Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արամ Գասպարիչը՝ հօգուտ Ստեփան Կարենիչի

Փետրվար 15,2003 00:00

Արամ Գասպարիչը՝ հօգուտ Ստեփան Կարենիչի «Այդպիսի հորը նման լինելը մեծ արժանիք է» համարում ՀԴԿ առաջնորդ Արամ Սարգսյանը եւ զարմանում՝ «էդ տղան մեղք ունի՞, որ հորը նման է»։ Քանզի Արամ Գասպարիչը նաեւ գնահատում է «այդ ընտանիքի դաստիարակությունը», բայց նախ եւ առաջ Դեմկուսը եւ ՀԺԿ-ն նույն գաղափարական «հենքն ունեն» ու Ստեփան Դեմիրճյանն էլ «մեծ ժողովրդականություն է վայելում»՝ Դեմկուսի կենտրոնական խորհուրդը, բացարձակ մեծամասնությամբ, իր առաջնորդին իրավունք է վերապահել Ստ. Դեմիրճյանի թեկնածությունը պաշտպանել։ Ինչը եւ Ա. Սարգսյանը երեկ հրապարակավ արեց։ Դեմկուսն ի սկզբանե կողմ էր ընդդիմության միասնական ուժերով ընտրապայքարին մասնակցելուն։ Ներկայիս մարտավարությունը, ըստ Արամ Սարգսյանի, թեկնածուներից մեկին, իսկ առավել կոնկրետ՝ Ս. Դեմիրճյանին, հնարավորություն է տալիս 2-րդ փուլ անցնելու։ Նամանավանդ, որ պարոն Սարգսյանը ընտրապայքարի արդյունքում տեսնում է այն «հավատը եւ հույսը, որ ընտրություններն անցնելու են ընդդիմության հաղթանակով»։ Եվ ըստ այդմ՝ «մենք ամեն ինչ կանենք, որ նա հաղթի առաջին փուլում»։ Իսկ միավորման նպատակը դասական է՝ «համակարգային փոփոխություններ»։ Հարցին, թե «գաղափարական նույն հենք ունենալը եւ ժողովրդականություն վայելելը բավարա՞ր են իշխանություն դառնալու համար», Արամ Սարգսյանը՝ Ստեփան Դեմիրճյանի այդ հատկանիշներին ավելացրեց նաեւ հետեւյալը. «Ինքն այս տարիների ընթացքում իրեն ճիշտ դրսեւորեց։ Նա որեւէ քայլ չարեց, որի համար հիմա պետք է պատասխան տա, վարկաբեկիչ քայլ ինքը չկատարեց։ Բացի այդ, իրոք, որոշումներ է ընդունել, որոնք բավականին սթափ մարդու տպավորություն են թողնում։ Բացի այդ՝ երկիրն այս վիճակից եթե ուզում ես դուրս բերել, պետք է կարողանաս իրականացնել կոլեգիալ կառավարումը»։ Ի դեմս վերջինիս, Դեմկուսի առաջնորդը նկատի ուներ «քաղաքական պատասխանատվություն վերցնելու» հարցը։ Թե Արամ Սարգսյանը Դեմիրճյանի թիմում ի՞նչ պաշտոն է զբաղեցնելու՝ «կգա ժամանակն ու կիմանաք»։ Ինչ վերաբերում է չձեւավորված միասնական թեկնածուին՝ «դա կարող էր լինել այն պարագայում, եթե մենք համոզված լինեինք նաեւ, որ բոլոր տեսակի անակնկալները բացառվում են»։ Թե ի՞նչ անակնկալների մասին էր խոսքը՝ նախկին թեկնածուն «փակագծերը» չցանկացավ բացել։ Նաեւ՝ «մենք հնարավորություն պետք է տայինք, որ ժողովուրդը 2-3 հոգու մեջ ընտրություն կատարի»։ Դա Ս. Սարգսյանն ավելի շատ է կարեւորում։ Բայց նաեւ համարում է, որ «միասնական թեկնածու հասկացությունն իրականանում է, որովհետեւ երկու հիմնական թեկնածուներն ունեն իրենց պաշտպանյալ կազմակերպություններն ու կուսակցությունները»։ Նկատի ունի Գեղամյանին եւ Դեմիրճյանին։ Բայց ընդդիմության պայմանավորվածությունը՝ երկրորդ փուլում անցած թեկնածուի շուրջ համախմբվել, ուժի մեջ է։ Ա. Սարգսյանը նաեւ Դեմիրճյանին չմիանալու պարագայում՝ «մյուսների չափ այցելությունների եւ հեռուստաելույթների» դեպքում, իրեն տեսնում է «հիմնական թեկնածուների շարքում»։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել