Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ի՞ՆՉ ՃԱԿԱՏԱԳՐԻ ԵՆ ԱՐԺԱՆԱՆՈՒՄ ՆԱՄԱԿՆԵՐԸ

Փետրվար 18,2003 00:00

Ի՞ՆՉ ՃԱԿԱՏԱԳՐԻ ԵՆ ԱՐԺԱՆԱՆՈՒՄ ՆԱՄԱԿՆԵՐԸ «Ինչո՞ւ է նախագահն արդարադատության երաշխավոր կամ ի՞նչ մեխանիզմներով է այն իրագործվում, երբ ցանկացած ատյան բողոքելիս, այդ թվում նաեւ գործող նախագահին, ստանում ես «դատարանն անկախ է» անհեթեթ պատասխանը, ակնհայտ անմեղ մարդն արդեն մեկուկես տարի կալանքի տակ է, եւ պաշտպանել նրան անհնար է»,- հարց է բարձրացնում փաստաբանների միջազգային միության անդամ Վաչագան Քոսյանը: Խոսքը ավազակային հարձակում գործելու եւ սպանության փորձ կատարելու մեջ մեղադրվող Կորյուն Սարգսյանի մասին է, որն արդեն 16-րդ ամիսն է՝ գտնվում է կալանքի տակ («Առավոտ»-ը մի քանի անգամ անդրադարձել է այս խնդրին): Նորքի զանգվածում բնակչության հետ հանդիպման ժամանակ Վիկտորյա Սարգսյանին հաջողվել էր նամակ հանձնել Ռոբերտ Քոչարյանին, որտեղ բերված փաստերը բավարար են կասկածի տակ առնելու որդու կալանքի տակ գտնվելու օրինականությունը: «Իմ հանձնած նամակը Քոչարյանը դրեց ծոցագրպանը եւ գլխով արեց, ինչից հասկացա, որ վերջապես որդուս հետ կապված խնդիրն օբյեկտիվ ու արդար լուծում է ստանալու»,- գործող նախագահի հետ դեմ առ դեմ հանդիպումից հուզված՝ պատմում էր տիկին Վիկտորյան՝ դեռեւս երկու շաբաթ առաջ: Սակայն երկու շաբաթ անց նա կրկին հուսահատության մեջ է. ստացվել է «դատարանն անկախ է» հերթական պատասխանը: «Ներկայացնելով որդուս՝ պետք է ասեմ, որ նա հանցագործ աշխարհի հետ որեւէ կապ չունի: Նա տաղանդավոր ֆինանսիստ է եւ ձերբակալման պահին աշխատում էր որպես «Երկրակապ» ՍՊԸ գործադիր տնօրեն»,- գործող նախագահին գրել էր մայրը: 16 ամիս շարունակ դատախազությունը ոչ հիմնավորում եւ ոչ էլ հրաժարվում է իր առաջադրած մեղադրանքից: Դատական երկու ատյաններն իրենց որոշումներում արձանագրում են, որ «եղած ապացույցներն անբավարար են անձին մեղավոր ճանաչելու համար», իսկ վճռաբեկ դատարանը որոշել է վերադարձնել գործը առաջին ատյանի դատարան՝ «արդարացնող կամ մեղադրող վճիռ կայացնելու համար»: Վերջին որոշումից անցել է երեք ամիս, բայց վճիռ չի կայացվել, եւ հայտնի չէ նույնիսկ դատավարության օրը: Արագ դատաքննության պահանջով հայտարարված Կորյուն Սարգսյանի 40-օրյա հացադուլն անարդյունք էր: «Մեղադրանքը չի հիմնավորվում եւ ոչ էլ փոխվում է խափանման միջոցը: Պարզ չէ, թե նոր դատաքննությունն սկսվելուց հետո այն ինչքան կտեւի»,172 ասում է փաստաբան Վաչագան Քոսյանը: Այս գործով դատաքննություն կատարելուց հրաժարվել են Ավան եւ Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի մի քանի դատավորներ: Անմեղ անձին դատապարտելու հեռանկարը հետագայում նրանց կարող է լուրջ խնդիրների առջեւ կանգնեցնել: «Մեր իրականության մեջ դատարաններն ունենալով օրինական հիմքեր՝ արդարացման չեն գնում: Ըստ էության, առաջին եւ վերաքննիչ դատարանների հիշյալ որոշումները նշանակում են, որ Կորյուն Սարգսյանն անմեղ է: Ամբողջ մեղադրանքը կառուցված է միայն մեկ տուժողի ցուցմունքի վրա, ինչը սակայն ոչ մի քննադատության չի դիմանում: Անզեն աչքով էլ տեսանելի է, որ ինչ-ինչ պատճառներից ելնելով, տուժողը կամ ստում է, կամ էլ մոլորության մեջ է»,- ասում է փաստաբանը: Սակայն դատախազությունը չի վհատվում. եթե անգամ չստացվի մեղադրանքն առաջ տանել, գոնե այսպես՝ կալանքի տակ պահելով կկարողանան Կ.Սարգսյանից վրեժխնդիր լինել. ոչ կաշառք է տվել եւ ոչ էլ ենթարկվում է առաջադրված մեղադրանքին: «Ուղղակի սիցիլիական «օմերտա» է: Հենվելով ինչ-որ «օպերատիվ» ինֆորմացիայի վրա, կալանավորել են մարդուն, տուժողին հավատացրել, որ հանցագործը նա է, որ կփոխհատուցի հափշտակված գումարը: Դիմել են սադրանքների, զանազան մեքենայությունների եւ ենթադրությունների հիման վրա ապօրինի մեղադրանք ներկայացրել ու ատամներով պաշտպանում են այդ մեղադրանքը»,172 դիմում-բողոքներից մեկում գրում է Կ. Սարգսյանը: Նա համոզված է, որ դատախազության ճնշման արդյունքում դատարանը չի կարողանում իր վերջնական գնահատականը տալ: «Այսօր դատախազությունը զբաղված է իմ բնակարանում անօրինական գաղտնալսումներ կատարելով»,- գրում է նա՝ պահանջելով դադարեցնել իր եւ իր ընտանիքի նկատմամբ դատախազության ձեռնարկած ապօրինի միջոցառումները եւ ապահովել գործի արդարացի, հրապարակային քննություն: Քրեական գործը կրկին հայտնվել է դատարանների նախագահների խորհրդում, որտեղ պետք է որոշվի, թե ով եւ որ դատարանում է մեղադրելու Կորյուն Սարգսյանին: ԺԱՆՆԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ Հ. Գ. Մեր ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն, Խորհրդային շրջանի դատախազության քննիչ Մ.Բադեյանի առաջադրած ապօրինի մեղադրանքը հովանավորվում է գլխավոր դատախազության ամենաազդեցիկ դատախազներից մեկի կողմից, որն էլ ապահովում է ճնշումը դատարանի վրա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել