Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Երեւանցիները չեն համախմբվում

Փետրվար 18,2003 00:00

Երեւանցիները չեն համախմբվում «Կյանքը կարճատեւ է, արվեստը՝ հավերժական» կարգախոսը մեզանում գործել է գրեթե միշտ, սակայն 90-ականներին հայ արվեստի ու արվեստագետների մասին ոչ ոք չէր հիշում։ 1997-ին արվեստագետների «մեռած կյանքը» վերակենդանացնելու, ինչ-որ չափով էլ երեւանցիներին օգնելու նպատակով ստեղծվեց «Երեւանցիների համաշխարհային ակումբը», որի հետ այսօր համագործակցում են ինչպես հին, այնպես էլ նոր երեւանցիները, սակայն ակումբի պաշտոնապես գրանցված անդամների թիվը վաթսունն է, որոնցից յուրաքանչյուրը ամսական վճարում է 1000 դրամ անդամավճար։ Ակումբի նախագահ Նատալյա Մկրտչյանն ասաց, որ «իրենց ակումբի անդամ են մի շարք անվանի արվեստագետներ, գիտության ներկայացուցիչներ»։ Տիկին Մկրտչյանը չմոռացավ ավելացնել, որ «իրենք բավականին շատ գործ են արել» եւ որ «իրենց բազմիցս աջակցել է «Ամքոր» ամերիկյան կազմակերպությունը»։ Իսկ այդ «շատ գործերի» ցանկում ընդգրկված են մի շարք մշակութային միջոցառումներ՝ հայտնի ու անհայտ երգիչ-երգչուհիների մասնակցությամբ, որոնցից շատերն, ըստ Ն. Մկրտչյանի, «այսօր երգում են բարերում եւ հրաժարվում են մասնակցել ակումբի կազմակերպած համերգներին, քանզի գումար չեն վաստակելու»։ Ակումբի մշակութային գործունեությունը միայն համերգներով չի եզրափակվել, մշտապես կազմակերպվել են հայտնի ու անհայտ նկարիչների ցուցահանդեսներ, որոնցից առանձնացնենք Ռուսաստանում հայտնի, բայց մեզանում անհայտ հայր եւ որդի Բեռնեցյանների կտավների ցուցահանդեսը։ Չեն մոռացվել նաեւ հայազգի մեծերը. ըստ Ն. Մկրտչյանի, «2000-ին, երբ կառավարությունը մոռացել էր, իրենք հիշել ու նշել են Կոմիտասի 130-ամյակը, իսկ 2001-ին՝ կազմակերպել կոմպոզիտոր Էդուարդ Միրզոյանի մեծարման երեկոն»։ Ակումբի նախագահը հավատացնում է, որ «1998-ին իրենք են բարձրացրել Քուռի եւ Արաքսի աղտոտման հարցը, որով հետագայում սկսեց զբաղվել ՀՀ կառավարությունը»։ Միջոցառումների շարքը հետագայում համալրվեց «Երեւանը երեւանցիների աչքերով», «Մոլորակը մեր տունն է, Հայաստանը մեր հարազատ տունն է» միջոցառումներով։ «Երեւանցիների համաշխարհային ակումբի» հետ կապերը չեն խզում աշխարհի տարբեր երկրներում բնակվող երեւանցիները, ակումբն էլ իր հերթին ցանկացել է օգնել արտերկրում, մասնավորապես Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցներին, սակայն ոչինչ չի ստացվում, քանզի ՌԴ-ի քաղաքների հայ համայնքների ղեկավարները, մեղմ ասած, «գլուխ չեն դնում»։ Օրինակ, Կրասնոդարի երկրամասի Սոչիի հայ համայնքի ղեկավարին երբ հանդիպել է ակումբի նախագահ Ն. Մկրտչյանը եւ հայտնել, որ ցանկանում է օգնել, համայնքի ղեկավարը միանշանակորեն պնդել է. «Եթե ուզում եք օգնել՝ փող ուղարկեք»։ Մինչդեռ տիկին Նատալյան ասում է, որ «իրենք ցանկանում են օգնել հայկական դպրոցներին՝ հայկական դասագրքերով, կազմակերպել հայ մշակույթի երեկոներ ՌԴ-ի հայաշատ քաղաքներում»։ Ասում է, հետո ավելացնում, որ «մեր եւ այնտեղ բնակվող հայերի միջեւ արդեն հսկայական տարբերություն կա՝ թե՛ մտածելակերպի, թե՛ մակարդակի առումով։ Ուստի նրանց այնքան էլ չի հետաքրքրի հայկական ազգային երգը, քանզի ինձ տեղեկացնում են, որ այնտեղ հաճախ կազմակերպվում են հայ մշակույթի օրեր՝ մի քանի անտաղանդ երգիչ-երգչուհիների մասնակցությամբ, որոնք երգում են տարբեր լեզուներով, բացի հայերենից։ Այսինքն, արտերկրի մեր հայրենակիցները նմանատիպ համերգներից հետո կդադարեն հետաքրքրվել հայկական մշակույթով»։ Ինչեւէ, իսկ իրենց ակումբն էլ չի կարելի համեմատել աշխարհի տարբեր երկրներում գործող նմանատիպ ակումբների հետ, քանզի տարբեր ազգերի ներկայացուցիչներ են, տարբեր հնարավորությունների տեր մարդիկ։ «Երեւանցիների համաշխարհային ակումբն», օրինակ, գրասենյակ էլ չունի, ըստ նախագահ Նատալյա Մկրտչյանի՝ «իրենց գրասենյակն իր տունն է», բայց դա չի խանգարում, որ իրենք մշտապես հավաքվեն որեւէ տեղ եւ նշեն բոլոր տոները, լինի դա փետրվարի 23, մարտի 8, թե մայիսի 28։ Իսկ մեր համաքաղաքացիներից շատերն էլ չգիտեն, որ մեր քաղաքում գործում է երեւանցիների ակումբ, նույնիսկ՝ «Երեւանցիների համաշխարհային ակումբ», որը անվանն այնքան էլ համահունչ չէ. չի կազմակերպում այնպիսի մի միջոցառում, որը գեթ մեկ անգամ կհամախմբի աշխարհով մեկ սփռված մեր համաքաղաքացիներին։ ՆԻԿՈԼԱՅ ՄԵԼԻՔՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել