Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՈՎ Է ՆԱ, ՈՎ Է ՆԱ

Փետրվար 18,2003 00:00

ՈՎ Է ՆԱ, ՈՎ Է ՆԱ ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը փետրվարի 12-ին ընդունել է իր 4-րդ միջանկյալ զեկույցը: «Առավոտն» առայժմ չի մեջբերի, թե նախագահի որ թեկնածուի թիմին են վերաբերում նշված խախտումները, միայն նկատենք, որ զեկույցում հիմնականում մեջբերված են այն փաստերը, որոնք դիտորդներին ներկայացրել էին ընդդիմադիրները: Միջանկյալ զեկույցի համառոտ ամփոփագրում նշված են խախտումների հետեւյալ երեք խմբերը. 1. Ընտրությունների դիտորդական առաքելությունը շարունակում է ստանալ եւ հետազոտել ահաբեկման եւ կեղծումների նենգափոխումների վերաբերյալ հաղորդումներ։ 2. ԵԱՀԿ Ընտրությունների դիտորդական առաքելությունը հաստատել է, որ թեկնածուներից մեկի կողմից շարունակվում են լայնորեն օգտագործվել հանրային շինությունները եւ այլ հանրային ռեսուրսները։ Շատ մարզերում պետական ծառայողներից, դպրոցականներից եւ այլ անձանցից պահանջվում է, որպեսզի նրանք ներկա գտնվեն քարոզարշավին։ 3. Հանրային հեռուստատեսությունը շարունակում է կողմնակալություն ցուցաբերել թեկնածուների արշավը լուսաբանելիս: Ընտրությունների դիտորդական առաքելությունը ստացել եւ հավաստագրել է բազմաթիվ հայտարարություններ, որ պետական ծառայողներին, բանվորներին, ուսուցիչներին, ուսանողներին եւ այլ անձանց ցուցումներ են տրվում մասնակցելու թեկնածուներից մեկի հանրահավաքներին երկրի տարբեր մասերում։ Օրինակ, Ընտրությունների դիտորդական առաքելության անդամները մասնակցել են Արմավիրում, Շիրակում, Լոռիում, Տավուշում եւ Գեղարքունիքում տեղի ունեցած հանրահավաքներին, որտեղ նրանք անձամբ են ականատես եղել այդպիսի դեպքերի, հաճախ խոշոր մասշտաբի։ Երեւանում Ընտրությունների դիտորդական առաքելությունը հաստատում է ստացել պաշտոնական մարմիններից, որ նախարարությունների աշխատակիցներին պահանջ է ներկայացվել՝ մասնակցելու թեկնածուներից մեկի հանրահավաքին։ Բազմաթիվ մարզերում, հատկապես Շիրակում եւ Լոռիում, դպրոցները փակվել են եւ աշակերտներից ու ուսուցիչներից պահանջվել է ներկա գտնվել այդ թեկնածուների հանրահավաքներին։ Ընտրությունների դիտորդական առաքելությունը շարունակել է ստանալ եւ հավաստագրել է հայտարարություններ ահաբեկման եւ նենգափոխումների մասին։ Օրինակ, Ընտրությունների դիտորդական առաքելությունը հանդիպել է Շիրակում տեղամասային ընտրական հանձնաժողովներից մեկի նախագահի հետ, որի վրա ուժեղ ճնշում է գործադրվել հրաժարական տալու համար, տեղամասային ընտրական հանձնաժողովների երեք անդամներ հրաժարական են ներկայացրել ճնշման ներքո։ Ընտրությունների դիտորդական առաքելությունը տուժածների հետ անձնական հանդիպումների միջոցով հավաստել է առանձնահատուկ դեպքեր, երբ ընդդիմության աջակիցները հեռացվել են գործից Լոռիում, Կոտայքում եւ Երեւանում։ Ընտրությունների դիտորդական առաքելությունը հավաստում է, որ շարունակվում է հանրային շենքերի եւ այլ ռեսուրսների օգտագործումը հատկապես թեկնածուներից մեկի կողմից երկրի բոլոր շրջաններում։ Ընտրությունների դիտորդական առաքելությունը ԿԸՀ նախագահ Արտակ Սահրադյանի հետ քննարկել է ընտրությունների թափանցիկության որոշ ասպեկտներ։ Առաջին հերթին պետք է ընդգծել, որ մինչ այժմ համաձայնություն չկա առ այն, որ ԿԸՀ-ն եւ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներն անմիջապես հաղորդեն ընտրությունների արդյունքները՝ տեղամաս առ տեղամաս։ ԿԸՀ նախագահ Արտակ Սահրադյանն ընդգծել է, որ ինքը բարեհաճ է տրամադրված այդ գաղափարին, սակայն պնդել է, որ դա տեխնիկապես անհնարին կլինի։ Այդպիսի մանրամասն արդյունքների բացակայությունը կհանդիսանա ընտրական ընթացակարգերի լուրջ թերություն։ Մեկ այլ խնդիր, որ կարող է մտահոգություն առաջացնել, դա ԿԸՀ-ում եւ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում ընտրության գիշերվա ընթացքի թափանցիկությունն է եւ վստահված անձանց ու դիտորդների հնարավորությունը՝ ձայների հաշվման ընթացքի բոլոր տարրերը։ Ընտրությունների դիտորդական առաքելությունը շարունակում է ստանալ բազմաթիվ բողոքներ ընտրացուցակների անճշտությունների մասին եւ ստուգել դրանց մի մասը։ Պրոբլեմները, թերեւս, առանձնապես սուր են Գյումրիում, Արմավիրի մարզում եւ Երեւանում։ Ընտրությունների դիտորդական առաքելության ԶԼՄ-ների մոնիտորինգը ցույց տվեց, որ Հանրային հեռուստատեսությունը կողմնակալություն է ցուցաբերում թեկնածուներից մեկի օգտին։ Պաշտոնական քարոզարշավի երրորդ շաբաթվա ընթացքում այն իր հիմնական լուրերում երկու անգամ ավելի շատ է լուսաբանել այդ թեկնածուներից մեկի քարոզարշավը, քան նրա հիմնական ընդդիմադիրներինը։ Ավելին, դեռեւս նշանակալի տարբերություն կա հիմնական լուրերում այդ թեկնածուի եւ նրա ընդդիմախոսների քարոզարշավի լուսաբանման մեջ: Այդ թեկնածուի հասցեին լուրերի թողարկման ժամանակ համարյա քննադատություն չկա, մինչդեռ հիմնական ընդդիմադիրներից առնվազն մեկի լուսաբանումը հաճախ բացասական է։ Ընթացիկ իրադարձությունների մասին ծրագրերը եւ այլ հանրային հեռուստակայանները նույնպես շարունակել են քարոզել թեկնածուներից մեկի օգտին։ Մասնավոր հեռուստաընկերությունները, որոնք մոնիտորինգի են ենթարկվել Ընտրությունների դիտորդական առաքելության կողմից, մնում են բացահայտորեն կողմնապահ թեկնածուներից մեկի օգտին։ Մնացած թեկնածուների մասին հազվադեպ է խոսվում եւ հաճախ՝ բացասական եղանակով։ Պատրաստեց Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել