Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ո՞վ է խաբում իրականում

Փետրվար 18,2003 00:00

Ո՞վ է խաբում իրականում Այսօր արդեն արգելված է անվանապես խոսել որեւէ թեկնածուի մասին, քանի որ այն կարող է դիտվել իբրեւ քարոզչություն կամ հակաքարոզչություն, ուստի ընթերցողներն այս անգամ պետք է գուշակեն, թե հատկապես որ թեկնածուի կամ որ նախընտրական շտաբի ղեկավարի ու գործունեության մասին է մեր կողմից արծարծվող թեման: ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավարը «Առավոտին» խորհուրդ էր տվել դիմել ՀՀ նախագահի թեկնածուներից մեկի նախընտրական շտաբ եւ այնտեղից ձեռք բերել մյուս թեկնածուների կատարած ընտրախախտումների վերաբերյալ ամփոփիչ «ծավալուն» ցանկը: Հուշելու համար, թե դա որ թեկնածուն է, կարող ենք պարզապես վկայակոչել, ինչպես իշխանամետ լրատվամիջոցներն են սիրում կրկնել, այն, որ նա «անձամբ» է «ասֆալտապատել» Հայաստանի քարուքանդ եղած բոլոր փողոցներն ու բորդյուրները: Հետեւելով ԵԱՀԿ դիտորդական պատվիրակության ղեկավարի խորհրդին, դիմեցինք համապատասխան թեկնածուի համապատասխան շտաբի քարոզչության ղեկավարին: Նա սկզբում ասաց, թե իրենք չեն ցանկանում նման «ձեւով» աշխատել, եւ մյուսների նման «վայնասուն» բարձրացնել, թե իրենց այսինչը գողացել կամ այնինչը ջարդել են, հետո էլ, թե՝ «մեզ մոտ չկա այդ ցանկը, տվել ենք դիտորդներին ու ԿԸՀ-ին»: Մեր դիտարկմանը, թե եթե այնուամենայնիվ դիտորդներին տրամադրել եք այն, ինչո՞ւ չեք տրամադրում նաեւ լրատվամիջոցներին, վերոնշյալ շտաբի քարոզչության ղեկավարը մեզ խորհուրդ տվեց այն խնդրել դիտորդներից: Երկար բացատրելուց հետո, թե անհարմար է դիտորդներից այն խնդրելը, վերոնշյալ թեկնածուի քարոզչության ղեկավարը համաձայնեց այն մեզ համար «պատրաստել»: Ինչեւէ, շուրջ երկու շաբաթ «պատրաստում» են այդ ցանկը, ու այն դեռեւս պատրաստ չէ: Սակայն մեր հիշատակած թեկնածուի շտաբի բարձրաստիճան պաշտոնյա ղեկավարը կիրակի օրը տված իր ասուլիսում հայտարարեց, թե իրենք մյուս թեկնածուների նման չեն «մանրացել» ու ընտրախախտումների ետեւից չեն ընկել ու չեն արձանագրել դրանք: Այսինքն, իրենք չմանրանալով՝ ընտրակեղծիքների ցանկ չեն կազմել ու չեն հանձնել դիտորդներին, ինչպես դա արել են մյուս թեկնածուները: Փաստորեն, այս շտաբի ղեկավարը փաստեց, որ իրենք դիտորդներին ոչ մի ընտրախախտումների ցանկ էլ չեն տվել, ինչում մեզ հավատացնում էր ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավարն ու մեզ խորհուրդ տալիս դիմել նրանց ու նրանցից ստանալ այն: Այստեղից էլ պարզ դարձավ, թե ինչու էին համապատասխան շտաբում անընդհատ ձգձգում ու իրար վրա գցում այդ ցանկի փոխանցումը մեզ: Այս ամենից սակայն տարօրինակն այն է, որ այս ֆարսին մասնակցել է նաեւ անձամբ ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավարը, որն իբրեւ Հայաստանում է՝ վերահսկելու ընտրությունների արդար անցկացումը: Մեր տեղեկություններով, նման ցանկ չի տրամադրվել դիտորդական առաքելությանը: Թե ինչո՞ւ, կարելի է ենթադրել. կամ չեն եղել մյուս թեկնածուների կողմից արձանագրված ընտրախախտումներ, կամ եղածներն այնքան «մանր» են եղել, որ իրենք «չեն ցանկացել մանրանալ», իմանալով, որ այն չի հակակշռելու իրենց թույլ տված ընտրախախտումներին: ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել