Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Կարիերիստ, լպրծուն մայմուններ»

Փետրվար 15,2003 00:00

«Կարիերիստ, լպրծուն մայմուններ» «Կռիվ-կռիվ» խաղալու հերթն այս անգամ ջահելությանն է։ Հայաստանի երիտասարդական կուսակցության (ՀԵԿ) առաջնորդ Սարգիս Ասատրյանը երեկ՝ ՀԵԿ-ի 4-րդ համագումարում, Ռ. Քոչարյանին սատարող երիտասարդական կառույցներին «մեծարեց» «կարիերիստ, լպրծուն մայմուններ» տիտղոսով։ Նա մեղադրեց իշխանությանն այն հարցում, որ «երիտասարդությանը ներքաշել է նախընտրական կեղտոտ խաղերի մեջ, դարձրել պալատական կառույց, որն անպատասխանատու հայտարարություններ է անում ողջ հայ երիտասարդության անունից»։ Նկատենք, որ նույն հռետորը չի թաքցնում, որ պաշտպանելու է Արտաշես Գեղամյանին։ (Այդ մասին գրված էր նաեւ իրենց «Հայեցակարգ» թերթի հատուկ թողարկման մեջ, որը հատուկ բաժանվեց բոլոր մասնակիցներին անխտիր)։ Հավանաբար հույս ունենալով, որ նրա ընտրության դեպքում իրենք կգրավեն «Քոչարյանական» երիտասարդների «պալատական» դիրքը։ Թեպետ, ըստ ՀԵԿ-ի առաջնորդի, «մեր գործերն այսօր էլ լավ են, ինչ ծրագիր դնում ենք՝ ֆինանսավորող ճարում ենք, եւ, եթե ի մի բերենք այդ թվերը, կտեսնենք, որ վատ թիվ չի ստացվում»։ Իսկ ինչեր են արե՜լ. «Խաղատները մենք դուրս բերեցինք քաղաքից, «Ռենկո» ֆիրմային մենք կանչեցինք Հայաստան»։ «Իսկ ինչեր ենք անելո՜ւ. ամռանը երիտասարդական ճամբար ենք կազմակերպելու (երեւի Քոչարյանի ջգրու- Ռ. Ա.), հիմնադրամ ենք բացելու, որ երիտասարդական ավան ստեղծենք՝ տնով-տեղով-աշխատանքով (Օստապ Իբրահիմովիչը կնախանձեր նրա երեւակայությանը- Ռ. Ա.)» եւ այլն, եւ այլն, Չ ՑՏՎ Ջպ Պցւպ։ Իր կուսակիցներին Ս. Ասատրյանը խորհուրդ տվեց մոռանալ «քարոզարշավային» երիտասարդներին, քանի որ իրենք են «միակ լուրջ, քաղաքականապես կայուն երիտասարդական կուսակցությունը, եւ ապագան էլ մերն է»։ Ի դեպ, հատուկ համագումարի համար թողարկված հատուկ թերթից տեղեկացանք, որ Սարգիս Ասատրյանի ջանքերով շատ երիտասարդներ այս տարիներին գտել են ոչ միայն հովանավորներ, այլեւ «կնքահայրեր ու քավորներ (՞) ոչ միայն Հայաստանում, այլեւ Հայաստանից դուրս»։ Բայց այս եւ այլ «լուրջ» գործերն առայժմ թողնելու եւ զբաղվելու են հայ պատանիների ու երիտասարդների հայրենասիրական կրթությամբ, որպեսզի նրանք «չաճեն որպես անկառավարելի գաղափարական բենլադեններ»։ Ընդհանրապես, ՀԵԿ-ի նախագահն իր «աբիժնիկի» պահվածքով ու «լուտանքասիրությամբ» խիստ նման է իր նախընտրած թեկնածու Արտաշես Գեղամյանին։ Զուր չէ, որ նրա անբովանդակ, երկար ու ձիգ ճառից (օրակարգում այն հիշատակված էր՝ «Հաշվետու զեկույց») ձանձրացած ու այլ խոսակցություններով տարված ունկնդիրների մեջ միակ ուշադիրն Աղասի Արշակյանն էր։ Սարգիս Ասատրյանը սրտնեղած էր ամեն ինչից, նույնիսկ, որ հայրենիքից տասնյակ հազարավոր կիլոմետրերով հեռու ապրող հայ երիտասարդը վատ է խոսում հայերեն։ Մեղքն էլ, բնականաբար, ոչ թե այդ երիտասարդինն էր կամ հայ համայնքինը, այլ Հայաստանի իշխանություններինը։ Վերջիններս ոչ միայն քայքայում են Սփյուռքը, այլեւ տեղի հայ ընտանիքները, ու «քսան տարի հետո որ հանդիպենք, կհամոզվեք, որ այլեւս ոչ Սփյուռք ունենք, ոչ էլ նորածին երեխաներ»։ Փառք Աստծո, այդ չարագույժ գուշակությունները կողքիս նստած ապագա փեսացուների ծիծաղը միայն շարժեցին։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել