Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԻՆՉ ԱՐԺԵ ԸՆՏՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ

Փետրվար 15,2003 00:00

ԻՆՉ ԱՐԺԵ ԸՆՏՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ Մեր երկիրը կառուցելու կամ քանդելու ամենահզոր միջոցը ՀՀ նախագահի, ԱԺ-ի եւ ՏԻՄ-ի ընտրություններն են, քանզի ժողովրդի կողմից ստեղծված իշխանությունն է լուծում տնտեսական, սոցիալական եւ մնացած բոլոր հարցերը: Սեփական ժողովրդի նկատմամբ դրսեւորած վերաբերմունքից, իրենց պարտականությունները կատարելու ունակությունից է կախված ողջ իշխանական համակարգի արդյունավետությունը: Բոլորիս հայտնի է, որ վերջին տարիներին իբր ժողովրդի կողմից ստեղծված իշխանությունները ոչ միայն չեն նպաստել մարդկանց բարեկեցության բարձրացմանը, այլ ընդհակառակը՝ չարաշահելով ժողովրդից ստացած իշխանությունը, նրան հասցրել են դառը աղքատության: Չնայած պատասխանատվություն է նախատեսված, այդ թվում քրեական, ընտրական օրենսդրությունը խախտելու համար, ՀՀ-ում ընտրությունների ժամանակ թույլ են տրվում զանգվածային իրավախախտումներ, որոնց շարքում ամենատարածվածն ու ամենավտանգավորը կաշառելով ձայներ գնելն է: Ընտրակաշառքով ձայն գնելը ունի երկու կողմ՝ կաշառք տվող եւ վերցնող: Բայց դա սովորական՝ պաշտոնատար անձի կողմից ստացվող կաշառք չէ, այլ ավելի ստորացուցիչ եւ կործանարար երեւույթ: Կաշառք տվողը հանդես է գալիս գնորդի դերում, որի նպատակն է գնված ձայնով դառնալ իշխանավոր եւ այդ իշխանությունը ծառայեցնել իր կամ առանձին խմբի շահերին: Բնական է, որ ձայն, ինչպես եւ ցանկացած ապրանք գնողը վաճառողի հետ կապը խզում է եւ նրան այլեւս չի հետաքրքրում վերջինիս ճակատագիրը: Ինչպես հաճախ պատահում է կյանքում, նա վաճառողին հիշեցնում է ձայնը գնելու մասին եւ ցուցաբերում արժանի արհամարհանք, երբ վերջինս դիմում է որեւէ հարցով: Որպես ընտրակաշառք կարող են լինել ցանկացած նյութական միջոց (դրամ, տարադրամ, սննդամթերք, վառելանյութ եւ այլն), նյութական բնույթի ծառայություններ: Ընտրակաշառք է ոչ միայն դրանք տալը կամ մատուցելը, այլեւ այդ մասին խոստումները: Հայաստանում առավել տարածված է դրամական, նյութական միջոցներ բաժանելը: Առանձին դեպքերում ընտրակաշառքը մատուցվում է բարեգործության քողի ներքո (օրինակ, բնակավայրն ասֆալտապատելը, ջրի, բնական գազի անցկացումը, դիզվառելիք, պարարտանյութ եւ այլ միջոցներ տրամադրելը): Կաշառք վերցնելու հետեւանքով ընտրողը զրկվում է իր կամքն ազատ իրականացնելու իրավունքից եւ, որպես կանոն, ստիպված է լինում թեկնածուներից որեւէ մեկին կողմ կամ դեմ քվեարկել: ՀՀ քրեական օրենսգրքի 1335 հոդվածի համաձայն, կաշառքի միջոցով ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը պատժվում է ազատազրկմամբ մինչեւ հինգ տարի ժամանակով: Ընտրակաշառք տալը հանցագործություն է, որի համար պատասխանատվության են ենթակա բոլոր այն անձինք, ովքեր մասնակից են կաշառք տալուն (այդ թվում՝ ընտրվողը, միջոցներ տրամադրողը, անմիջական բաժանողը): Ուստի, ձայն գնողը մինչեւ իշխանավոր դառնալն արդեն իսկ հանցագործ է եւ դրան գնում է այն գիտակցությամբ, որ իր կողմից ներդրված միջոցները հետ է բերելու, այն էլ հարյուր հազարապատիկ ավելի, նաեւ այն անձից, ում կաշառել է: Վաճառողի դերում տվյալ դեպքում հանդես է գալիս ընտրողը, որը առաջին հերթին ընդունում է այդ ծանր վիրավորանքը: Երկրորդ. չնչին արժեքով (մինչեւ 5000 դրամ, մեկ-երկու պարկ պարարտանյութ, նույնիսկ մեկ շիշ օղի եւ այլն) գնում են նրա ամենագլխավոր եւ ճակատագրական նշանակություն ունեցող իրավունքը, որից կախված են քաղաքացու մյուս իրավունքներն ու ազատությունները՝ կյանքի, առողջության, իր հայրենիքում եւ իր տանն ապրելու, աշխատանք ունենալու, կրթության եւ այլն: Երրորդ. ձայն վաճառողը հանդես է գալիս որպես հարազատներին, բարեկամներին, ընկերներին դավաճանող, քանզի գնվածությամբ ձեռք բերված իշխանությունը հանցավորը գործադրում է նաեւ նրանց նկատմամբ: Շատ պարզ եւ հասկանալի են նաեւ ընտրակաշառք վերցնելու մղումները: Նախ եւ առաջ դա պայմանավորված է սոցիալական վիճակով: Բնակչության բացարձակ մեծամասնությունը գտնվում է ծայրաստիճան աղքատության մեջ, ստացած եկամուտները, այդ թվում աշխատավարձը, չեն բավարարում նվազագույն կարիքները հոգալուն: Սակայն ընտրակաշառք վերցնելու գլխավոր պատճառն ընտրելու իրավունքի արժեքը չգիտակցելն է, երբ քաղաքացին, եթե նրան կարելի է այդպես անվանել, այդքան էժան «ծախվում» է հանցագործին, որը հետագայում, գնած իշխանությունը չարաշահելով, զբաղվում է հանցավոր գործունեությամբ՝ ի վնաս ամենքիս: Եթե ընտրողը հասկանա, որ իրեն տրվող կաշառքը հենց իրենից է վերցված կամ վերցվելու է, դրան չի գնա: Բացի այդ, ընտրակաշառքը նա լավագույն դեպքում ծախսելու է մի քանի օրում, իսկ հետագայում նյութապես ու բարոյապես տուժելու է «ընտրվածի» իշխանավարության ողջ ընթացքում: Ընտրակաշառք վերցնելը քրեորեն պատժելի չէ, սակայն այդ քայլով ընտրողն իրեն եւ մյուսներին դնում է սոցիալական եւ տնտեսական ծանր կացության մեջ, կրում զրկանքներ, որոնք հավասարազոր են պատիժ կրելուն, դեռ ավելին: Ընտրական իրավունքը չի կարող նյութականացվել, այն գին չունի եւ ենթակա չէ վաճառքի: ՆՈՐԻԿ ՄԱՂԱՔՅԱՆ ԵՊՀ քրեական իրավունքի դասախոս

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել