Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ «ՎԵԼԵԿՏՈՐԱՏԸ»

Փետրվար 15,2003 00:00

ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ «ՎԵԼԵԿՏՈՐԱՏԸ» «Ցնցումներ չեմ անում, հըլը հարցեր եմ տալիս» Երեկ ՀՀ նախագահի թեկնածու Արամ Կարապետյանը նախընտրական քարոզարշավը սկսեց Գեղարքունիքի մարզում եւ այն ավարտեց Կոտայքի մարզում։ Նրան Վարդենիկ գյուղում դիմավորեցին փուչիկներով, ծաղիկներով։ Գյուղի ողջ ազգաբնակչության ձեռքին Կարապետյանի դիմապատկերներն էին։ Այս գյուղն ամենամեծն է եւ 6700 բնակիչ ունի։ Բնակիչներից շատերը «հասցրել էին հանդիպել» նախագահ Ռ. Քոչարյանի հետ, որն իր հետ բերել էր մի քանի ավտոբուս «ընտրողներ»։ 2-րդ խմբի հաշմանդամ, 70 տարեկան Վելեկտոր Զիրոյանը ասաց, որ բացի Քոչարյանից ում ասես ընտրելու է։ Վերլուծելով ընդհանրապես «վելեկտորատը» (գերադասում ենք փոխարինել «էլեկտորատ» բառին), նա նկատեց, որ Քոչարյանի էլեկտորատը կազմում են «սապոնի մատերիալ» ռամկավարները եւ Արթուր Բաղդասարյանի կուսակցությունը։ Ինչպես Վարդենիկում, այնպես էլ Մարտունիում, այնուհետեւ՝ Հրազդանում, Չարենցավանում, Բյուրեղավանում մենք նկատեցինք, որ Կարապետյանի ընտրազանգվածը կազմում են հիմնականում երիտասարդությունը եւ կանայք։ Միայն Մարտունիի եւ Չարենցավանի մշակույթի տների դիմաց հանդիպման էին եկել 10000-ից ավելի մարդ, Հրազդանում՝ մոտ 5000… Այս անգամ փոխվել էր ՍԻՄ-ի մարտավարությունը, եւ ներկայացնելով Արամ Կարապետյանին, նրանք հայտնում էին, որ ամենահամարձակ, ամենաազնիվ եւ ամենախելոք մարդն է նա։ Արամ Կարապետյանն էլ համեստորեն նկատում էր, որ ինքը ոչ Ստալինն է, ոչ Բերիան, այլ ընդամենը Արամ Կարապետյանն է։ Եվ նա խոստանում էր ուժին՝ ուժով, խելքին՝ խելքով, համարձակությանը՝ համարձակությամբ պատասխանել։ Մարտունիում, որտեղ ծնվել է նաեւ ահաբեկիչ Նաիրի Հունանյանը, եղան հարցեր «27»-ի հետ կապված։ Մեր տեղեկություններով, նրա հարազատները եւս մասնակցում էին հանրահավաքին, եւ այն հարցին, թե՝ ճի՞շտ են լուրերը ահաբեկչի կախվելու մասին, Արամ Կարապետյանը պատասխանեց, որ ոչ մեկը չի կախվում, եթե նրան չեն կախում։ Արամ Կարապետյանի մարտավարության մեջ մտնում են մի քանի «գենետիկ փաստարկներ» հիշատակելը, մասնավորապես՝ «որպես մշեցիների թոռ, գիտեմ, թե ինչի եք ընդունակ։ Ես էլ գիտեմ, թե ինչ եմ անելու»։ Մարտունիում մեզ մոտեցավ Սուսաննա Մկրտչյանը, որն իմանալով, որ «Առավոտից» ենք, ասաց, որ միակ որդին՝ Վարդանը, զոհվել է ԼՂՀ-ում, սպանվել է հրազենից եւ դատավարության արդյունքում 1 մլն 500 հազար դրամի փոխհատուցումը ինքը չի ստացել մինչ օրս։ Նա ասաց, որ ի վիճակի չի եղել նույնիսկ շիրմաքար դնելու, ինքը թոշակառու է եւ փաստորեն իր նկատմամբ տեղի են ունեցել անարդարություններ։ Լինելով բավականին իրազեկ, Արամ Կարապետյանը լսարանին հասկացրեց, որ ինքը տեղյակ է, որ չի գործում պանրագործարանը, տրիկոտաժի ֆաբրիկան, պահածոների, հանքային ջրերի «Լիճք» գործարանները։ Հետաքրքիր է, որ Ձայնիկ անունով մի տատիկ լսելի ձայնով անընդհատ ակնարկում էր, թե իր ձայնը կարող է տեղ չհասնի, ինչը, սակայն, Արամ Կարապետյանը բացառեց։ Նա ասաց. «Հըլը ցնցումներ չեմ անում, հըլը հարցնում եմ»։ Իրավապահներն այդ ընթացքում հանգիստ արեւածաղիկ էին չրթում։ Խոսելով կրթության ոլորտի մասին, Հրազդանում թեկնածուն ասաց, որ գործում է «Ոսկին ինձնից՝ մեդալը՝ ձեզնից» սկզբունքը։ Չարենցավանի կուլտուրայի տան վրա փակցված էր «Մեր թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է», սակայն դա միակ պաստառն էր։ Քիչ անց, հենց ուղղակի վտանգելով իրենց, կուլտուրայի տան տանիք բարձրացած արամապաշտները ամրացրին «Մեր թեկնածուն Արամ Կարապետյանն է» պաստառը։ Իսկ Արամ Կարապետյանը շարունակում էր ժողովրդի հետ երկխոսության մեջ մտնելով ասել, որ ոչ մի մինիստր իր օրոք «դուռը քացով չի բացի»։ Իրեն հասցեագրված մեղադրանքին, թե միայն կույրը չի տեսնում երկրի հաջողությունները, Արամ Կարապետյանը անկեղծորեն պատասխանեց. «Ասում են՝ չեմ տեսնում, ասում եմ՝ չորս աչք ունեմ, լավ էլ տեսնում եմ»։ Այս անմիջականությունն է, որ դուր է գալիս թեկնածուի «վելեկտորատին», որը նրան երեկ բազմաթիվ գրություններ ուղարկեց, մասնավորապես հետեւյալ բովանդակությամբ. «Էսի դրություն չի…», «Աղջիկս բարձրագույնը թողել է եւ ստիպված տանը պիտի նստի, որովհետեւ փող չունի…», «Տնից դուրս եմ գալիս, որպեսզի հաց չուտեմ…», «Ի՞նչ կլինեն մեր ավանդները…», «Ե՞րբ աշխատանք կունենանք…», «Կլինի՞ այնպես, որ բարեւը գին չունենա»։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել