Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՏԵՐՈՎԻՆ ՏԵՐՆ Է ՏԱՐԵԼ, ԱՆՏԵՐԻՆ՝ ԳԱՅԼՆ Է ԿԵՐԵԼ

Փետրվար 18,2003 00:00

ՏԵՐՈՎԻՆ ՏԵՐՆ Է ՏԱՐԵԼ, ԱՆՏԵՐԻՆ՝ ԳԱՅԼՆ Է ԿԵՐԵԼ Կամ «Բանակում պետք է ծառայեն միայն առողջները» Պաշտպանության նախարար Ս. Սարգսյանի հայտնի լոզունգը լոկ լոզունգ է։ Խմբագրությանն է դիմել Շիրակի մարզի Լեռնագյուղի բնակիչ, 2-րդ համաշխարհայինի մասնակից, 2-րդ խմբի հաշմանդամ, 79-ամյա Մնացական պապը։ – Ապրում եմ միակողմանի ծնողազուրկ թոռանս եւ զառամյալ կնոջս (75 տարեկան) հետ։ Մեր տան ողջ գործը 18-ը նոր բոլորած, երկրաշարժը վերապրած թոռանս ուսերին էր։ Չնայած նրա լուրջ հիվանդությանը (տեսողությունը՝ -5,5, -6), մի քանի անգամ տանել-բերելուց հետո, մի ամիս է, ինչ զորակոչել են բանակ։ Տարան, որովհետեւ մենք չէինք կարող վճարել պահանջված գումարը։ Նոյեմբերի կեսերին ուղարկել էին Մալայանի անվան բժշկական կենտրոն։ Այնտեղ գրեցին, որ ծառայության պիտանի է։ Երեխային Գյումրիի զինկոմը հավաքագրեց, բայց Երեւանի կենտրոնական զինվորական հավաքակայանում երեխային բժշկական զննումից հետո կրկին հետ ուղարկեցին (անպիտանիության պատճառով)։ Դրանից 10 օր հետո մի խումբ զինակոչիկների հետ Գյումրիից տեղափոխում են Նոր Նորքի զինկոմիսարիատ ու միայն իրեն են ծանուցագիր տալիս եւ տանում, մյուսներն ազատվում են։ Այսքան էլ անարդարությո՞ւն, չէ՞ որ թոռս լուրջ հիվանդ է։ Ունենք նաեւ Երեւանի 8-րդ հիվանդանոցի ակնաբուժական կլինիկայի տեղեկանքն այն մասին, որ երեխան զինծառայության համար «պիտանի» չէ։ Ես գիտեմ՝ կարող էի երեխային որդեգրել եւ որպես խնամակալ նա կազատվեր բանակից, բայց կարծում էի, թե արդարություն կա,- գրում է նամակագիրը։ Այսինքն, ոչ միայն հիվանդ երեխան է զորակոչվում, այլեւ տարեցները զրկվում են խնամքից։ Գ. ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել