Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԻՄԱՆԱՆՔ, ՈՐ ԿԱՆԽԵՆՔ

Փետրվար 18,2003 00:00

ԻՄԱՆԱՆՔ, ՈՐ ԿԱՆԽԵՆՔ Դեռ անցյալ շաբաթ ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավար Պիտեր Այքերին ներկայացվեցին չորեքշաբթի սպասվող ընտրությունների ընթացքում հնարավոր ընտրախախտումների մի քանի տարատեսակներ: Կարծում ենք, վաղը կայանալիք ընտրություններում ընտրակեղծիքները հնարավորինս բացառելու համար՝ հարկ է, որ դրանց մեխանիզմներին ծանոթ լինեն ոչ միայն հայերիս «հնարամտությունը» չունեցող միջազգային դիտորդները, այլեւ ՀՀ նախագահի թեկնածուների վստահված անձինք ու ընտրական հանձնաժողովների անդամները: Եվ այսպես, սպասվող ընտրակեղծիքի տարբերակներից մեկը բոլորիս հայտնի «կարուսելն» է: Դրան, ինչպես անցյալ հինգշաբթի պարզվեց, ավելի քան լավատեղյակ են նաեւ միջազգային դիտորդական առաքելությունների ներկայացուցիչները՝ դեռ նախորդ ընտրությունների իրենց փորձից: Դրա մեխանիզմը, կարծում ենք, ավելորդ է բացատրել, առավել եւս, հայաստանցիներին: Վերջին շրջանում բազմաթիվ ահազանգեր են հնչել նաեւ անձնագրերի հավաքման մասին: Դրա ողջ իմաստը, իհարկե, միայն ընտրողների վրա հոգեբանական ճնշում գործադրելն է: Իրականում ոչ անձնագրային տվյալներ, ոչ մարդկանցից ստորագրություններ հավաքելն ինքնին չի նշանակում, թե անձնագրի տերը կամ ստորագրություն տված մարդն արդեն ընտրություն կամ առավել եւս քվեարկություն է կատարել: Բոլոր այն մարդիկ, ովքեր դժբախտություն են ունեցել իրենց անձնագրային տվյալները որեւէ պատճառաբանությամբ փոխանցել իրենց վերադասներին, էլցանցի կամ սոցապահովության աշխատողներին կամ այլոց, ստորագրություն են տվել կամ բանավոր խոստացել, որ ընտրելու են որեւէ թեկնածուի, փետրվարի 19-ին միանգամայն հանգիստ կարող են քվեարկել իրենց նախընտրելի թեկնածուի օգտին: Հիշեք, որ քվեաթերթիկում, բարեբախտաբար, չի նշվում որեւէ անձնագրային տվյալ, չկա ստորագրության նշում, իսկ քվեարկությունից հետո մինչեւ քվեախցիկից դուրս գալը պետք է քվեաթերթիկը չորս անգամ ծալել ու նոր դուրս գալ՝ քվեատուփ գցելու համար: Երբեք եւ ոչ մի պարագայում պետք չէ տեղի տալ ու բաց քվեարկություն անել: Իհարկե, ՀՀ քաղաքացիների անձնագրային տվյալների ցուցակագրումը որոշակի դժվարություններ կարող է առաջացնել թեկնածուների վստահված անձանց ու հանձնաժողովի անդամների համար: Հարկ կլինի, որ նրանք ու նաեւ դիտորդները ամենայն ուշադրությամբ վերահսկեն քվեարկությունների ընթացքը եւ ի հայտ բերեն այլոց անձնագրերով ընտրություն կատարելու, հանձնաժողովների անդամների կողմից արդեն լրացված «լրացուցիչ» ընտրացուցակների բոլոր դեպքերը: Ընտրակեղծիքի մյուս հնարավոր տարբերակը սեփական անձնագիրը ցուց տալով եւ տվյալ ընտրատեղամասի ընտրացուցակում ընդգրկված այլ անձի փոխարեն քվեարկելն է: Տեղեկություններ կան, եւ դրանք փոխանցվել են նաեւ ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավար Պիտեր Այքերին, որ այս անգամ շրջանառության մեջ է դրվելու նաեւ «9-րդ ձեւ» կոչվող եւ անձը հաստատող ժամանակավոր փաստաթղթերը կեղծելու մեխանիզմը: Այդ փաստաթղթերը, ի դեպ, տրվում են անձնագրային բաժիններում: Այս դեպքում «9-րդ ձեւ»-ում առկա քաղաքացու լուսանկարը կարող է կեղծված լինել: Այսինքն՝ լուսանկարը կարող է համապատասխանել փաստաթուղթը ներկայացրած անձին, իսկ «9-րդ ձեւում» լրացված այլ տվյալները՝ լինեն ընտրացուցակում ընդգրկված, բայց նույնիսկ հանրապետությունից դուրս գտնվող որեւէ այլ ընտրողի: Ընտրակեղծիքի մյուս եւ հիմնական տարբերակը քվեարկության արդյունքների ամփոփման ժամանակ թեկնածուներից մեկի օգտին քվեարկած ձայները մյուսին վերագրելն ու նրա օգտին հաշվվող քվեաթերթիկների տրցակն արհեստականորեն ավելացնելն ու նրան օգտին, իբր, քվեարկած ձայներն ուռճացնելն է: Դա կարող են անել ընտրատեղամասի հանձնաժողովում՝ ձայները հաշվելիս: Քվեարկության արդյունքներն ամփոփելիս ու հաշվառելիս, թեկնածուների վստահված անձինք ու հանձնաժողովի մյուս անդամները կարող են պահանջել, որ քվեաթերթիկում կատարված նշումն իրենց գոնե հեռվից ցույց տրվի: Հայերեն չիմացող դիտորդները կարող են քվեների հաշվառման պրոցեսը վերահսկել՝ իմանալով միայն, թե որ թեկնածուն որ համարի տակ է նշված եւ իրականում որ համարի դիմաց է նշում կատարված: Ձայներ կեղծելու հաջորդ հավանական տարբերակը սահմանված նմուշի քվեաթերթիկն անվավեր համարելն է: Դրա մեխանիզմը ԵԱՀԿ դիտորդներին այսպես ներկայացվեց. ընդդիմության թեկնածուի օգտին կատարված նշումով բավական նորմալ եւ սահմանված նմուշի քվեաթերթիկը հանձնաժողովի անդամը կարող է հեշտությամբ անվավեր հայտարարել՝ իր թանաքոտ մատի մի շարժումով՝ քվեաթերթիկը թանաքոտելով ու «նշում է արված» հայտարարելով: Նույնը հնարավոր կլինի անել, եթե քվեարկության հաշվառման ժամանակ հանձնաժողովի անդամի ձեռքին, ասենք, մատանու ու երկար եղունգի տակ թաքցրած մատիտ կամ գրիչ լինի: Ի դեպ, ընտրակեղծիքի այս մի մեթոդը դիտորդական առաքելության ղեկավար պրն Այքերին շատ զարմացրեց: Ընտրատեղամասերում հիմնական խախտումները կարող են լինել հանձնաժողովի երկու սեղանի մոտ, որտեղ համեմատվում եւ ստուգվում է ընտրության ներկայացած անձի անձնագրային տվյալներն ու դրանց համապատասխանությունը ընտրացուցակում առկա գրանցմանը եւ, որտեղ քվեաթերթիկը կնքվելու է: Վաղը կայանալիք ընտրությունների ժամանակ հանձնաժողովի ոչ բոլոր անդամներին հնարավորություն կընձեռվի վերահսկողության տակ առնել այդ պրոցեսը: Այստեղ մեծ դերակատարում կարող են ունենալ ինչպես թեկնածուների վստահված անձինք, այնպես էլ դիտորդները: Բայց հաշվի առնելով 2002-ի ՏԻՄ ընտրությունների փորձը, չի բացառվում նաեւ, որ հանձնաժողովը կարող է իր մեծամասնությամբ որոշում ընդունել եւ տեղամասից պարզապես վռնդել վստահված անձանց ու դիտորդներին, նաեւ ԶԼՄ ներկայացուցիչներին, որոնք կհամարձակվեն ընտրախախտումներ արձանագրել, լուսանկարել կամ տեսագրել: Նման, նաեւ այլ ընտրախախտումներ հայտնաբերելու բոլոր դեպքերում անհրաժեշտ կլինի, որ վստահված անձինք ու հանձնաժողովի անդամները՝ ընդհանուր թվով 3-4-ը, համապատասխան արձանագրություն կազմեն եւ ներկայացնեն հանձնաժողովի նախագահին՝ պահանջելով մուտքագրել գրանցման մատյան: Եթե հանձնաժողովի նախագահը հրաժարվի դա անել, պարզապես պետք է կապվել ընտրական շտաբներ ու տեղամաս հրավիրել կամ ԶԼՄ-ների, կամ դիտորդական առաքելության ներկայացուցիչների: Ընդհանրապես ընտրակեղծիքները բացառելու համար առաջին եւ կարեւոր պայմանը վստահված անձանց, հանձնաժողովի անդամներին «ինստրուկտաժ» անելն է: Նրանք լավագույնս պետք է յուրացնեն ՀՀ Ընտրական օրենսգիրքն ու իրենց իրավունքները: Նկատի ունենալով նախորդ ընտրությունների փորձը, հիշեցնենք, որ հնարավոր ընտրակեղծիքները, այդ թվում՝ «կարուսելն» ու տրցակով քվեաթերթիկներ գցելն այս անգամ թափանցիկ, բայց լայն ճեղքով քվեատուփի մեջ կարող են իրականանալ հատկապես այն պահերին, երբ տեղամասում, ասենք, խառնաշփոթ է սկսվում կամ հրահրվում: Նման դեպքերում հարկ կլինի, որ վստահված անձինք ամենայն ուշադրությամբ հետեւեն հատկապես քվեատուփի մոտ գտնվողների գործողություններին: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել