Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Աչքից հեռու են գործում

Փետրվար 15,2003 00:00

Աչքից հեռու են գործում Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախագահի թեկնածու Գառնիկ Մարգարյանի միակ դժգոհությունը մի քանի լրատվամիջոցներով իրեն չճանաչելու մասին հնչած արտահայտությունների վերաբերյալ էր։ Ի տարբերություն մյուս թեկնածուների, Գ. Մարգարյանը, թվարկելով սեփական արժանիքները, չհիշեցրեց մեր երկրում տիրող անօրինականությունների ու թշվառության մասին։ Այնուհետեւ, կանգ չառնելով «երրորդական» հարցերի վրա՝ նախագահի թեկնածուն երկրի «բախտորոշ» խնդիրների շուրջ իր «պոտենցիալ» մոտեցումները ներկայացրեց։ Չթերթելով պատմության էջերը, պարոն Մարգարյանը միայն նկատեց, որ հայ ժողովրդի բոլոր պարտությունները եղել են ջլատման, ոչ համախմբված լինելու պատճառով։ Իսկ այսօրվա ձեռք բերած անկախությունն էլ, ըստ թեկնածուի, կրկին վտանգված է։ Եվ եթե չհամախմբվեն ազգային գաղափարախոսության շուրջ, երկրի տարածքային ամրության կամ ազգային անվտանգության խնդիրների շուրջ, ապա նորից կվտանգվի ազգի, ժողովրդի ապագան։ Անդրադառնալով իր ծրագրում տեղ գտած կարեւորագույն դրույթներին տնտեսությանը վերաբերող հատվածում, Գ. Մարգարյանը նշեց, որ Հայաստանը պետք է դադարի սպասարկվող լինելուց, տնտեսության ոլորտում՝ ամրագրվի զարգացած արդյունաբերության վերականգնումը. «Դրա ապահովման համար պետք է երկրում վերահսկել էներգետիկ բոլոր աղբյուրները, չպետք է թույլ տալ փակել ատոմակայանը»։ Իսկ երկրի արդյունաբերության զարգացման հիմքում, ըստ պարոն Մարգարյանի, պետք է դրվի երկու կարեւոր գործոն՝ կրթության, գիտության եւ էներգետիկայի աղբյուրների։ Նախագահական ընտրարշավում պասիվ գործունեություն ծավալելու մասին Գառնիկ Մարգարյանը խոստովանեց, որ իրենք գործում են, բայց միշտ չէ, որ այդ մասին հայտնի է դառնում մամուլին, հեռուստատեսությանը, նույնիսկ՝ ժողովրդին։ Ամեն դեպքում, նախագահի այս թեկնածուն կրկին հայտարարեց, որ շարունակում է մնալ թեկնածու եւ գնալու է մինչեւ վերջ։ Ընտրությունների ժամանակ տեղի ունեցող ընտրախախտումների վերաբերյալ Գ. Մարգարյանը նկատեց. «Պետք է ոչ թե խոչընդոտ ստեղծել, այլ ի սկզբանե թույլ չտալ գնալ այդ մասսայական կեղծիքներին»։ Անդրադառնալով քարոզարշավի ընթացքում տեղի ունեցող խախտումներին, այն է՝ «պետական պաշտոնյան իրավունք չունի առանձին, պայմանագրերից դուրս խոստումներ տալ», նա նշեց, որ նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը քարոզարշավի ժամանակ Ծաղկահովիտ գյուղի բնակիչներին խոստացել է, որ մինչեւ փետրվարի 17-ը կապահովի 9 կմ-անոց ջրատարի կառուցումը։ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ Հ. Գ. Ավելի ուշ ստացանք նաեւ հետեւյալ հայտարարությունը. «Մենք՝ «Սոցիալիստական Հայաստան» միավորման հիմնական անդամ կուսակցություններս՝ «Հայրենիք եւ պատիվ», «Կոմունիստների միություն» եւ Հայաստանի գիտաարդյունաբերական եւ քաղաքացիական միությունը վերահաստատում ենք նախկինում ընդունված որոշումները եւ առաջիկա նախագահական ընտրություններում պաշտպանելու ենք Արտաշես Գեղամյանի թեկնածությունը»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել