Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԵՍԱԴԱՇՏՈՒՄ ԵՎ ՏԵՍԱԴԱՇՏԻՑ ԴՈՒՐՍ

Փետրվար 15,2003 00:00

ՏԵՍԱԴԱՇՏՈՒՄ ԵՎ ՏԵՍԱԴԱՇՏԻՑ ԴՈՒՐՍ «Մշակույթն այն մեծ ոլորտն է, որի մեջ տեղավորվում է այն ամենը, ինչը կոչվում է պետություն,- կարծում է ճանաչված դերասան Աշոտ Ադամյանը,- եւ այն, թե ինչու է պետության վերաբերմունքը թերի արվեստի նկատմամբ, խնդիր է, որի լուծումը գտնելու համար շատ շատերը պիտի մատները դնեն ճակատներին ու մտածեն»։ Մի քանի տասնյակ դերեր խաղացած դերասանը այսօր էլ զբաղված է իր սիրելի գործով՝ կինոյով եւ թատերական գործունեությամբ, չնայած վերջին շրջանում «տեսադաշտում» չի երեւում։ «Այսօր տեսադաշտում լինել՝ նշանակում է մասնակցել կասետների արտադրությանը կամ զբաղվել որեւէ ապրանքի գովազդմամբ, երկուսին էլ սկզբունքորեն դեմ եմ»,- ասում է Ա. Ադամյանը։ Այժմ նա լծված է Դավիթ Սաֆարյանի՝ «Տաք երկիր, ցուրտ ձմեռ» պայմանական անունը կրող ֆիլմի եւ Խաչատուր Չալիկյանի «Պողիկտոս» ներկայացման աշխատանքներին, որոշակի ծրագրեր ունի կապված երգ-երաժշտության հետ։ Ի դեպ, նա վերջերս է վերադարձել Ավստրիայից, ուր գտնվում էր Վիեննայի քաղաքապետարանի հրավերով։ Աշոտ Ադամյանն ու քամանչահար Հակոբ Խալաթյանը այնտեղ մասնակցել են «Թրուբադուրներ» հեղինակավոր փառատոնին, որտեղ հատուկ ծրագրով ներկայացրել են ոչ միայն անհայտ հեղինակների, այլեւ Սայաթ-Նովայի հանրահայտ երգերը։ Արդեն լույս է տեսել նաեւ CD։ Ընթերցողին տեղեկացնենք, որ երգում է ոչ միայն դերասան Աշոտ Ադամյանը, այլեւ նրա ընտանիքը։ 1997-ին նույնիսկ լույս է տեսել ազգագրական, ազգային եւ այլ երգերից բաղկացած նրա ալբոմը, որը ձայնագրվել է «Ասպարեզ» ստուդիայում, իսկ տպագրությունն իրականացվել է Միացյալ Նահանգներում։ «Ողջ տիրաժը (2500 օրինակ) գրեթե ամբողջությամբ նվիրել եմ ցանկացողներին։ Ու քանի որ աուդիո կասետները տարածված չեն եւ CD-ին ավելի է գրավում շուկան, իսկ ես CD չունեմ, դրա համար էլ չեմ ուզում աղմկել այդ մասին»,- ասում է դերասանը։ Ժամանակին՝ 1996-ին Մալյան թատրոնից հեռացավ շատ պարզ պատճառով. այնտեղ իրեն «գիտակցում էր ոչ թե որպես գեղարվեստական ղեկավար, այլ բեմի բանվոր, տնտեսվար եւ այլն։ Իսկ ես ինձ այդպես չեմ տեսնում արվեստում»։ Ըստ Ա. Ադամյանի, «թատրոնը պետք է լինի թատրոն, եւ վերջ։ Այն կարող է իր նոր ձեւն ու բովանդակությունն ընդունել, սակայն երբեք գերի չդառնալ ինչ-ինչ հանգամանքների»։ Նրան բնավ չի զարմացնում նաեւ այն, որ երիտասարդները քիչ են թատրոն հաճախում։ Այս երեւույթն էլ բացատրություն ունի. նախ այսօրվա երիտասարդը դրան պատրաստ չէ, եւ ոչ էլ թատրոնն է պատրաստ ընդունելու նրան։ Իսկ երբ դրան գումարում ենք դերասանի «հացի» խնդիրը, որի համար յուրաքանչյուրն ինքն է որոշում իր անցնելիք ճանապարհը, ամեն ինչ ավելի պարզ է դառնում։ Կարծես երեկ լիներ, երբ իրեն վստահվեց առաջին դերը՝ Վիլեն Գալստյանի «Խոնարհվիր գալիք օրվան» ֆիլմում։ Ու ինքն էլ 22-23 տարեկան երիտասարդ էր՝ անչափ ոգեւորված հիվանդ պապին այցելության եկող փոքրիկ նավաստու իր դերով։ Դրանից անմիջապես հետո խաղացել է Արման Մանարյանի «Եվս 5 օր» ֆիլմում՝ գլխավոր դերակատարն էր։ Դարձել էր լրագրող Հովիկ, որը մտահոգ էր մարդկանց հանդեպ կատարված անարդարություններով։ Ա. Ադամյանը հիշում է, որ 77 թվականի համար այս ֆիլմի ասելիքը բավականին սուր էր ու ոչ «խրախուսելի»։ Հաջորդը «Կտոր մը երկինքն» էր։ Այն այնքան հոգեհարազատ է դարձել բոլորի համար, որ Աշոտ Ադամյանին ավելի շուտ հիշում են հենց Թորիկի կերպարով՝ պարզ, մաքուր զգացմունքներով երիտասարդ, որ չի ուզում երազածը կյանքի կոչել ուրիշների խմբագրման ներքո, ուրիշների ցուցումով։ Ստեղծագործական համագործակցության վերջին արդյունքը Ատոմ էգոյանի հետ նկարահանած «Կորած հույսն» է, որ Բեռլինում գլխավոր մրցանակի է արժանացել։ Կանադահայ ռեժիսորի հետ Ա. Ադամյանը այլ ծրագրեր էլ ունի, սակայն դրանց մասին գերադասում է խոսել հետագայում, քանի որ ամեն ինչ դեռեւս քննարկման փուլում է։ Ի տարբերություն կոլեգաների, Ա. Ադամյանը ոչ թե երազում է խաղալ, ասենք, Շեքսպիր կամ Արքա Լիր, այլ մարմնավորել իր ժամանակակցին։ Ու համոզված է, որ դա ավելի բարդ է։ Իբրեւ հանդիսատես, նա վաղուց թատրոն կամ կինո չի գնում, որովհետեւ կարծում է, որ «պլանկան» շատ է իջել ու պատճառն էլ բոլորովին ստեղծագործական ուժի կամ թափի անկումը չէ։ «Վերջապես պետք է ճշտել, կառավարության «անդա՞մ» է մշակույթը, թե՞ ոչ։ Եթե այո, ուրեմն այն նույնքան կարեւոր է երկրի համար, որքան արդյունաբերությունը, հետեւաբար նրա նկատմամբ վերաբերմունքն էլ պետք է վերանայել»,- կարծում է դերասանը։ Ասենք, որ նա նաեւ անուղղելի լավատես է եւ օպտիմիզմն է նրա ստեղծագործական գործունեության առանցքն ու շարժիչ ուժը։ Խոստովանում է, որ չի զղջում դերասան դառնալու համար, քանի որ «ափսոսալ՝ նշանակում է ջնջել ողջ կյանքդ», որ լեցուն է նաեւ անմոռանալի ու անջինջ պահերով։ Իսկ Ա. Ադամյանին նման պահեր պարգեւել են եւ սիրած աշխատանքը, եւ ջերմիկ օջախը՝ կինը՝ Արմինեն ու Գոհար-Մարիամ դուստրերը։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ Հ. Գ. Երեկ Աշոտ Ադամյանը դարձավ 50 տարեկան։ Սրտանց շնորհավորում ենք նրան հոբելյանի առիթով՝ մաղթելով նորանոր հաջողություններ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել