Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՒՌՔԵՐԻ ՄԱՅՐԱՄՈՒՏԸ-4

Փետրվար 15,2003 00:00

ԿՈՒՌՔԵՐԻ ՄԱՅՐԱՄՈՒՏԸ-4 Տասներորդ պարունակ Քաղաքական վերլուծություններում նախապես տիրապետող էր այն մտայնությունը, թե 2003-նախագահական ընտրություններն ընթանալու են այնպես, ինչպես 96-ինը. ընդդիմությունը պետք է հայտարարեր միասնական թեկնածու եւ պայքարն ընթանար միասնական թեկնածուի եւ վերընտրվել ցանկացող գործող նախագահի միջեւ։ Բայց պարզվեց, ինչպես ժամանակին դիպուկ նկատել է Նիցշեն՝ կուռքերն ավելի շատ են, քան իրողությունները։ Եվ, բնականաբար, չէր կարող հակառակը լինել, եթե վերջին հինգ տարիներին պառակտման ուժն ամենամեծն է եղել եւ դա առաջին հերթին երեւում է առավելապես քաղաքական դաշտում։ Նմանը չունեցող իրողություն է, որ նախագահական ընտրություններին մասնակցող եւ ոչ մի կուսակցության չհաջողվեց հանդես գալ իր նախնական պոտենցիալով. Վազգեն Մանուկյանի հիմնական զինակիցներն իրենց կուսակցություններով տարբեր ճամբարներում են, ավագ Դեմիրճյանի հիմնադրած կուսակցությունը բաժան-բաժան եղավ հոկտեմբերի 27-ից հետո, նույնը կատարվեց հանրապետականների հետ, երբ ձեւավորվեց «Հանրապետությունը», ՍԻՄ-ը հանդես եկավ նոր առաջնորդով, կոմունիստների կոտորակումն անվերջ է… Այս տարիներին միակ կուսակցությունը, որ չպառակտվեց՝ Հայ հեղափոխական դաշնակցությունն է, որն էլ բացառիկ բացատրություն ունի. սույն կառույցն իր ներսում չի հանդուրժում ընդդիմություն եւ ցանկացած այլախոհություն ճնշվում է սաղմնային վիճակում։ Սակայն բացառված չէ, որ Քոչարյանի այս պահին անհավանական թվացող վերընտրության պարագայում նույն սպառնալիքը կախվի նրանց գլխին պաշտոնների վերաբաշխման փուլում հավակնորդների՝ իրար դեմ հրահրվող ինտրիգներով։ Եվ սա է Քոչարյանի նախագահական տարիների հիմնական ծառայությունը հայ քաղաքական դաշտին եւ իզուր նրան սատարողներն այս հանգամանքը չեն մտցնում վերջինիս քաղաքական կապիտալի ակտիվի մեջ։ Էլ չենք խոսում զանազան հայրենակցական միություններով ժողովրդի տարբեր հատվածների, ընդհուպ ղարաբաղցիներ-հայաստանցիներ կործանարար հակադրության ու երկպառակության մասին։ Այս ամենով Քոչարյանն ուժեղացնում էր նախագահ վերընտրվելու իր ստարտային հնարավորությունները, սակայն ընտրությունների վերջնագիծը հատելիս պարզվեց, որ ընդդիմության իսկական ախոյանները՝ Արամ Սարգսյանն ու Ստեփան Դեմիրճյանն անսասան են, իսկ նրանց սատարող ժողովրդական վիթխարի զանգվածները քաղաքական որոշումների չեն ենթարկվում։ Դաշնակցական պարագլուխներից մեկը համառորեն ուզում է ճշմարտության տեղ անցկացնել այն միտքը, որ 96-ին ընդդիմության համախմբումը միասնական թեկնածուի շուրջը համաժողովրդական պահանջ էր, հավանաբար, շփոթելով կուսակցական-քաղաքական դիկտատ եւ համաժողովրդական կամք հասկացությունները. այն ժամանակ առաջին նախագահին ընդդիմանում էին, ճիշտ է, քանակով անհամեմատ շատ, բայց կուսակցությունները, ներկայիս նախագահի դեպքում պատկերը լրիվ հակառակն է՝ նրան սատարում են իրենց իսկ հայտարարությամբ 50-ից ավելի կազմակերպություններ ընդդեմ քանակով տասնապատիկ զիջող կուսակցությունների, որոնց, սակայն, օժանդակում է գրեթե ողջ ժողովուրդը։ Ահա թե որն է համաժողովրդական պահանջ։ Այնպես որ, հարկ չկա շփոթել կուսակցական պետքը հասարակական գիտակցության հետ։ Եվ սա էլ է վկայում քաղաքական կյանքում Քոչարյանի գործած անուրանալի ավերածությունների մասին։ Ինչեւէ. 96-ին քաղաքական բեւեռացումները չափազանց հստակ էին եւ դա գլխավորապես պայմանավորված էր Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական գործիչ լինելու հանգամանքով, ինչը միանշանակորեն դժվար է պնդել ներկայիս նախագահի մասին։ Ողջ խնդիրն այն է, որ քաղաքական դաշտի նման ավերածության պայմաններում անչափ դժվար, միաժամանակ անիմաստ էր կեղծ համախմբումը։ Հանրապետությունում, որտեղ միայն ճակատագրից են խոսում, արհեստական միավորումը շատ ավելի վտանգավոր է հենց ճակատագրական ժամանակներում, ուստի համախմբվեցին միակ իրական դաշնակիցները՝ ՀԺԿ-ն ու «Հանրապետությունը»։ Չպետք է մոռանալ նաեւ, որ նախագահական անհույս պայքարը շարունակող Վազգեն Մանուկյանը 96-ին միավորող գործիչ էր, իսկ հիմա դարձել է կազմալուծող գործոն։ Գնացքից ճիշտ ժամանակին թռչելու տեսաբանն այս անգամ դեռեւս չի կողմնորոշվել եւ մնում է երթուղում, որ տանում է, չէի ուզենա ասել՝ իշխանության ճամբար։ Մանուկյանն իր վարքին գաղափարական հիմնավորումներ է տալիս (գուցեեւ՝ ճիշտ), սակայն, որքան էլ ցավալի է, հիմնական պատճառն անձնական է։ Իրենց հաղթանակներին գաղափարական, պարտություններին բարոյական հաղթանակ կոչողները միայն վիրտուալ պարտություններ ու հաղթանակներ են ունենում, իսկ գործունեությունն առանց պաուզայի շարունակելու դեպքում ակամա այլասերվում են, որի դասական օրինակը Պարույր Հայրիկյանն է, որ ազգին մեծահոգաբար անկախություն պարգեւելուց հետո, կանգնեց Գեղամյանի կողքին, ով Հայաստանի Հանրապետության անկախությունը Թուրքիայից զգալիորեն ուշ ընդունեց եւ ՄԱԿ-ի ճանաչումից օրեր անց։ Եվ ինչ արտառոց բան կա, որ երկիրը անթաքույց ռուբլու գոտի տանող, Սերժ Սարգսյանի հետ նշանավոր եթերամարտից հետո մարդկանց ուսերից չիջնող Գեղամյանը չմիացավ Ստեփան Դեմիրճյանին, մանավանդ չէր կարող կանխատեսել, որ հակառակ ակնկալվող էֆեկտի՝ սեփական քվեները ոչ թե աճեցին, այլ արագորեն նվազում են։ Կանխատեսումներ։ Ըստ էության, Ստեփան Դեմիրճյանի մի կանխատեսումը լիովին կատարվեց, որ միասնական թեկնածուն որոշվելու է բնական ճանապարհով՝ ժողովրդի վերաբերմունքով։ Նախագահական ընտրությունները հատում են վերջնագիծը եւ իշխանությունների՝ ամեն ինչ մինչեւ վերջ վերահսկելի պահելու ջանքերն ապարդյուն անցան. ջինը շշից դուրս եկավ՝ Քոչարյանի հաղթանակն արդար ընտրություններում անհավանական դարձնելով։ Անառարկելի առաջնորդին՝ Ստեփան Դեմիրճյանին, մնում է տրիումֆով վերցնել մայրաքաղաքը, որ ավանդաբար նախորդ բոլոր ընտրություններում ընդդիմության կողմ է քվեարկել, ինչպես տեղի ունեցավ մարզային հանդիպումներին, եւ մենք կունենանք երրորդ նախագահ։ (Ի դեպ, Քոչարյանի չվերընտրվելու դեպքում ավանդական կդառնա մի այլ պարագա. Հայաստանում ոչ մեկին չի հաջողվելու երկրորդ անգամ նախագահ դառնալ)։ Հարկ է անդրադառնալ ընտրարշավի նաեւ մի այլ կողմին։ Իշխանական թեւի քարոզչությունը՝ չնայած կիրառած միջոցների բազմազանությանը, բնույթով չափազանց ավանդական էր՝ ընտրական նոր տեխնոլոգիայով փոքր-ինչ շպարված, սակայն տեղի տվեց ընդդիմության, հատկապես Ստեփան Դեմիրճյանի՝ բնույթով ժողովրդական «պարզունակ» դիվանագիտությանը։ ՀԺԿ նախագահն առհասարակ խառնեց վերջին 10-12 տարի քաղաքական բեմում գործող բոլոր քաղգործիչների խաղաքարտերը, հընթացս ապացուցելով, որ այնտեղ ամեն ինչ չէ, որ կարգին է եւ ներշնչելով, որ կուսակցությունները կայանալու համար դեռ ճանապարհ ունեն անցնելու։ Որ ավագ Դեմիրճյանը 5 տարի առաջ արել էր նույնը, դեռ ինչ-որ տեղ հասկանալի էր, բայց որ նույնը կարող է կրկնել կրտսերը՝ բոլոր սպասումներից վեր էր։ Փետրվարի մասին նախորդ հոդվածներում անդրադարձել ենք։ Սակայն մտքովս չէր անցնի, որ փետրվարի 19-ը չորեքշաբթի է։ Չէ՞ որ հոկտեմբերի 27-ը նույնպես չորեքշաբթի էր՝ արյունոտ չորեքշաբթի։ Միստիկ օրինաչափությամբ սովորաբար եթե մեկը դաժան է լինում, մյուսը պետք է հակառակը լինի։ Ըստ ամենայնի, կանխատեսելի է դառնում, որ եթե ոչ հենց 19-ին, մայրաքաղաքի հրապարակներից մեկում մեծ բազմություն է հավաքվելու՝ լսելու առաջին արդյունքների մասին։ Ենթադրում եմ, որ այս ընտրություններում գործելու է հարավսլավական տարբերակը։ Չի բացառվում, որ դիտորդները հրապարակեն իրենց նախնական կարծիքը, առաջին հերթին ԵԱՀԿ-ն, որը էականորեն կարող է կաշկանդել երկու կողմերի գործողությունների ազատությունը եւ զսպել սադրանքների հնարավորությունը։ Կլինեն դավաճանություններ, բայց զարմանալիորեն հավատարիմներ ավելի շատ կգտնվեն։ Երկրապահական հնազանդ ու կոշտ հատվածը չի փորձի վախեցնել ժողովրդի կողքին կանգնած անհնազանդ երկրապահներին։ Բամբասանքներ կտարածվեն, թե մի զինվորական ստորաբաժանում պատրաստ է անցնել ցուցարարների կողմը։ Կկրկնվի լավ չմոռացված հինը՝ տրոյական ձիեր, հացադուլ։ Ամենայն Հայոց կաթողիկոսը խաղաղության կոչով կդիմի ժողովրդին։ Ղարաբաղ-Ադրբեջան սահմանին բախումներ կհրահրվեն։ Անկողնուց կհանեն, հրապարակ կբերեն մտավորականությանը։ Նրանց ոչ ոք չի լսի։ Տեր Աստված, անհնար է շարունակել։ ԹԱԴԵՎՈՍ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել