Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Իրենք ԲՏՌ-ի մեջ չեն»

Փետրվար 18,2003 00:00

«Իրենք ԲՏՌ-ի մեջ չեն» «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի 95-րդ խցում է գտնվում «Դրո» գործով մահապատժի դատապարտված Արմենակ Մնջոյանը։ Երեկ մենք այցելեցինք Մնջոյանին։ Նա ասաց մեզ, որ ընտրություններից հետո (որպեսզի քաղաքական շահարկումներից զերծ լինի) ինքը դիմելու է հացադուլի։ Նա պահանջում է, որ իր գործն ուղարկվի հետաքննության։ Դատապարտվածը գտնում էր նաեւ, որ, ըստ էության, քրեական հանցագործություն չի կատարվել եւ սպանությունները (Գագիկ Սահակյան, Աշոտ Ներսիսյան եւ նրա կնոջ) չեն համապատասխանում ձեռք բերված ապացույցներին։ Ա. Մնջոյանը հայտնեց, որ հանդես է գալու հայտարարությամբ եւ պահանջելու է գլխավոր դատախազից անվավեր ճանաչել 1996թ. դատավճիռը։ Նա պահանջում է նաեւ բանտերից ազատ արձակել «Դրոյի» գործով մյուս բռնադատվածներին (Կոշի գաղութում են գտնվում Արմեն Գրիգորյանն ու Արմեն Զաքարյանը)։ Գլխավոր դատախազից նա պահանջելու է նաեւ քրեական գործ հարուցել ազատազրկման վայրում անհասկանալի հանգամանքներում սպանված (կամ մահացած) Արտավազդ Մանուկյանի գործով։ Մեր այն հարցին, որ դուք ձեր բազմաթիվ հրապարակումներում չեք ընդունել հացադուլը իբրեւ քաղաքական պայքարի ձեւ, նա պատասխանեց, որ այն այս փուլում ընդունելու է որպես միջոց։ Ի դեպ, խցում, որտեղ Ա. Մնջոյանն է, գտնվում է նաեւ Ռոբերտ անունով մի երիտասարդ։ Մինչ այդ «Դրոյի» գործով մեկ այլ դատապարտյալ՝ Արսեն Արծրունին էր։ Նա տեղափոխվել է այլ խուց։ Ընդհանուր առմամբ, Հայաստանում մահապատժի են դատապատված 42-ը, 1991-ից այստեղ գրանցվել է 11 մահ։ Մեր այն հարցին, թե այդ 8 տարիների ընթացքում որեւէ մեկը մտավորականներից (դաշնակցական) այցելե՞լ է մահապատժի խուց, ներման, զղջման, ափսոսանքի որեւէ զգացում արտահայտե՞լ է դատապարտյալների նկատմամբ, Ա. Մնջոյանը պատասխանեց, որ մինչեւ հիմա որեւէ մեկը իրենց չի այցելել։ Մենք ընդամենը դիտելով խուցը, նկատեցինք, որ Ազատագրված տարածքների նախաձեռնություն խմբի կողմից Ա. Մնջոյանին ուղարկվել է առողջության պահպանման հետ կապված մի շարք տեսական կանոններ (ինչ ուտել եւ ինչպես)։ Մահապատժի խուցը բավականին փոխվել էր (մենք 2 տարի առաջ էինք այցելել այնտեղ)։ Հիշում եմ Ա. Մնջոյանի մի տողը, որն այդ կապակցությամբ ասել էր՝ «ոնց որ ԲՏՌ-ի մեջ լինենք»։ Հիմա նրանք ԲՏՌ-ի մեջ չեն, վերականգնվել են զբոսանքները, շաբաթական նրանց է հասցվում 50 կգ հանձնուք։ Ասեմ, որ կար հեռուստացույց եւ ռադիո, եւ խուցը բավականին ջերմ ու հյուրընկալ էր։ Մնջոյանը տեղեկացրեց, որ օրեր առաջ իրեն են այցելել Եվրախորհրդի մարդու իրավունքների պաշտպանության կոմիտեից. «Նրանք ընդամենը ատլանտիզմի կամակատարներն են այստեղ։ Լ. Տեր-Պետրոսյանի ժամանակ եթե մենք քաղբանտարկյալներ էինք, Քոչարյանի ժամանակ՝ քրեական հանցագործներ»։ Ա. Մնջոյանը գտնում էր, որ մեր մամուլում առաջ քաշված երեւույթները շատ ավելի լայն արձագանք ունեն, իսկ այն, ինչ կատարվում է մամուլից դուրս, քաղաքական որոշակի շահերի արդյունք են դառնում։ Ի դեպ, հացադուլի դիմելու ժամանակ նա մտադիր է խուց հրավիրել նաեւ արդարադատության նախարարին։ Մնջոյանի տեսքը բավականին հուսադրող էր եւ մեր հարցին, թե ինչքա՞ն է իր քաշը, ասաց, որ վերջին անգամ կշռվել է 1999-ին՝ ԿԳԲ-ում եւ քաշը եղել է 71 կգ։ Քրեակատարողական հիմնարկում գտնվելով, տեղեկացանք նաեւ, որ առաջիկա նախագահական ընտրություններին կքվեարկեն նաեւ 400-ից ավելի կալանավորներ, որոնք դեռ դատավճռով չեն դատապարտվել եւ իրավունք ունեն որպես ՀՀ շարքային քաղաքացիներ մասնակցելու ընտրություններին։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել