Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԺԻՇԿԸ ՑՈՒՑԱՆԱԿՈ՞Վ Է ՄՐՑԱԿՑՈՒՄ

Փետրվար 15,2003 00:00

ԲԺԻՇԿԸ ՑՈՒՑԱՆԱԿՈ՞Վ Է ՄՐՑԱԿՑՈՒՄ «Դիագնոստիկա» բժշկական կենտրոնի եւ Հանրապետական հիվանդանոցի՝ «Արմենիա» բժշկական կենտրոնի մուտքերի առջեւ ուրույն մարտ է ծավալել Հանրապետական հիվանդանոցի /«Արմենիա» բժշկական կենտրոնի/ տնօրեն Գրիգոր Գրիգորյանը: Պատմում են, որ Գ. Գրիգորյանին դեռ վաղուց դուր չէր գալիս «Դիագնոստիկա» բժշկական կենտրոնի բուռն գործունեությունը եւ հաճախորդների մեծ հոսքը: Այս երկու բուժկենտրոնների միջեւ ընկած կարճ ճամփաբաժանի վրա հետաքրքիր տեսարան է, որ բոլոր անցորդների ուշադրությունը գրավում է: Ճամփաբաժանի ուղիղ դիմաց «Դիագնոստիկա» կենտրոնի հայտնի սպիտակ շենքն է, աջ ուղղությամբ՝ Հանրապետական հիվանդանոցի մուտքն է /բացի հիվանդանոցի այլ մուտքերից/: «Դիագնոստիկա» կենտրոնի «Յամեր», այսինքն՝ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆ կոչվող շարժական համակարգի կիպ կողքին Հանրապետական հիվանդանոցի տնօրեն Գրիգոր Գրիգորյանը 2002թ. աշնանը տեղադրեց «Արմենիա» ախտորոշման կենտրոնի մեծ գովազդավահանակը, որ սլաքով ուղղորդում է դեպի Հանրապետական հիվանդանոց: Մեր ճշտումներով, «Արմենիա» ախտորոշման կենտրոնը Գ.Գրիգորյանը ստեղծել է 2001թ. գարնանը՝ 2000 թվին ճապոնական գրանտով ստացած 5մլն դոլար արժողության բժշկական սարքավորումների հիման վրա: Սակայն, ինչպես շատերը, թերեւս Գ.Գրիգորյանն էլ կարծում էր, թե լավ սարքավորումը լրիվ բավարար պայման է լավ բժշկական կենտրոնի համար, քավ լիցի, այդ սարքավորումները աշխատեցնող պրոֆեսիոնալ մասնագետներ են պետք, այլապես այդ տեխնիկան ոչինչ չարժե: Եվ, իհարկե, ինչպես եւ սպասվում էր, սարքավորումները հիվանդների մեծ հոսք չկարողացան ապահովել՝ ի տարբերություն «Դիագնոստիկայի», որը գործում է 1991թվից, համբավ ունի, եւ որի հաճախորդներն օր օրի ավելանում էին: Այս ցուցանակին հակառակ, «Դիագնոստիկա» բժշկական կենտրոնի տնօրեն Սարո Ծատուրյանն իր ղեկավարած կենտրոնի «Յամեր» շարժական համակարգի կողքին տեղադրում է «Դիագնոստիկայի» ցուցանակը՝ չափերով մի քիչ ավելի մեծ: Սա այնքան է զայրացնում Հանրապետական հիվանդանոցի տնօրեն Գ. Գրիգորյանին, որ մի քանի օր առաջ վերջինս «Դիագնոստիկայի» ցուցանակի ուղիղ դիմաց, կիպ կպած տեղադրում է «Արմենիա» ախտորոշման կենտրոնի ավելի մեծ ցուցանակ, այնպես, որ փակի ետեւինը: Մեր լուսանկարման օրն էլ անցուդարձող բուժաշխատողներին ու տարածքի տեխնիկական աշխատողներին ուղղած մեր հարցերից պարզվեց, որ Գ. Գրիգորյանը հրահանգել է փակել նույն մուտքից «Դիագնոստիկա» բժշկական կենտրոնի տնտեսական ապրանքների բեռնատար մեքենաների անցուդարձը: Մի քաղաքացի, որ իր հիվանդ բարեկամին էր բերել, երկու բուժկենտրոնների ավտոկանգառի աշխատակիցների ներկայությամբ ասաց. «Ով լավ մասնագետ էղավ, նրա մոտ էլ մարդիկ գնալու են, պարզ չի՞, թե չէ սրանո՞վ են որոշելու /ցույց է տալիս առջեւում տեղադրված «Արմենիա» ախտորոշման կենտրոնի ցուցանակը/»: Ընդ որում, ավտոկանգառի աշխատակիցները գիտեին ու մեզ ցույց տվեցին, թե Գ. Գրիգորյանը որ մուտքից է արգելել անցնել «Դիագնոստիկայի» բեռնատար ավտոմեքենաներին: Առողջապահության ոլորտի բուժհիմնարկների մասնագետներից փորձեցինք հետաքրքրվել «Դիագնոստիկայի» դեմ «Արմենիա» բժշկական կենտրոնի տնօրենի ծավալած «պատերազմի» մասին. շատերը տեղյակ էին, սակայն չցանկացան զրուցելիս իրենց անունը նշել թերթում: Մեկի պատմելով, այդ մարտը դեռ սկսվել է 1996 թվից, երբ Գ. Գրիգորյանը փորել էր տվել «Դիագնոստիկա» տանող ճանապարհը՝ բլոկադայի ենթարկելով «Դիագնոստիկան»: Իսկ զրուցակիցներս չէին ցանկանում ներկայանալ, պատճառաբանելով Գ. Գրիգորյանի՝ իշխանությունների հետ կապերը, նաեւ ավելորդ պատմություններից, հաշվեհարդարներից խուսափելու համար. «Գործ չունենք, հետո