Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԻՆՉԻ՞ ՀԱՄԱՐ ԵՆ ՕՐԵՆՔՆԵՐԸ

Փետրվար 19,2003 00:00

ԻՆՉԻ՞ ՀԱՄԱՐ ԵՆ ՕՐԵՆՔՆԵՐԸ Եթե քարոզչության դրույթները խախտելու համար որեւէ մեկը չենթարկվեց օրենքով նախատեսված պատասխանատվության Ընտրական օրենսգրքի 139 հոդվածը կոչվում է՝ «Պատասխանատվությունը սույն օրենսգրքի դրույթները խախտելու համար»: Թռուցիկ ընթերցանությունն անգամ վկայում է, որ անցած քարոզարշավում տեղ գտան երեւույթներ, որոնք պետք է օրենքով սահմանված կարգով հանգեցնեին պատասխանատվության: Եվ այսպես՝ արգելվում է քվեարկությանը նախորդող 7 օրվա ընթացքում թեկնածուների վարկանիշների վերաբերյալ սոցիոլոգիական հարցման արդյունքներ հրապարակելը: Ընտրական օրենսգրքի այս դրույթը վերջին անգամ խախտվեց փետրվարի 16-ին, երբ «Կենտրոն» եւ Հանրային հեռուստաընկերությունները ցուցադրեցին Հայաստանի KBH ասոցիացիայի նկարահանած «Ապաքաղաքական գովազդ» հոլովակը, որում մեջբերված էին տվյալներ սոցհարցումներից: Որեւէ մեկն արձագանքե՞ց այս խախտմանը: Ընտրական օրենսգրքի համաձայն՝ պատասխանատվության են հանգեցնում «հատուկ տեղերում փակցված պաստառները պոկելը, պատռելը կամ դրանց վրա գրառումներ կատարելը»: Մամուլը հեղեղված էր փաստերով, թե պաստառները կազմակերպված պատռվում են: Հրապարակվեց նաեւ թեկնածուներից մեկի պաստառի վրա արված գրառումը, որը նենգափոխում էր իմաստը եւ վարկաբեկիչ դարձնում կարգախոսը թեկնածուի համար: Որեւէ մեկը պատժվե՞ց այս օրինախախտման համար: Ոչ ոք: Արգելվում է թեկնածուների վերաբերյալ կեղծ, զրպարտչական լուրեր տարածելը: Մեջբերենք նման օրինակներից վերջինը, թեեւ շարքը կարող էր երկարել անվերջ: ՀՀՇ վարչությունը հայտարարեց, թե նախագահի ընտրություններում չի պաշտպանում եւ ոչ մի թեկնածուի: Սակայն ասուլիսի ընթացքում ՀՀՇ վարչության նախագահը հայտնեց իր անձնական տեսակետը, թե հաղթելու առավել մեծ հավանականություն ունի թեկնածուներից մեկը: Շեշտենք՝ անգամ ընդգծեց, որ դա իր անձնական տեսակետն է: Սակայն մեկ այլ թեկնածուի աջակից ողջ մամուլն անմիջապես տարածեց կեղծ տեղեկություններ, թե մյուս թեկնածուն վայելում է ՀՀՇ-ի աջակցությունը, այդ միջոցով փորձելով վարկաբեկել մրցակցին: Կամ՝ մեր թերթի ընթերցողների համար հանրահայտ է, որ «Առավոտի» շաբաթ օրվա համարում «Պետականամետ լուրեր» խորագրի ներքո հրապարակվող լուրերը երգիծանք են: Սակայն քարոզարշավի նախավերջին օրը «Պրոմեթեւս» հեռուստաընկերության մեկնաբաններն այդ խորագրից մի լուր հաղորդեցին ամենայն լրջությամբ՝ ընտրողներին ապակողմնորոշելու ակնհայտ դիտավորությամբ: Եվ դեռ նախագահի տվյալ թեկնածուի աջակիցները պարծենում են, թե իրենք քարոզարշավում չեն գործադրում սեւ PR: Արգելվում է «նախընտրական քարոզչություն կատարելու իրավունք չունեցող անձանց եւ կազմակերպությունների կողմից նախընտրական քարոզչություն կատարելը եւ ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածելը». Ընտրական օրենսգրքի այս դրույթն էլ բացահայտորեն խախտվեց եւ նախագահի թեկնածուներից մեկի քաղաքական գովազդում քարոզչություն կատարեցին օտարերկրյա քաղաքացիներ Անդրանիկ Միհրանյանն ու Արա Աբրահամյանը, որոնք չունեն դրա իրավունքը: Ռուսաստանի այդ քաղաքացիները դեռ ծագումով հայեր են, սակայն նույն թեկնածուի քարոզչությանը լծվեցին նաեւ ռուսներ, որոնց հայտարարությունը հրապարակվեց իշխանամետ մամուլում: Պատասխանատվություն է ենթադրում նաեւ «պետական լրատվամիջոցների կողմից թեկնածուների միջեւ հավասար պայմաններ չապահովելը»: Սրա վերաբերյալ դիտորդներն արդեն հայտնել են իրենց եզրակացությունը, որ նախագահի մի թեկնածուի քարոզչությանը հանրային լրատվամիջոցները հատկացրել են նույնքան ժամանակ, որքան մյուս բոլոր թեկնածուներին՝ միասին վերցրած: Կարելի է, իհարկե, արհամարհել միջազգային դիտորդներին եւ նրանց եզրակացությունները՝ նրանք դիտելու են, հայտնելու իրենց կարծիքը եւ հեռանալու: Բայց որ կարելի է այսքան բացահայտորեն ոտնահարել սեփական օրենքները եւ նման կատաղի քարոզչություն ծավալել հօգուտ մեկ թեկնածուի… Հայաստանի Հանրապետության պատմության մեջ բավական հատուկենտ են նման դեպքերը: «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի 11 հոդվածի համաձայն՝ ընտրությունների ժամանակահատվածում «արգելվում է հեռուստառադիոընկերությունների կողմից հեռարձակել քաղաքական կամ այլ քարոզչական նյութ՝ տեղեկատվական, խմբագրական, փաստավավերագրական, հեղինակային կամ այլ հաղորդումների տեսքով: Նման հաղորդումների սփռումը հեռուստատեսությամբ պետք է ուղեկցվի էկրանի վրա պարտադիր անընդմեջ լուսագրով՝ «քաղաքական գովազդ» կամ նախընտրական քարոզչական հաղորդում»: Իսկ հիմա մտաբերեք՝ արդյոք նման լուսագրեր կայի՞ն, երբ, ասենք, «Արմենիան» ակնհայտ քարոզչական բնույթի զրույցներ էր հեռարձակում մի խումբ գլխավոր բժիշկների կամ գործարարների հետ: Ո՛չ: Եվ սա ընդամենը մի օրինակ է: Օրենքի այդ դրույթը ոտնահարել են նաեւ «Պրոմեթեւսը» եւ անխտիր բոլոր հեռուստաընկերությունները, որոնք մասնակցում էին քարոզարշավին: Իսկ Ազգային հանձնաժողովը նվազագույն տուգանքի արժանացրեց միայն երկուսին՝ առանց լուսագրի քարոզչություն անելու համար: «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 40 հոդվածի համաձայն՝ նվազագույն աշխատավարձի 200-պատիկից մինչեւ 500-պատիկի չափով տուգանք է նախատեսվում նախընտրական քարոզչություն կատարելու սահմանված կարգի խախտումների համար: Գործնականում չի կիրառվել այս դրույթը: Որեւէ պատասխանատվություն չհետեւեց նաեւ Ընտրական օրենսգրքի 18 հոդվածի այն դրույթի խախտման համար, ըստ որի՝ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներին իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս արգելվում է կատարել նախընտրական քարոզչություն: Թեեւ զանազան նախարարներն ու մարզպետները հրապարակավ էին ազդարարում, որ իրենք քարոզչություն են արել հօգուտ մի թեկնածուի: Սրա վերաբերյալ մեկ այլ հոդված էլ կա՝ 22-ը. «Նախընտրական քարոզչության ժամանակ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ծառայողներին եւ աշխատակիցներին, ինչպես նաեւ՝ զանգվածային լրատվության պետական եւ հանրային միջոցների աշխատակիցներին արգելվում է իրենց վերապահված լիազորությունները (իրավունքները) գործադրել թեկնածուների միջեւ անհավասար պայմաններ ստեղծելու, կողմնակալություն ցուցաբերելու միջոցով՝ քաղաքացիների կամքի ազատ արտահայտման վրա ներգործելու նպատակով»: Կամ՝ որեւէ մեկը չպատժվեց, թեեւ մամուլում բազմաթիվ էին տեղեկությունները դրամի, սննդամթերքի, ապրանքների եւ զանազան ծառայությունների՝ մի խոսքով, ընտրակաշառքի վերաբերյալ: Եվ ո՞վ պիտի պատժեր, եթե ըստ նույն Ընտրական օրենսգրքի՝ ընտրական հանձնաժողովները պիտի հսկեն նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանմանը եւ խախտման դեպքում դիմեն իրավասու մարմիններին: Իսկ ովքե՞ր են մեծամասնություն կազմում ընտրական հանձնաժողովներում… Իսկ հօգուտ ո՞ւմ էին կատարվում այս բոլոր խախտումները… Ահա եւ պատասխանը, թե ինչու են անպատիժ մնում օրինախախտումները: Քանի որ օրենքը ոտնահարում են հենց այն ուժերը, որոնք պիտի հետեւեին դրա պահպանմանը: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել