ՍՈՒՐԲՆ ԸՆԴԴԵՄ ՍՐԲԻ Փետրվարի 15-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Սարգսի տոնը, որը Գարեգին վեհափառը հռչակել է որպես երիտասարդների օրհնության օր։ Ու չնայած Սուրբ Վալենտինի օր հայերը երբեւէ չեն ունեցել, սակայն երիտասարդները համառորեն շարունակում են այն տոնել։ Օրը սկսում են եկեղեցի գնալով, թեկուզ Սուրբ Սարգսի նկարի առաջ Սուրբ Վալենտինի պատվին մոմ վառելով։ Երեկ ժամը 11-ին Սուրբ Սարգիս եկեղեցում արդեն ասեղ գցելու տեղ չկար ու պատճառն, ըստ այնտեղ շտապող երիտասարդներից շատերի, Սուրբ Վալենտինի օրն էր։ Այդ առիթով եկեղեցի եկած երիտասարդությանը, սակայն, ընդամենը հնարավորություն էր ընձեռվել արագ-արագ մոմերը վառել ու հրմշտելով դուրս գալ, որովհետեւ եկեղեցու ներսում գտնվող կանայք շարունակ շտապեցնում էին բոլորին. «Պրծեք, պրծեք, դուրս եկեք, որ մնացածն էլ մոմ վառեն։ Չեք տեսնո՞ւմ՝ հերթ ա գոյացել»։ Իսկ եկեղեցուց դուրս եկողներին ընդառաջ էին ելնում անհայտ բաղադրության աղաբլիթ վաճառող կանայք, որոնք չփաթեթավորված «ապրանքն» առաջարկում էին գնել 50, իսկ փաթեթավորվածը՝ 100 դրամով։ Վերջինս յուրօրինակ գեղարվեստական ձեւավորում ուներ. խունացած ցելոֆանի մեջ նույնիսկ սոճու մի քանի շյուղ էր խրած։ Այնուհետեւ աղաբլիթավորների «շարասյունը» «տարրալուծվում» էր քաղաքով մեկ, մինչեւ մութն ընկնելը, որին սովորաբար հաջորդում է աղաբլիթի ճաշակումը ու բաղձալի երազը (որի ցանկալի հերոսը սիրած տղան է) եւ վերջ՝ տոնն ավարտված է։ Գ. Հ.