պատմություն ա սարքելու, ինչ ուզում՝ անում ա»: Գրիգոր Գրիգորյանը ԱԺ պատգամավոր էր 1995-99թթ., եւ ներկա իշխանությունների հետ իր կապերը նա չարաշահում-շահարկում է, նույնիսկ ընտրությունների այս թեժ օրերին՝ իրեն հովանավորող իշխանությունների անունը վարկաբեկելով: Ընդ որում, «Արմենիա» բժշկական կենտրոնը՝ Հանրապետական հիվանդանոցը, որ հանրապետության ամենամեծ՝ մոտ 1000 մահճակալանոց հիվանդանոցն է, Գ. Գրիգորյանի ջանքերի շնորհիվ ընդգրկվել է 2001-2003թթ. սեփականաշնորհման ԱԺ հաստատած ցուցակների մեջ: Այս ընթացքում փորձում էինք զրուցել երկու կողմերի հետ, որոնց, խոստովանենք, գտնելը հեշտ չէ, երկուսի զբաղվածության պատճառով: Իսկ հինգշաբթի օրը Գ.Գրիգորյանի ընդունարանից ասացին, որ նա զբաղված է, քանզի ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանն էր այցելել: Այնուհետեւ մի կերպ գտնելով նրա բջջային հեռախոսահամարը, զրուցեցինք հեռախոսով: Պրն Գրիգորյանն ասաց, որ ինքը սկզբում կես մետրանոց ցուցանակ էր տեղադրել, քանի որ «Արմենիա» ախտորոշման կենտրոնի բաց դռների օրը մարդիկ շփոթում՝ «Դիագնոստիկա» էին գնում, որտեղից այդ մարդկանց վռնդում էին: «Բայց իրենք բերեցին ավելի մեծ ցուցանակ դրեցին, ես՝ էլ ավելի մեծը: Սրանք մանր խնդիրներ են, ինքը /Ս.Ծատուրյանը,- Ս.Ս./, ըստ պետպատվերի, զորակոչիկներին անվճար ծառայություն մատուցելու մեզ հետ պայմանագիրը չի կնքում, դեմ է գնում պետությանը»: Մեր այն հարցին, որ մի շարք բուժաշխատողներ ասում են, թե Գ.Գրիգորյանը չարաշահում է իր իրավունքները՝ իշխանությունների հովանավորության ներքո, պրն Գրիգորյանը դա որակեց որպես փողոցային խոսակցություն, եւ «Հիմարություններ են ասում, ես պրոֆեսոր եմ, ինքը /Ս.Ծատուրյանը,- Ս.Ս./ շատ պուճուր մարդ է»: Գ. Գրիգորյանն առաջարկեց զրույցը տեղափոխել վաղվան, բայց, ցավոք, թերթի տպագրական խնդիրներն այլեւս չէին կարող սպասել: «Դիագնոստիկայի» տնօրենի հետ էլ, ստիպված, հեռախոսով խոսեցինք: Վերջինս ասաց. «Չեմ ուզում մեկնաբանել այս իրավիճակը, քանի որ բուժհիմնարկի իմիջի հետ անհամատեղելի է: Մենք մեր ցուցանակը պատրաստվում ենք հանել, քանի որ «Դիագնոստիկա» բժշկական կենտրոնի տեղն էլ, մասնագիտական որակն էլ գիտեն: Ափսոսանք եմ հայտնում, որ բուժհիմնարկների մրցակցության վրա փորձում են նման ձեւով ազդել: 8230Հերյուրանք է, որ մենք հրաժարվում ենք զինակոչիկներին անվճար ծառայություններ մատուցել: «Արմենիա» բժշկական կենտրոնի հետ մեր այդ պայմանագրի գործողությունն ավարտվել է 2002թ. դեկտեմբերին եւ մենք սպասում ենք ՀՀ Առողջապահության նախարարության 2003թ. Դժվարամատչելի ախտորոշիչ ծառայությունների գծով պետպատվերի մասին որոշմանը, որ իմանանք՝ ում հետ ինչ պայմանագրեր ենք կնքելու: Ինչ վերաբերում է մարդկանց վռնդելու պատճառաբանությանը, սուտ է, քանզի եթե «Արմենիան» իր ստեղծման օրից միայն մեկ անգամ է բաց դռների օր արել՝ 2001թ. գարնանը, ապա «Դիագնոստիկան» դա միշտ արել է տարեկան 2-3 անգամ»: Առողջապահական ոլորտում մրցակցությունը մասնագիտականից տեղափոխվել է ուժի եւ իշխանությունների հետ կապերի գործածության հարթություն: Ժամանակակից բժշկական սարքավորումներով հագեցած «Արմենիա» ախտորոշման կենտրոնը աշխատեցնելու, այդ տեխնիկայից օգտվելու համար մասնագետներ հրավիրելու կամ վերապատրաստման ուղարկելու, պրոֆեսիոնալ համբավ ձեռք բերելու փոխարեն՝ բժիշկը ցուցանակներո՞վ է փորձում հաճախորդների հոսք ապահովել: Թերեւս սա զարմանալի չէ մեր օրերի համար, երբ Հիպոկրատին երդում տված մեր բժիշկները նախագահական ընտրությունների օրերին քարոզիչ ելույթներ են ունենում գործող նախագահի վարած արտաքին քաղաքականության մասին՝ մոռանալով եւ՛ իրենց երդումը, եւ՛ այն, որ իրենց մասնագիտությունը ոչ թե քաղաքականությունն է, այլ բժշկությունը: ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել