Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԻՐԱԿԱՆ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Փետրվար 18,2003 00:00

ԻՐԱԿԱՆ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Մարտունի քաղաքում փետրվարի 14-ի հանդիպման ժամանակ որոշ հարցեր ուղղվեցին «Հանրապետություն» կուսակցության ղեկավարին, որոնք, կարծում ենք, չեն առնչվում ներկա քարոզարշավին: Այսպես, բնակիչներին հետաքրքրում էր, թե ինչ կապ կա նախկին եւ ներկա իշխանությունների միջեւ: «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի պատասխանն էր. «Սիրելի ժողովուրդ, բոլոր նորմալ երկրներում նախկին եւ ներկա իշխանությունների միջեւ պարտադիր եւ կարեւոր է, որ կապ լինի»: Եվ բերեց մասնավորապես Ռուսաստանի Դաշնության նախկին նախագահ Բորիս Ելցինի եւ ներկայիս նախագահ Վլադիմիր Պուտինի հարաբերությունների օրինակը: Նշեց նաեւ, որ Լիբանանի նախագահն էլ է շարունակում լավ հարաբերություններ պահպանել Ռաֆիկ Հարիրիի, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի հետ. «Ու եթե մեր երկրում ինչ-որ խնդիր լինի լուծելու. ասես՝ գնա, օգնի, որ այն լուծվի, լինի այդ կապը՝ կլինի նորմալ երկիր: Ի՞նչն է վատը. մեր երկրում չկա այդ կապը, քանի որ այս իշխանությունները գալուն պես սկսեցին նրանից, թե իրենք նախկիններից լավն են: Սիրելի ժողովուրդ, ցանկացած տեղ, որ գնում եք աշխատանքի՝ նախորդի մասին, որի տեղն ընդունվել եք՝ մի՛ բողոքեք: Ուղղակի իրենից լավ աշխատեք: Ու մնացածները կասեն՝ դո՛ւ ես լավը: Բայց երբ գալիս ու ասում ես՝ իրենք ավերակներ են թողել, մենք այդ ավերակներից վերջին երկուսուկես տարին նո՜ր ցանկանում ենք երկիր սարքել..»: Արամ Սարգսյանին նաեւ հարցրին, թե արդյոք Հայաստանո՞ւմ է Լեւոն Տեր-Պետրոսյանը: «Հանրապետությունում պետք է լինի, որտե՞ղ պետք է լինի,- պատասխանեց նա:- Հանրապետությունում է. իր ծննդյան օրը նորից թոռնիկ ունեցավ, ու ես զանգեցի, շնորհավորեցի»: Արամ Սարգսյանի ե՛ւ այս, ե՛ւ մյուս պատասխանները մարտունեցիների ծիծաղին ու ծափերին արժանացան: Նրան հարցրին, թե որտե՞ղ է Վանո Սիրադեղյանը, եւ պրն Սարգսյանն ասաց. «Չգիտեմ: Իմանայի էլ՝ չէի ասի»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել