Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԶՎԱՐԹՆՈՑՈՒՄ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ ՍՏՈՐԱՑՆՈՒՄ ԵՆ

Փետրվար 18,2003 00:00

ԶՎԱՐԹՆՈՑՈՒՄ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ ՍՏՈՐԱՑՆՈՒՄ ԵՆ Էռնեկյանի խմբի ղեկավար Անա Կրիստինա Շիրինյանը, ասում են, չի խոսում։ Նա միայն գոռում է։ Նրա ղեկավարությամբ աշխատածներն ու նրա հետ առնչություն ունեցողները վկայում են, որ սա ոչինչ է՝ համեմատած տիկին գործադիր տնօրենի մյուս «քմահաճույքների» հետ։ Պատմում են, որ «Զվարթնոցի» (այժմ՝ «Արմենիա») կառավարման խմբի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ տպագրության ոչ ենթակա հայերեն կեղտոտ բառեր են սովորել եւ որպես մակդիր օգտագործում են «Հայաստան», «էս երկիրը», «հայերը» բառերի կողքին։ Եվ դա միակ արհամարհանքը կամ տգեղ վերաբերմունքը չէ մեր երկրի նկատմամբ։ Լավատեղյակների վկայությամբ, ակնհայտ սխալներով են վարում ոչ միայն անգլերեն, այլեւ հայերեն գրագրությունները, տպագրում ցուցանակները։ Ականատեսների ներկայացմամբ, վերջերս, օրինակ, փակցվել էր «Ջամբրուկներու հեռացում» ցուցանակը, որը հայտնի չէ, թե ով է գրել եւ ինչու՝ ոչ մեր երկրի պաշտոնական լեզվով։ Ցուցանակը հեռացվել է սխալը մատնացույց անելուց հետո։ Աշխատակիցները դժգոհում են, որ Էռնեկյանի խմբի գալով վերացել են ամեն տեսակի պարգեւավճարները, զանազան սոցիալական վճարները։ Գուցե միայն իրենց համար։ Պնդում են, թե պարտադրված լրացուցիչ աշխատանքի համար չեն վարձատրվում։ Ի դեպ, այս ամենը պայմանագրից է բխում, որոնք աշխատակիցները ստորագրել են՝ այլընտրանք չունենալով։ Սակայն նկատենք, որ պայմանագրում միանշանակորեն նշված էլ չէ, թե պարգեւավճարներ չեն լինելու եւ այլն, պարզապես հստակորեն սահմանված չէ, թե դրանք որ դեպքերում են տրվելու։ Տիկին Շիրինյանը, որ, աշխատակիցների վկայությամբ, շքեղ վերանորոգել է տվել օդանավակայանի շենքի վարչական մասի միայն ղեկավարությանը պատկանող մասն ու սանհանգույցը, ասում են, աշխատակիցներին ստորացնում է ամեն քայլափոխի։ Ստորացումներն սկսվում են աշխատանքի գնալիս։ Այս հարցում «սպասարկումը», պատմում են, դրված է մի այնպիսի կիսափուլ ավտոբուսի վրա, «որ չգիտես՝ աշխատանքի (կամ տուն) կհասնե՞ս, թե՞ ոչ։ Ճանապարհի կեսերին այն հաճախ է փչանում։ Իսկ քանի որ աշխատավարձի ուշացումներ են լինում, ապա եղել են եւ այնպիսիք, որոնք ուղղակի կես ճանապարհին են մնացել տաքսու փող չունենալու պատճառով։ Ավտոբուսն առանձնապես «տանիք» էլ չունի. անձրեւի կամ ձյան ժամանակ անձրեւանոց պիտի պահես»։ Ասում են, իսկ եթե սխալվես գործադիր տնօրենի աշխատասենյակ մտնես կամ միջանցքում հանդիպես, արագ կերպով հեռանալու հրաման է տալիս ու մարդու ներկայությամբ օդի թարմացուցիչ է փչում։ Հոտառությունից չենք բողոքում, բայց կարող ենք վկայել, որ «Առավոտ» եկած ու այս ամենից վիրավորված նախկին աշխատակիցները փնթիի տպավորություն չէին թողնում։ «Սափրվելու, մանիկյուրի, սանրվածքի, ամենօրյա լոգանքի, ատամների մաքրության, տհաճ հոտերի բացակայության» պահանջներն ամրագրված են պայմանագրում։ Տիկին ղեկավարի մաքրասիրությունը կհասկանայինք, եթե չպատմեին, որ նա կարող է առանց բակտերիաներից վախենալու կոշիկները դնել լուսամուտի գոգին։ Ասում են, ողջ հիմնարկում մի տպիչ կա (printer), այն էլ գործադիր տնօրենի ընդունարանում։ Բայց երբ հանկարծ գործադիր տնօրենը աշխատակցին տեսնում է ընդունարանում, թեւից բռնում եւ ուղղակի դուրս է շպրտում։ Թարգմանիչներից մեկի պատմելով, նա երբեմն պաշտոնին ոչ համարժեք աշխատանք կարող է առաջարկել. «Մի անգամ թարգմանություն էի անում, տեղակալներից մեկը եկավ եւ ասաց, որ Ա. Կրիստինա Շիրինյանն ասում է արի ափսեները հաշվիր, հենց հիմա»։ Նման օրինակներ շատ են պատմում։ Հասկանալի է, որ դրանց մեծ մասն ուղղակի հնարավոր չէ ստուգել։ Եվ ընդհանրապես, կառավարող խումբը կարող է ամեն ինչ հերքել, հավաստիացնելով, թե ինչքան շատ է սիրում Հայաստանն ու իր աշխատակիցներին։ Իսկ վերջիններս վախենում են բացահայտվել՝ աշխատանքը չկորցնելու համար։ Չենք էլ բացառում, որ որոշ բաներ չափազանցված են ներկայացնում։ Բայց ակնհայտորեն այստեղ ամեն ինչ չէ, որ կարգին է։ Եվ կարծում ենք, մեր իշխանությունները պետք է պաշտպանեն իրենց քաղաքացիների արժանապատվությունը։ Իսկ գլխավոր դերն այստեղ արհմիությանն է, որի ողջ գործառույթը իր անդամների իրավունքներն ու արժանապատվությունը պահպանելն է։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել