Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Թարմ ահազանգ

Փետրվար 19,2003 00:00

Թարմ ահազանգ Արդեն երեկ երեկոյան ընդդիմադիր թեկնածուների նախընտրական շտաբները ստացան ընտրախախտումների առաջին ահազանգերը: Ահազանգ ստացվեց «Հանրապետություն» կուսակցության գրասենյակից: Այն, ինչ մենք տեսանք այստեղ, սպասվող ընտրակեղծիքների միայն առաջին ծաղիկներն էին: Նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբներից մեկի ներկայացուցիչը, որի անունն առայժմ չենք հրապարակի, բերել ու հանձնել է սահմանված նմուշի մաքուր քվեաթերթիկների մի փաթեթ՝ թվով 500 հատ: Այդ քվեաթերթիկները, որ օրենքով սահմանված կարգով պետք է ընտրատարածքներ տեղափոխված լինեին եւ պահվեին միայն հանձնաժողովի չհրկիզվող պահարանում, պարզվում է, հայտնվել են Ռ.Քոչարյանի նախընտրական շտաբներից մեկում, ըստ ամենայնի, կոնկրետ թեկնածուի օգտին քվեարկելու ու քվեատուփ գցելու համար, առավել եւս, որ թեկնածուների նախընտրական շտաբների պնդմամբ, ընտրացուցակներում անճշտությունները 30-35 տոկոս են կազմում, ինչը նշանակում է, որ ընտրողների թիվն արհեստականորեն ուռճացված է: Երեկ ուշ երեկոյան կուսակցության գրասենյակում էին ընդդիմադիր թեկնածուների նախընտրական շտաբների ներկայացուցիչները, ավելի ուշ ժամանեցին նաեւ ԵԱՀԿ եւ ԱՊՀ Միջխորհրդարանական դիտորդական առաքելությունների ներկայացուցիչներ: Մասնավորապես ԵԱՀԿ դիտորդական առաքելության իրավական հարցերի վերլուծաբան Մարիա Սարելա Լաուքսը մեզ հետ զրույցի ժամանակ ասաց, որ առիթ չի ունեցել նման փաստ որեւէ այլ երկրում արձանագրել: Իսկ ՀՀ նախագահի թեկնածու Արտաշես Գեղամյանի լիազոր ներկայացուցիչ Աղասի Արշակյանն ասաց, թե երեկ ԵԽ դիտորդական առաքելության ղեկավար Լորդ Ռասել Ջոնսթոնի հետ հանդիպման ժամանակ մասնավորապես ինքը մտահոգություն է հայտնել, որ քվեաթերթիկների տպագրության ժամանակ տպիչ-հաշվիչ սարք տեղադրված չի եղել, եւ հնարավոր չէ ասել, թե սահմանված քանակից ավելի քանի քվեաթերթիկ է տպագրվել: «Մենք մտահոգիչ համարեցինք նաեւ կնիքների օգտագործված լինելու հանգամանքը, որի դեպքում հնարավոր է նույնիսկ քվեարկությունից, քվեաթերթիկները հաշվելուց հետո էլ դրանք կեղծել՝ կոնկրետ թեկնածուի փաթեթից դուրս բերել պայմանական քանակությամբ քվեաթերթիկ եւ ավելացնել մեկ այլ թեկնածուի փաթեթում: Այն, ինչին մենք հիմա՝ քվեարկությունից 10 ժամ առաջ, ականատես ենք, մեր մտահոգության հիմնավորվածության վառ ապացույցն է»,- հայտարարեց Ա.Արշակյանը: Ընդդիմադիր թեկնածուների լիազորված անձինք երեկ ուշ երեկոյան հայտարարություն էին պատրաստում, որով դիմելու են դատախազությանը՝ փաստի առիթով քրեական գործ հարուցելու պահանջով: Երեկ «Հանրապետություն» կուսակցությունում ավելի վաղ ասուլիս էր կազմակերպվել, որտեղ հայտարարվեց, թե իրենց ունեցած տեղեկություններով՝ արդարադատության նախարարն է հրահանգել տեղամասային հանձնաժողովների նախագահներին՝ քվեարկության արդյունքների ամփոփման երկու տարբեր արձանագրություն պատրաստել. մեկը՝ քվեարկության իրական թվերն արձանագրող փաստաթուղթը թեկնածուների վստահված անձանց տալու, մյուսը՝ նկարված թվերով, Ընտրատարածքային եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովներ ուղարկելու համար: Երեկ ի ցույց դրվեց նաեւ քվեաթերթիկների ու համապատասխան արձանագրությունների համար նախատեսված եւ լուսանկարում պատկերված այն ծրարը, որն օրենքով պետք է ի պահ տրված լիներ ընտրական հանձնաժողովներին, բայց, ինչպես երեւում է, արդեն երեկ շրջանառության մեջ էր դրվել: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել