Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՄԻՆՉԵՎ Ե՞ՐԲ ՊԻՏԻ ՋՈՒՐԸ ՊՂՏՈՐՎԻ

Փետրվար 18,2003 00:00

ՄԻՆՉԵՎ Ե՞ՐԲ ՊԻՏԻ ՋՈՒՐԸ ՊՂՏՈՐՎԻ Ասես տխուր ավանդույթ է դարձել, որ ամեն տարի Հայաստանում ֆուտբոլային մրցաշրջանն սկսվելուց առաջ, դրա ընթացքում կամ ավարտին անպայման պետք է տհաճ ու անցանկալի իրադարձություններ տեղի ունենան, որոնք վերածվում են սկանդալի, իսկ հետո դրանք հարթելու համար հսկայական լրացուցիչ ջանքեր, ժամանակի վատնում ու նյարդերի քայքայում են պահանջում։ Ու ամենավատն այն է, որ այդ ամենի կենտրոնում լինում են նույն ակումբները, նույն մարդիկ, որոնք իրենց համարելով «սկզբունքային ընդդիմություն», ոչ մի բանի հավան չեն։ Նրանց արածն ավելի շատ կամակորություն է, որն ըստ էության, եթե մեղմ ասելու լինենք, չեն նպաստում ֆուտբոլի բնականոն զարգացմանը երկրի ներսում, երկրի ֆուտբոլային հեղինակության բարձրացմանը՝ նրա սահմաններից դուրս։ Տվյալ դեպքում խոսքը վերաբերում է մեր ամենահեղինակավոր ու ամենասիրված ակումբի՝ «Արարատի» ներկայիս ղեկավարությանը, որի վարքագիծը վերջին տարիներին պարբերաբար լուրջ պրոբլեմներ է առաջացնում ֆուտբոլի ֆեդերացիայի համար։ Ակումբի շվեյցարաբնակ տերերը եւ տեղացի գործիչները ոչ մի կերպ չեն համակերպվում ընդհանուր կարգուկանոնին ու ասես մշտապես ֆեդերացիայի հետ գտնվում են «սառը պատերազմի» մեջ։ Օրինակ, վերջերս նրանք արգելեցին իրենց հինգ ֆուտբոլիստների մասնակցությունը Հայաստանի ազգային եւ օլիմպիական հավաքականների կազմում Իսրայելի ընտրանիների հետ խաղին՝ պատճառաբանելով, որ այդ տարածաշրջանում ռազմա-քաղաքական լարված իրադրության պատճառով մտահոգված են իրենց ֆուտբոլիստների անվտանգության հարցով։ Մենք այս մասին արդեն գրել ենք ու հիմա էլ կրկնում ենք. եթե պատճառն, իրոք, դա էր, ապա կարելի էր ժամանակին տեղյակ պահել հավաքականների մարզչին, ֆեդերացիային, որոնք, գուցե, կհրավիրեին այլ ֆուտբոլիստների։ Բայց որ մերժումը ներկայացրել են վերջին պահին, ինչպես տեղեկացրին ֆեդերացիայի լրատվական բաժնից, փետրվարի 7-ին թվագրված նամակով, կամա թե ակամա ստացվում է, որ գործել է «ոչ մենք, ոչ էլ մյուսները» սկզբունքը։ Այստեղ կա նաեւ մեկ այլ նրբություն, որն արժե չանտեսել։ Այո, հարավային տարածաշրջանում իրավիճակը բարդ է։ Բայց չէ՞ որ իսրայելական կողմը երաշխավորել էր մեր պատվիրակության անվտանգությունը։ Բացի դա, հաստատ ֆեդերացիան ստացել էր նաեւ մեր ԱԳՆ-ի համաձայնությունը։ Այնպես որ, ֆուտբոլիստների անվտանգությունն ապահովված էր առավելագույն չափով։ Եվ վերջինը։ Կարո՞ղ ենք, արդյոք, ասել, թե մեր մյուս ակումբների ղեկավարներին չի մտահոգում իրենց ֆուտբոլիստների կյանքի անվտանգությունը։ Էլ չենք խոսում այն լեգեոներականների մասին, որոնց արտասահմանյան ակումբները նույնպես թույլատրեցին գալ ու պաշտպանել Հայաստանի ֆուտբոլային դրոշի պատիվը։ Եվ չմոռանանք նաեւ, որ բացի Հայաստանից, ուրիշ երկրների թիմեր էլ են մեկնում Իսրայել։ Այս ամենի արդյունքում անցած ուրբաթ օրը ՀՖՖ կարգապահական կոմիտեն հարկադրված եղավ քննարկման նյութ դարձնել «Արարատ» ակումբի հարցը եւ արդեն երեք տարի գործող կանոնակարգի (դրան «Արարատն» անշուշտ ծանոթ էր) համաձայն որոշեց վերջինիս վտարել դեռ չմեկնարկած առաջնությունից։ Ճիշտ է, կոմիտեի այս որոշումը դեռ պետք է հաստատվի գործկոմի նիստում։ «Արարատի» նկատմամբ կիրառված պատժամիջոցի մասին զրուցեցինք ՀՖՖ մարզական բաժնի պետի պաշտոնակատար Ռոբերտ Դալլաքյանի հետ. – «Արարատի» թույլ տված խախտումը կոպիտ է ու անհանդուրժելի,- ասաց նա։- Բայց կա նաեւ այդպիսի վճիռ կայացնելու երկրորդ պատճառը, որն ավելի հին պատմություն ունի։ Այդ ակումբի տերերը չեն ուզում կատարել ՀՖՖ որոշումը, որով պարոն Արկադի Անդրեասյանը ճանաչվել է հայկական ֆուտբոլում անցանկալի անձ։ Խոսքն, իհարկե, այսօրվա մասին է։ – Բայց Անդրեասյանը հայկական ֆուտբոլում հսկայական ծառայություններ ունի… – Այո, որպես ֆուտբոլիստ նա հայկական ֆուտբոլի պարծանքներից է եղել։ Այս տարի տոնելու ենք «Արարատ 73»-ի 30-ամյակը, որտեղ ինքը վառ դրսեւորումներից մեկն է եղել։ Բայց հիմա մենք ապրում ենք այսօրվա խնդիրներով։ Ցավոք, Անդրեասյանի այսօրվա վարքն ու պահելաձեւն է ստիպել, որպեսզի ֆեդերացիան ընդունի այդպիսի որոշում։ – Եթե գործկոմը հաստատի կարգապահական կոմիտեի որոշումը, դրանից հետո մեր մյուս ակումբները կարո՞ղ են «Արարատի» հետ ոչ պաշտոնական, ընկերական խաղեր անցկացնել։ – Ոչ։ Առաջնությունից հանվում է ակումբն ամբողջությամբ։ Եվ դա վերաբերում է ոչ միայն բարձրագույն խմբին, այլեւ առաջին խմբում հայտավորված «Արարատ-2»-ին։ Այսինքն, այն ռեզերվացվում է։ Ըստ գործող կարգի, որակազրկված ակումբի թիմերի հետ խաղեր, հանդիպումներ կարող են անցկացնել միայն այն թիմերը, որոնք ՀՖՖ համակարգի մեջ չեն։ Իսկ այսօր ես այդպիսի թիմ չգիտեմ։ Ասեմ նաեւ, որ «Արարատը», այս ամենով հանդերձ, մնում է համակարգում, բայց որակազրկվածի կարգավիճակով։ – Եթե գործկոմը հաստատի կոմիտեի որոշումը, ի՞նչ ճակատագիր կսպասվի ֆուտբոլիստներին, որոնք այս ամենի համար մեղք չունեն։ – Կարգավիճակային կոմիտեն առաջարկել է, որպեսզի քննարկվի եւ հավաքականների թեկնածու 5 ֆուտբոլիստներին տրվի ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ, որպեսզի նրանք կարողանան մարզվել այլ ակումբներում ու նոր պայմանագրեր կնքեն, իսկ մյուսները, որոնք արդեն իսկ պայմանագրով կապված են ակումբի հետ, պետք է շարունակեն կատարել պայմանագրով ստանձնած իրենց պարտականությունների կատարումը։ – Բայց եթե թիմը դուրս մնա առաջնությունից, դա անիմաստ զբաղմունք կլինի։ – Եթե որեւէ ֆուտբոլիստ պաշտոնապես դիմի ֆեդերացիա՝ իրեն նույնպես ազատ կարգավիճակ շնորհելու խնդրանքով, դա եւս լուրջ կքննարկվի եւ կկայացվի համապատասխան որոշում։ – Եթե «Արարատը» պաշտոնապես որակազրկվի, ուրեմն խաղացանկում էլ փոփոխություններ պետք է կատարվեն։ Բարձրագույն խմբում կմնա 9 թի՞մ, թե՞ խումբը կհամալրվի առաջին խմբից հրավիրված նոր թիմով։ – Ժամանակից առաջ չանցնենք։ Բայց քանի որ հարցը տվեցիք, ասեմ հնարավոր տարբերակների մասին։ Դրանցից մեկը բարձրագույն խմբի առաջնությունը 9 թիմով անցկացնելն է։ Խաղացանկը (10 թիմի մասնակցությամբ) արդեն պատրաստ է։ Մնում է այն գործկոմով հաստատելը։ Եթե մնա 9 թիմ, ապա փոփոխություններ կատարելը ընդամենը տեխնիկական խնդիր է, որը կլուծվի շատ արագ։ Երկրորդ տարբերակը առաջին խմբից նոր թիմ ընդգրկելն է։ Եթե դա անցնի, խաղացանկը կմնա նույնը եւ կփոխվի միայն թիմի անունը։ – Իսկ եթե այդ պոտենցիալ կոլեկտիվը ի վիճակի չլինի վճարել բարձրագույն խմբի առաջնությանը մասնակցելու համար սահմանված մուտքագումա՞րը… – Ցանկացած պարագայում ֆեդերացիան ունի հարցի լուծման ամենաճիշտ տարբերակը։ Տեսեք, «Արմավիրը», ըստ կարգի, այս տարի մտավ բարձրագույն խումբ։ Ակումբը չկարողացավ կատարել իր պարտավորությունը՝ մուծել անդամավճարը։ Նրան փոխարինեց պաշտոնապես ֆեդերացիային դիմած «Արաքսը», որը առաջին խմբում գրավել էր 2-րդ տեղը։ Պաշտոնական աղյուսակով հաջորդը երրորդ տեղը գրաված «Կիլիկիան» է։ Եթե այդ ակումբը դիմի ու հավաստի իր պատրաստակամությունը օրենքի բոլոր տառերով փոխարինել «Արարատին», ապա հնարավոր է՝ ֆեդերացիան կարող է ընդառաջ գնալ։ Բայց եկեք սպասենք իրադարձությունների զարգացմանը։ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ Հ. Գ. Ստեղծված իրավիճակը, համոզված ենք, ձեռնտու չէ նախեւառաջ ՀՖՖ-ին։ Բայց արված ու արվելիք քայլերը պարզապես հարկադրական են, որքան էլ ցավալի լինեն։ Բայց մի բան է մտահոգողը. եթե, ասենք, նախկինում ակումբների ձեռնարկած քայլերը հարկադրական էին, այսինքն, ինչպես այն ժամանակ իրենք էին հիմնավորում, հետապնդում էին մեկ գլխավոր նպատակ՝ արդար մրցակցություն, արդար մրցավարություն՝ անկախ ֆեդերացիայի նախկին ղեկավարության հետապնդած թաքնված նպատակներից, ու արված քայլերը, որքան էլ տողերիս հեղինակը ժամանակին քննադատել է՝ ուղեցույց ունենալով մարզաձեւի շահերը, այլ ոչ թե նեղ անձնական հարաբերությունները, հիմա միանգամայն ու բացարձակապես մերժելի են (գոնե առայսօր), քանի որ միանշանակ իրավիճակը արմատապես փոխվել է ու ՀՖՖ այսօրվա ղեկավարությունը ի դեմս Ռուբեն Հայրապետյանի, անում է հնարավոր ամեն բան Հայաստանում ֆուտբոլը պահպանելու ու զարգացնելու համար։ Ու դա չտեսնելն ու չընդունելը պարզապես ճիշտ չէ։ Սա ասում եմ առանց որեւէ հեռահար կամ հետին մտքի ու ստորագրում եմ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել