Դրոշն օրինակ ծառայեց» Երեկ դարձյալ քվորումի բացակայության պատճառով ԱԺ նիստ չկայացավ: Սակայն երբ Արմեն Խաչատրյանը գրանցվելու համար ներկա 10 պատգամավորներին կոչ արեց գրանցվել, ԱԺ դահլիճում տեղադրված եռագույն դրոշն ընկավ: Բարեբախտաբար, ԱԺ փոխնախագահ Գագիկ Ասլանյանը բացակայում էր, այլապես դժվար է ասել, թե դրոշն ինչ հետեւանքներ կթողներ նրա վրա: Բանն այն է, որ դրոշն ընկել է ուղիղ Գ. Ասլանյանի աթոռի վրա, ու պատռել կաշվեպատ աթոռը: Ներկա պատգամավորներից մեկը շտապեց փոխել այն՝ դրոշի թողած հետքերով աթոռը դնելով ԱԺ-ում ՀՀ նախագահի համար հատկացված տեղում, եւ հակառակը: «Երկրի խորհրդանիշ համարվող դրոշը օրինակ ծառայեց»,- ասաց Խորեն Սարգսյանն ու մեզ խորհուրդ տվեց դրա նշանակությունը պարզելու համար դիմել Արմեն Խաչատրյանին՝ վստահեցնելով, թե նա է «տիրապետում գուշակության արվեստին»: Իսկ մեկ այլ պատգամավոր, որը չցանկացավ հրապարակել իր անունը, նշեց, որ դա «լավ նշան չէ», իսկ ինքը նման բաներին հավատում է: ԱԺ Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանից հետաքրքրվեցինք, թե պատգամավորների անհարգելի բացակայությունների դեպքում արդյոք նրանք զրկվո՞ւմ են իրենց հասանելիք աշխատավարձերից: Վ. Դալլաքյանը նշեց, որ օրենքով նման դեպքերի համար հատուկ տող չկա՝ ավելացնելով, թե դա զուտ նրանց «բարոյականության» վրա է թողնված: Պարզապես Վ. Դալլաքյանը մեջբերեց Ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածը, որի առկայության դեպքում անգամ պատգամավորները, միեւնույն է, շրջանցում են այն՝ զբաղվելով որեւէ թեկնածուի նախընտրական քարոզչությամբ: «ԱԺ-ն պետական մարմին է, հետեւաբար պատգամավորն իր աշխատանքային պարտականությունները կատարելիս իրավունք չունի զբաղվել նախընտրական քարոզչությամբ: Կարելի է ենթադրել, որ պատգամավորը քարոզչության այս ընթացքում պետք է արձակուրդ վերցներ եւ դադարեցներ իր աշխատանքային պարտականությունները: Նույն կերպ պետք է ՏԻՄ-երը նախընտրական շտաբներ չդառնան, որովհետեւ շտաբը հենց քարոզչության կենտրոնն է: Նույնը նաեւ վերաբերում է նախարարներին ու տարբեր մակարդակի բարձրաստիճան պաշտոնյաներին: Նրանք էլ պետք է արձակուրդ վերցնեն ու անեն այն, ինչ ուզում են: Այսինքն, ոչ պետական փոխադրամիջոցներով, ոչ էլ պետական հեռախոսներով չպետք է քարոզարշավ վարեն»,- ասաց Վ. Դալլաքյանը: Նախագահի թեկնածուներից մեկի նախընտրական շտաբի քարոզչության ղեկավարներից մեկը օրենքի վերոնշյալ հոդվածը մեջբերելով հայտարարել էր, թե պետական մարմնի ղեկավարը կարող է իր աշխատանքային պարտականությունները կատարելու ժամանակ զբաղվել քարոզչությամբ՝ համապատասխան հանձնարարականներ տալով իր տեղակալներին: Պարոն Դալլաքյանից հետաքրքրվեցինք, թե կարո՞ղ է արդյոք օրենքը, որի հեղինակներից է նաեւ ինքը, նման մեկնաբանություն ունենալ: «Կարծում եմ, շատ հասկանալի հայերենով, նաեւ հասկացող մարդկանց համար է օրենքը գրված, եւ ես մեկնաբանեցի, թե ինչ է գրված ԸՕ-ում: Որեւէ մեկի մեկնաբանությունը չեմ պատրաստվում մեկնաբանել, ես պարզապես կարդում եմ խելամիտ, գրագետ մարդկանց համար գրված օրենքը, որի տառը եւ ոգին օրենքում հստակ նշված է»,- հայտարարեց Վ. Դալլաքյանը: ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել