Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Թեքահարթակներ՝ Երեւանի փողոցներում

Փետրվար 18,2003 00:00

Թեքահարթակներ՝ Երեւանի փողոցներում «Ես դժվար եմ անցնում փողոցի բարձր բորդյուրների վրայով: Ամեն անգամ մենակ քայլելիս փորձում եմ գտնել հարմար տեղ, որպեսզի հաղթահարեմ դժվարությունը: Հատկապես նեղվում եմ աստիճաններից, որոնց կողքին չկան թեքահարթակներ»,- ասում է «Փյունիկ» հաշմանդամների միության անդամ Արուսյակը: «Լինսի» շինարարություն իրականացնող գործակալության տվյալների համաձայն` Երեւանի կենտրոնական` Աբովյան, Մաշտոցի, Բաղրամյան, Վ. Սարգսյան, Նալբանդյան, Խանջյան եւ Կորյունի փողոցներում հաշմանդամների սայլակների համար կառուցվել է 237 թեքահարթակ: Սակայն դրանք, ինչպես նշում են հաշմանդամները, անհարմար են, քանի որ անմիջապես չեն միանում գետնին. գետնի եւ թեքահարթակի միջեւ մնում է մոտ 5 սմ բարձրություն: «Սայլակով տեղաշարժվողը մոտենալով մայթին, չպետք է սպասի մինչեւ որեւէ մեկը օգնի նրան բարձրացնել սայլակ»,- ասում է Սոցիալական ապահովության նախարարության հաշմանդամների եւ տարեցների հիմնահարցերի վարչության պետ Ջեմմա Բաղդասարյանը: «Իհարկե, այս փոփոխությունները միանգամից դժվար է իրականացնել, որովհետեւ դրանք ենթադրում են մեծ ծախսեր: Պետք է հատուկ մոտեցում ցուցաբերվի նաեւ հասարակական օբյեկտներին, բնակելի շենքերին` մարդիկ փողոց հասնելուց առաջ պետք է կարողանան նախ իջնել իրենց բնակարաններից»,- ասում է «Աստղիկ» հասարակական կազմակերպության նախագահ Լեւոն Ներսիսյանը: Երեւանի երկրորդական փողոցներում թեքահարթակներ չեն նախատեսված: Սայլակով տեղաշարժվող մարդը չի կարող մտնել խանութ կամ գնալ թատրոն: Ըստ էության չկա օրենք, որը պարտավորեցնի խանութների սեփականատերերին մուտքի մոտ` աստիճանների կողքին, կառուցել նաեւ թեք հարթություն: Նախատեսվում է փոփոխություններ մտցնել Քաղաքաշինության մասին օրենքում՝ հաշմանդամների տեղաշարժման խնդիրը կարգավորելու համար: Օրենքի նախագծով նոր կառուցվող շենքերում եւ այլ կառույցներում մուտքերի մոտ նախատեսվում են կառուցել թեքահարթակներ: «Առաջին հերթին հասարակությունը պետք է ըմբռնի խնդրի կարեւորությունը: Վերջիվերջո այստեղ շոշափվում են մարդու իրավունքները: Եթե ասում ենք հաշմանդամները ունեն նույն իրավունքները, ուրեմն պետք է օգտվեն բոլոր հնարավորություններից»,- ասում է Լեւոն Ներսիսյանը: ԼԵՆԱ ՆԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել