Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԻՆՔՆԱԳՈՀԱՑՈՒՄԸ ԱՐՎԵՍՏԻ ԹՇՆԱՄԻՆ Է

Փետրվար 18,2003 00:00

ԻՆՔՆԱԳՈՀԱՑՈՒՄԸ ԱՐՎԵՍՏԻ ԹՇՆԱՄԻՆ Է «Բեմում չեմ երեւում, բայց տանն էլ նստած չեմ»,- կեսկատակ-կեսլուրջ ասում է Ազգային օպերային թատրոնի մեներգչուհի, միջազգային մրցույթի դափնեկիր Գայանե Գրիգորյանը։ Երեւանի օպերային թատրոնի բեմում իր քիչ երեւալը երգչուհին բացատրում է, կամ, ավելի ճիշտ, արդարացնում կոլորատուրային սոպրանոյի համար համապատասխան դերերգերի բացակայությամբ։ 91 թվականից օպերային թատրոնի մեներգչուհին հանդես է եկել ընդամենը Դոնիցետտիի «Պողիկտոսում»՝ Պաոլինայի, Մոցարտի «Առեւանգում հարեմից»՝ Կոստանցայի, «Կախարդական սրինգում»՝ գիշերային թագուհու (համերգային կատարումներ) եւ Անուշի դերերգերով՝ Տիգրանյանի համանուն օպերայում։ Վերցնենք Անուշի դերերգը։ Թեպետ այն գրված է սոպրանոյի միջին ռեգիստրի համար, առանց կոլորատուրային բարդույթների, սակայն ոչինչ չխանգարեց երգչուհուն փայլել արտահայտիչ կանտիլենայով։ Բարձր ռեգիստրի իր ձայնական ճկունության, տեխնիկական հմտության հետ միասին տարիների ընթացքում (նշենք, որ նա Երեւանի կոնսերվատորիայում անցել է Գոհար Գասպարյանի վոկալ դպրոցով) երգչուհին զարգացրել է նաեւ իր դիապազոնի միջին ձայնաշարը, հետզհետե վարժվելով եւ խորանալով լիրիկական բնույթի բազմազան երկերի կատարման մեջ։ Սա էլ նշենք, որ մեր կոմպոզիտորները դեռեւս չեն ստեղծել կոլորատուրային սոպրանոյի համար այնպիսի ցայտուն ու մնայուն գործեր, որ կարող լինեին զարդարելու հազվադեպ հանդիպող այս ձայնի տեր երգչուհիների երգացանկը։ Երգչուհուց առաջինը տեղեկացանք, որ մեր օպերային թատրոնը ձեռնամուխ է եղել համաշխարհային օպերային գրականության գլուխգործոցներից մեկի՝ Դոնիցետտիի «Լուչիա դե Լամերմուր» օպերայի բեմադրման նախապատրաստական աշխատանքներին։ Երգչուհու խոսքերով. «Ուրախ եմ, որ «Նորմայից» հետո եւս մի աշխարհահռչակ գործ է բեմադրվելու եւ հուսով եմ՝ այս անգամ ինձ կվստահեն իմ ձայնային տվյալներին հատուկ՝ Լուչիայի դերերգը»։ Գայանե Գրիգորյանը իր՝ որպես օպերային երգչուհու առաջին պրոֆեսիոնալ քայլերը սկսել է դեռ ուսանողական տարիներից՝ օպերային ստուդիայում եւ առաջին մեծ հաջողության հասել Իտալիայի Վերչելի քաղաքում Վիոտտիի անվան վոկալիստների միջազգային մրցույթում՝ արժանանալով երկրորդ մրցանակի։ Այս առիթով երգչուհին ընկավ հիշողությունների գիրկը. «Իտալիաներում հենց այնպես չես դառնա դափնեկիր։ Ճիշտ է, արժանացա երկրորդ մրցանակի, բայց ասեմ, որ առաջինը չշնորհվեց եւ ոչ մի կատարողի։ Շեշտեմ, որ ժյուրիի կազմում էր աշխարհահռչակ երգչուհի Ջոան Սազրլենդը։ Բախտ վիճակվեց երգելու Լա Սկալա օպերային թատրոնի նվագախմբի ընկերակցությամբ, մաեստրո Ալբերտո Ձետայի ղեկավարությամբ։ Թեհրանում առաջին կին երգչուհին էի, որին փաստորեն թույլատրվեց բեմ բարձրանալ՝ կատարելով գլխավոր դերերգ։ Դա Լ. Ճգնավորյանի «Ռուստամ եւ Զոհրապ» օպերայում Թեհմինեի դերերգն էր։ Հանդես եմ եկել, օրինակ՝ Կառլ Օրֆի «Կարմինա Բուրանա» մեծածավալ երկում սոլո պարտիայով՝ մեր ֆիլհարմոնիկի հետ եւ այլն»։ Երգչուհու «եւ այլն-երը» շարունակենք մենք։ Անցյալ տարի, ՀՊԿՆ-ի հետ, երկարատեւ ընդմիջումից հետո երկու համերգով, հրավիրված կատարողների թվում էր եւ Գայանե Գրիգորյանը։ Ըստ երեւույթին, Արամ Ղարաբեկյանը մտապահել էր երգչուհու կոլորատուրան, նուրբ ճաշակի ու չափի իրական զգացման նրա օժտվածությունը։ Հավանաբար «ապրելով» դեռ այդ երկու երեկոներով, երգչուհին քննադատաբար դիմեց մեզ, ասելով. «Եթե նույնիսկ անդրադառնում եք այս կամ այն խոշոր արվեստագետին, խոսքս Արամ Ղարաբեկյանի մասին է, չժխտելով նրա դիրիժորի արժեքը, ապա ոչինչ չեք ասում Ղարաբեկյան-մարդու մասին, որի նշանակությունն արվեստի համար ոչ պակաս, գուցե եւ ավելի կարեւոր է։ Մթնոլորտը, որ տիրում է այդ նվագախմբում, չկարծեք շաբլոն բառ եմ ասում, իրոք՝ ստեղծագործական է։ Կարծում եմ, կշարունակվի իմ եւ կամերային նվագախմբի համագործակցությունը»։ Այս պահին կարելի է ասել, որ երգչուհի Գայանե Գրիգորյանը «եւ կա, եւ չկա», բայց մի ասպարեզում «անխափան է գործում»։ Արդեն տարիներ շարունակ Երեւանի կոնսերվատորիայում նրան վստահված է վոկալի դասարան։ Իր խոսքերով. «Երգիչը պետք է շատ երգի, եւ դա անընդհատ աճող արտիստուհու կենսական պահանջ է։ Այս միտքը ներարկել եմ ուսանողներիս ու նաեւ ասել, որ միշտ հիշեն՝ ինքնագոհացումը (այս հիվանդությամբ կան տառապող երգիչներ), անտարբերությունը արվեստի ոխերիմ թշնամիներն են»։ Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել