Քոռ գրոշ Այդքան արժե՞ն արդար ընտրություններ անցկացնելու վերաբերյալ հավաստիացումները: Քարոզարշավի վերջին օրը նշանավորվեց մի բացահայտմամբ, որը հաստատեց, թե ճիշտ էին հոռետեսները, որոնք հայտարարում էին, թե այս անգամ էլ են ընտրությունների ընթացքում լինելու խոշորամասշտաբ կեղծիքներ: «Հանրապետություն» կուսակցության անդամ Արամազդ Զաքարյանը երեկ քաղաքական գովազդի ընթացքում ցուցադրեց մի առարկա, որը որեւէ մեկի ձեռքին չպիտի հայտնվեր մինչեւ փետրվարի 19-ը ժամը 20:00-ը՝ արդյունքների ամփոփումից հետո: Արամազդ Զաքարյանը եթերում հայտարարեց, թե ո՛ր թեկնածուի նախընտրական շտաբից է իրենց փոխանցվել այդ իրը, բայց քանի որ այսօր քարոզչությունը եւ հակաքարոզչությունն արգելված են՝ չենք մեջբերի այդ թեկնածուի անունը: Մանրամասները ներկայացնելու համար դիմեցինք «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցին. «Արամազդ Զաքարյանը հեռուստատեսությամբ ցուցադրեց այն ծրարը, որով տեղամասային հանձնաժողովից ընտրատարածքային հանձնաժողով են ուղարկվում քվեարկության արդյունքները: Առնվազն տարօրինակ է, որ այդ ծրարները հայտնվել են դրսում, քանի որ դրանք պետք է պատրաստվեն ճիշտ այն քանակով, ինչքան տեղամաս կա: Սա ցույց է տալիս, որ ոմանք փորձում են կազմակերպել ստվերային ընտրություններ: Եվ սա ապացուցում է, որ ազատ եւ արդար ընտրությունների մասին հավաստիացումները կրում են զուտ իմիտացիոն բնույթ»: Արամազդ Զաքարյանը հեռուստատեսությամբ նաեւ հայտարարեց, թե իրենց տրամադրության ներքո կան փաստեր, որ քվեարկված քվեաթերթիկներ էլ են արդեն հայտնվել դրսում: Սուրեն Սուրենյանցին խնդրեցինք հայտնել՝ իրենց ձեռքի՞ն են այդ քվեաթերթիկները, թե՞ միայն տվյալներ ունեն դրանց մասին. «Մենք ահազանգեր ենք ստացել մարզերից, որ առկա են քվեաթերթիկներ, որոնցում կան նշումներ»: Ընտրություններին նախորդող օրվա կանոնները հնարավորություն չէին ընձեռում այս ամենի մասին խոսել ավելի որոշակի, նշելով հասցեատերերին: Եվ այնուամենայնիվ, փորձեցինք նաեւ պարզել, թե քարոզարշավի ավարտից հետո ի՞նչ այլ խախտումների մասին է հայտնի դարձել «Հանրապետությանը»: «Հիմնականում՝ տարբեր վայրերից ահազանգերը դարձյալ անձնագրային տվյալների հավաքմանն են վերաբերում եւ ընտրակաշառքների բաժանմանը»,- ասաց պրն Սուրենյանցը: Քանի որ անձնագրային տվյալների հավաքումը զանգվածային բնույթ է կրում, մեզ առավել հետաքրքրեցին ընտրակաշառքների վերաբերյալ փաստերը, որոնք առայժմ առավել սակավ են. «Փետրվարի 17-ին ահազանգ ենք ստացել, որ Արտաշատի մշակույթի տանը բաժանվում է ընտրակաշառք, հավաքվում են անձնագրային տվյալներ: Փետրվարի 16-ին նման ահազանգ ենք ստացել Կոտայքի մարզի Արամուս գյուղից»: Սակայն վերջում Սուրեն Սուրենյանցը նշեց. «Արձանագրենք, որ ընդդիմությունն ունի բոլոր մեխանիզմներն ընտրությունների օրինականությունն ապահովելու, հնարավոր ապօրինությունները կանխելու համար»: Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