Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲՐԵՅՔԸ» ՃԻՇՏ ՉԻ ԸՆԿԱԼՎՈՒՄ

Փետրվար 15,2003 00:00

«ԲՐԵՅՔԸ» ՃԻՇՏ ՉԻ ԸՆԿԱԼՎՈՒՄ «Այն առողջ ապրելակերպ է եւ ոչ թե թմրամոլների ու հանցագործների պար»,- ասում են երեւանցի բրեյքերները։ Յուրաքանչյուր ժողովուրդ ստեղծել է իր պարային լեզուն, շարժումների հաստատուն ֆոնդը, պլաստիկան, շարժման միջոցներն ու դրանց փոխհարաբերությունները, որոնք շաղկապելով ազգային ինքնատիպ երաժշտությամբ, կատարվել են համապատասխան ռիթմով ու տեմպով։ Անցյալ դարի 60-ական թվականներից մեր իրականություն է ներմուծվել տարբեր ժողովուրդների մոդեռն պարեր, որոնք խորհրդային տարիներին կամ արգելված էին, կամ դժվարությամբ էին «կայանում»։ Այդ տարիներից մենք՝ հայերս, հազար ու մի անուն ենք կպցրել նման պարերին։ «Սեւ ցուցակի» մեջ էր Break dance-ն։ Պարզվում է, որ Հայաստանում այսօր գործում է այս ոճի ընդամենը մեկ խումբ։ Խմբի անդամները 6-ն են, նրանք հանդես են գալիս բեմական անուններով (ինչպես ընդունված է պրոֆեսիոնալ բրեյքերների մոտ)՝ Snake, Smoke, Flash, Sonic, Lil Duke, Artak, իսկ խումբը անվանել են D.S.B.։ Հապավումը թարգմանված է անգլերենից՝ մութ փողոցների բրեյքերներ։ Խմբի հիմնադիրներից Snake-ը հայտնեց, որ իրենք պրոֆեսիոնալ դասեր են վերցնում ինտերնետի միջոցով։ Նրա խոսքերով. «Թեպետ Ամերիկայում, Գերմանիայում, Ռուսաստանում դեռ 20-րդ դարի 60-70-ական թվականներից գործում են բրեյքերների պրոֆեսիոնալ, աշխարհահռչակ «Roch steti crew», «Fliyang Steps», «Da boogie crew» խմբերը, բայց, չգիտես ինչու, մեզ մոտ այս արվեստը ընկալվում է որպես վայրենիների, թմրամոլների, ինչու չէ՝ հանցագործների «հավաքատեղի»։ Զրույցի ընթացքում տեղեկացանք, որ պարի այս տեսակը պահանջում է ֆիզիկական լավ պատրաստվածություն, այսինքն՝ վարժվածություն։ Նրա խոսքերով. «Բրեյքի հիմնական արտահայտչամիջոցներն են մարմնի տարբեր դիրքերը, դիրքից դիրք անցնելու շարժումները, պլաստիկան, ռիթմի ու տեմպի դինամիկան։ Այնպես որ, լավ մարզավիճակում գտնվող պարողը հեռու է այնպիսի բաներից, ինչպիսին, օրինակ, թմրանյութն է»։ Այսօր ծանր է տղաների վիճակը՝ ստեղծագործական առումով։ Նրանք դժվարությամբ նկարահանել են ընդամենը 2 տեսահոլովակ, մասնակցում են շոու ծրագրերի՝ տարբեր դիսկոտեկներում։ Ըստ Snake-ի. «Առանց ֆինանսի այսօր ոչինչ չես անի եւ, բնականաբար, ոչնչի չես հասնի։ Այս տարվա հունվարին հրավիրված էինք Մոսկվա մրցույթի՝ «խմբերի կռվի»։ Այսպես են կոչվում բրեյքի մրցույթները՝ Batl»։ Հազար ու մի դուռ են ծեծել ու ոչ մեկը չի ընդառաջել։ Բայց տղաներին սա չի հիասթափեցրել։ «Այս պարատեսակը մենք ենք հիմնել Հայաստանում ու պիտի հասնենք դրա զարգացմանը»,- ասաց Snake-ը։ Ավելին, զրուցակիցս բերեց փաստեր, որ Break-ը զարդարում է Մայքլ Ջեքսընի, Մադոննայի, եւ ոչ միայն, տեսահոլովակները եւ իր խոսքերով. «Այսօր արդեն մեզ հրավիրում են իրենց քլիպներում նկարահանվելու էստրադայի հայ երգիչներից շատերը»։ Հրաժեշտին մի բան էլ ասաց ու նախօրոք խնդրեց չծիծաղել. «Մինչ օրս մեր խմբի ամենաբարձր վարձատրությունը եղել է յուրաքանչյուրիս 3000-ական դրամ «աշխատավարձը»։ Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել