Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ՄՈՌԱՑԻ՛Ր ՀԱՅԱՍՏԱՆԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ»

Փետրվար 19,2003 00:00

«ՄՈՌԱՑԻ՛Ր ՀԱՅԱՍՏԱՆԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ» «27»-ի գործով վկա Տիգրան Նազարյանի երեկվա հեռախոսային ասուլիսից պարզ դարձավ, որ այս խորհուրդն էին նրան տվել ԱԱՆ աշխատակիցները: Հանրային հեռուստաընկերության խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանը, սպանությունից 8 օր առաջ «Առավոտում» հրապարակված հարցազրույցում մեկնաբանելով Տիգրան Նազարյանի հայտարարությանը, թե Հայաստանից մեկնել է, որովհետեւ իրեն այստեղ ճնշել են, ասել էր. «Ճիշտն ասած, ես խիստ կասկածում եմ, որ նրան ինչ-որ մեկն ահաբեկած լինի… Ուզում եմ նրա հոգեվիճակը հասկանալ. մարդն ուզում է ինչ-որ կերպ, թերեւս, արդարացնել ԱՄՆ-ում մնալը: Դա նաեւ, գուցե, հալածյալի կերպար ստեղծելու քայլ էր, որը, երեւի, մտածում էր՝ հիմքեր կտա քաղաքական ապաստան խնդրելու հարցում: Բայց հետո գլխի ընկավ, որ սկսում է ավելի մեծ մասշտաբով առնչվել այնպիսի մի գործի, այն էլ ԱՄՆ-ում, որի արդյունքում ինքը կարող է նաեւ արտաքսման արժանանալ, ու մի քիչ դադարեցրեց այդ ամենը… Եթե մարդկանց հետաքրքրում է, պետք է մեկին գործուղել այնտեղ, առավել եւս, որ, կարծեմ, ասել է՝ պատրաստ է հարցաքննվելու, եւ տեղում, առանց ճնշումներից վախենալու, Տիգրան Նազարյանը թող անուններ տա, ասի՝ ով է ճնշել, մենք էլ իմանանք ու էդ մարդուն ճնշենք»: «Առավոտն» այժմ խնդրեց որոշակի պատասխանել Նաղդալյանի այդ հարցադրմանը՝ ո՞վ է իրեն ճնշել: Տիգրան Նազարյանն ասաց. «Ուղղակի սպառնալիքներ, բնականաբար, չեն եղել: Չէին էլ կարող լինել՝ ես այստեղ էի՝ 12 հազար կիլոմետր հեռու: Բա՛յց: 2000-ի դեկտեմբերից արդեն մամուլում սկսեցին… մասնավորապես «Առավոտում» թղթակցություն կար, որ ես մեկնել եմ գործուղման Միացյալ Նահանգներ, գործով կարեւոր վկա եմ, եւ ինձ ուղարկել են ԱՄՆ: Դա առաջինն էր: Դրան հետեւեցին բազմաթիվ նման բաներ եւ… նույնիսկ փոխվեց, վերածվեց նրան, որ ես փախել եմ, չգիտես ինչ, նման բաներ: Ես շատ զարմանում էի, որ Ազգային հեռուստատեսությունը որեւէ արձագանք դրան չի տալիս, քանի որ, գիտեք՝ ընդհանրապես, եթե Ազգային հեռուստատեսությունը ցանկանում է արձագանքել, ապա դա անում է շատ օպերատիվ եւ արագ»: Պատմեց, թե Հայաստանում իր շուրջ բարձրացած աղմուկից հետո փորձել է խոսել Տիգրան Նաղդալյանի հետ, եւ մի քանի անհաջող փորձերից հետո «ես հեռախոսով կապվեցի այլ մարդկանց հետ եւ հարցրի, թե ինչո՞ւ է այսպիսի աղմուկ՝ գիտեք, որ ոչ մի տեղ չեմ փախել եւ չվերադառնալու ցանկություն չունեմ: Ինձ խորհուրդ տվեցին առաջիկա 10 տարին ընդհանրապես մոռանալ Հայաստանի ճանապարհը»: Սկզբում մեր հարցին, թե ով տվեց այդ խորհուրդը՝ Տիգրան Նազարյանը հրաժարվում էր պատասխանել, նշելով՝ «Եթե ես անուններ տամ, դա ոչինչ չի փոխելու»: Սակայն ավելի ուշ, «ՉԻ» թղթակցի հորդորներից հետո, Տիգրան Նազարյանը նշեց, որ դա եղել է ԱԱՆ 2-րդ գլխավոր վարչության օպեր-լիազոր Վահան Մանուկյանը. «Չվերադառնալու ուղղակի խորհուրդ տվել է միայն ինքը: Իսկ ոչ ուղղակի խորհուրդներ՝ իմ ծնողներին տվել են այլ մարդիկ»: Նազարյանը տվեց եւս մի անուն. «Հայրս հանդիպել էր ԱԱՆ գնդապետ Մելքոնյանին… եւ նա խորհուրդ էր տվել, թե ինչ գործ ունի, ինչ կա այստեղ, ընտանիքով այնտեղ է՝ թող մնա»: «Գուցե ունես «27»-ի վերաբերյալ որեւէ տեղեկություն, որը ցանկալի չէ, որպեսզի հրապարակվի կամ այդ մասին խոսե՞ս այստեղ»,- հետաքրքրվեց «ՆՏ»-ի թղթակիցը: «Ինքս շատ եմ մտածել այդ մասին,- ասաց Տիգրան Նազարյանը:- Վերջիվերջո հանգեցի մի եզրակացության, որ ոչ՝ պատճառն այն չէ, որ ես ինչ-որ բան գիտեմ, եւ դրա համար ինձ հեռացրին, որպեսզի այդ բանը չասեմ: Պատճառն, ըստ իս, այն էր, որ պարզապես աղմուկ լինի, շեղվի ուղղությունը»: Նաեւ ասաց. «Մոտավորապես գլխի եմ ընկնում, թե ում կողմից էր դա ծրագրված: Բայց չեմ ուզում անուններ տալ»: Հաստատեց լրագրողի այն ենթադրությունը, թե իրեն ԱՄՆ գործուղելը հենց այդ նպատակն էր հետապնդում. «Նաղդալյանի նախաձեռնությունը չի եղել այս ամենը, դա եղել է իր լուռ համաձայնությամբ»: «ՉԻ» թղթակիցը հիշատակեց ԱԱՆ ահաբեկչության դեմ պայքարի վարչության պետի ցուցմունքը, թե իր գործառույթը 27-ին փոխնախարար Գոռ Հակոբյանի ցուցումով Տիգրան Նազարյանին եւ Նաիրի Հունանյանի հորն ԱԺ ուղեկցելն էր: «Ո՞վ էիք Դուք ԱԱՆ-ի եւ Նաիրի Հունանյանի համար, որ այդ ճակատագրական պահին Ձեզ վստահվեց բանակցություններ վարելու գործը» հարցադրումներին ի պատասխան Տիգրան Նազարյանն առաջարկում էր նման հարցերն ուղղել Գոռ Հակոբյանին: Սակայն եւս մեկ անգամ պատմեց, թե ինչպես է բանակցություններին որպես միջնորդ ներգրավվել ԱԱՆ խնդրանքով: «ՀԺ»-ի թղթակիցը հիշեցրեց փաստաբան Օլեգ Յունոշեւի պնդումը, թե դատարանում չհարցաքննված կարեւոր վկաների անվտանգությունն ապահովված չէ եւ, որքան ավելի արագ ներկայանան՝ այնքան ավելանում են նրանց կենդանի մնալու երաշխիքները: Տիգրան Նազարյանն ի պատասխան ասաց, թե շատ է ցանկանում վերադառնալ. «Բոլոր փորձերն արել եմ վերադառնալու համար՝ արձագանք չեմ ստացել»: Իսկ այժմ վերադառնալու մասին հարցին պատասխանեց՝ «Ոչ հիմա: Ես պատասխանատվություն ունեմ իմ ընտանիքի, երեխաների առջեւ», ու հարցրեց. «Որեւէ մեկը ձեզնից իր անվտանգության համար որեւէ երաշխիք ունի՞, ապահո՞վ է… Ի վերջո, Տիգրան Նաղդալյանը վերջին մարդը չէր հանրապետությունում»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել