Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՓՈՒԼՆ ԱՆՑԱԾ 5 ՏԱՐՎԱ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԷՐ

Փետրվար 15,2003 00:00

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՓՈՒԼՆ ԱՆՑԱԾ 5 ՏԱՐՎԱ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԷՐ Իսկ դա վտանգավոր օրինաչափություն է Եվս չորս-հինգ օր ու նախընտրական շիկացած կրքերը կհանդարտվեն՝ իրենց տեղն անպայմանորեն զիջելով ետընտրական քննարկումներին: Դրանք, կարծում ենք, պակաս բորբոքված չեն լինի, ընդ որում՝ անկախ ընտրությունների արդյունքից: Իսկ գուցե ոմանց կանխատեսումներն իրականանան, ու հայ հասարակությունը եւս մի քանի օր ստիպված լինի հետեւել ընտրությունների հավանական երկրորդ փուլին, որն այդ դեպքում որակապես այլ կլինի: Իսկ առայժմ փորձենք ամփոփել նախընտրական շրջանն ու նախագահ Քոչարյանի պաշտոնավարությունը: Դա մենք կանենք հնարավորինս ամփոփ կերպով: Իսկ ՀՀ նախագահի ընտրությունների նախընտրական շրջանը մեր ապրած ու անցած վերջին հինգ տարիների օրգանական շարունակությունն էր: Թերեւս, հնարավոր չէր էլ լինի նախագահական ընտրությունների նախընտրական շրջանի անցուդարձը կտրել ու դուրս բերել արատավոր երեւույթների այն շրջապտույտից, որոնք մեզ ուղեկցեցին 98-ի՝ այն ժամանակ շատերի համար բաղձալի, իշխանափոխությունից հետո: Անցած այդ տարիների ողջ կեղտն ամփոփվեց չորեքշաբթի սպասվող ընտրությունների նախընտրական փուլում, եւ դա օրինաչափ է: Լավ կյանքից չէր, որ նախընտրական շրջանը սկսվեց իշխանական տարբեր ատյանների դեմ հարուցված դատական պրոցեսներով՝ կապված ՀՀ նախագահի թեկնածուներից մեկի նախաձեռնող խմբերին ԿԸՀ-ում չգրանցելու, իշխանությունների կողմից հատկապես ընտրությունների լուսաբանումից մեկուսացնելու նպատակով փակված «Ա1+» եւ «Նոյյան Տապան» հեռուստաընկերությունների վերահեռարձակումը կանխելու հետ: Քննարկման ու դատական պրոցեսի նյութ դարձավ մի դեպքում ՀՀ 10 տարվա քաղաքացիություն չունեցող, բայց արդեն 12 տարի Հայաստանում մշտապես բնակվող Րաֆֆի Հովհաննիսյանին՝ որպես ՀՀ նախագահի թեկնածու, գրանցման մերժումը, եւ դարձյալ 10 տարի ՀՀ քաղաքացիություն չունեցող եւ ոչ էլ 10 տարի ՀՀ-ում բնակված Ռոբերտ Քոչարյանի՝ որպես նախագահի թեկնածու գրանցելը: Ու եթե ՀՀ Սահմանադրության խախտման մի դեպքը դատարանը չհանդուրժեց՝ նկատի ունենալով Ր.Հովհաննիսյանի ժողովրդականությունը, ապա գործող նախագահ Քոչարյանի համար ՀՀ «արդարադատ» դատարանը կանաչ լույս վառեց: Սա էլ, ի դեպ, իշխանություններին հատկանշական երեւույթ է, որովհետեւ արդեն հինգ ու ավելի տարի մենք վկան ենք այս ոլորտում տիրող իրավական քաոսի ամրապնդմանը, գործադիր իշխանությունից ու Արդարադատության խորհրդի նախագահ Ռոբերտ Քոչարյանից կախված արդարադատության համակարգի կոռումպացվածությանը, «վերեւից» զանգերի ու հրահանգների, փողի վրա խարսխված ու դատարաններում հնչող դատավճիռների՝ Աշոտ Բլեյան, Նիկոլ Փաշինյան, «Պապլավոկ», «Ա1+» ու «Նոյյան Տապան», «Հոկտեմբերի 27»-ի գործով ամբաստանյալների համաներում եւ այլն: Օրինակներ, իհարկե, կարելի է էլի թվել: Նախընտրական փուլում նաեւ ահաբեկչություն տեղի ունեցավ: Սպանվեց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանը: Այդ ահաբեկչության բացահայտման մասին առայժմ խոսելու առիթ չունենք, ու դա եւս շատ բնական է՝ նկատի ունենալով դեռ 4-5 տարի առաջ տեղի ունեցած բարձրաստիճան այլ պաշտոնյաների սպանությունների, նաեւ «Հոկտեմբերի 27»-ի, առավել եւս կազմակերպիչների, բացահայտված չլինելու հանգամանքը: Ընդհանրապես դեկտեմբերի 28-ին տեղի ունեցած ահաբեկչությունն էլ, անշուշտ, ահաբեկչության համար այն պարարտ հողի ու համապատասխան մթնոլորտի արդյունքն էր, որ, համաձայնեք, խիստ օրինաչափ ու բնութագրական էր անցած հինգ տարիների համար: Վերջին 40-60 օրերի ընթացքում Հայաստանում ոչ մի հրաշք տեղի չունեցավ ու ոչինչ չփոխվեց՝ նաեւ ժողովրդի ու երկրի օրենքների նկատմամբ վերաբերմունքի առումով: Որպես կանոն՝ պետական բարձրաստիճան պաշտոնյաները շարունակում են խախտել երկրի Սահմանադրությունն ու օրենքները. զորօրինակ՝ Ընտրական օրենսգիրքը, ու դրա համար ոչ միայն չեն պատժվում, այլեւ արդարացվում եւ հովանավորվում են երկրի նախագահի, նրան առընթեր ԱԽ քարտուղարի ու թեկնածու նախագահի նախընտրական շտաբի քարոզչության պատասխանատուի կողմից: Նախընտրական շրջանում պաշտոնյաներն ընտրակաշառք էին բաժանում, իսկ իշխանություններն ասում էին, թե՝ դուք ճիշտ չեք տեսել. նման բան չի եղել: Սա էլ օրինաչափ է այս իշխանությունների օրոք, եթե նկատի ունենաք, որ նույնիսկ պաշտոնյաների ու մտավորականների, լրագրողների աչքի առաջ «Պապլավոկում» տեղի ունեցած սպանությունն են ասում՝ դուք ճիշտ չեք կամ լավ չեք տեսել. այնտեղ միայն «անզգույշ քաշքշուկ է եղել»: Անպատժելիությունն ու մանավանդ թողտվությունը, նաեւ բացառությունները, բնականաբար, վերաբերել են միայն Քոչարյանին, երբ, օրինակ՝ նա օրինախախտման գնով համառորեն չէր ստորագրում դեռ նախորդ ԱԺ-ի արտահերթ նստաշրջաններ հրավիրելու հրամանագիրը: Օրինախախտումներն անպատժելի են մնացել նաեւ այն դեպքերը, որոնք առնչվել են իշխանավորների «սվոյներին»: Կամ՝ կարո՞ղ էր նախընտրական փուլը զերծ մնալ հետապնդումներից ու բռնություններից՝ մասնավորապես նախագահ Քոչարյանին «դուք միշտ ճիշտ եք, շեֆ» չասող, թեկնածու Քոչարյանի հետ հանդիպումների ժամանակ նրա հասցեին ռեպլիկ արած մարդկանց, այլ թեկնածուներին սատարող կամ համակրող պետական ծառայողների նկատմամբ, նրանց աշխատանքից ազատելու փաստերից, երբ այդ երեւույթները կրնկակոխ ուղեկցել են մեզ նաեւ անցած հինգ տարիներին: Կարո՞ղ էր թեկնածու Քոչարյանը նախընտրական փուլում զերծ մնալ «տեսնում եմ մի քանիսի գլուխը ցավում է», իր հայտարարություններին կասկածողներին «շողուլի բերելու» մասին սպառնալից հայտարարություններից, երբ նախագահ Քոչարյանը պատգամավորներին սպառնում էր «ականջը քաշել»: Նախընտրական փուլն անմասն չմնաց նաեւ Քոչարյանի յուրատեսակ հռետորական ոճից, որ մենք լսել էինք դեռ 98-ի նախագահական ընտրությունների նախընտրական փուլից ի վեր, երբ դեռ թեկնածու Քոչարյանը, իր կարծիքով, կատակում էր «կլիզմայի», գոտկատեղից ցածր գտնվող ու վատ պարողին խանգարող հանգամանքների, «մոսկաների» ու այլնի թեմաներով: Այս իմաստով էլ նախընտրական փուլում ոչինչ չեղավ ու ոչ մի առաջընթաց չարձանագրվեց: ՀՀ գործող նախագահն այս ընթացքում էլ չդավաճանեց իրեն՝ խոսելով իներցիայով շարժվող մեքենայի անիվի տակ «լոմ կոխելու», «հուպ տալու» եւ այլնի մասին: Թվում է, թե միայն այսքան ու սեղմ համեմատություններն ինքնին վկայությունն են այն բանի, որ գործող նախագահի պաշտոնավարության ու նախընտրական շրջանին ուղեկցած մարտավարությունը նույնն են մնացել, իսկ դա արդեն օրինաչափություն է: Կարծում ենք, այսպես՝ երկրի օրենքների վրա թքելու, սպառնալու, վհուկների որսով զբաղվելու, հետապնդումների, կոռուպցիայի, տնտեսական չեղած աճի ու 40 հազար այդպես էլ չբացված աշխատատեղերի, ահաբեկչության ու անհամ հումորների այս շղթան կարող է շարունակվել եւս հինգ տարի, եթե մեր հասարակությունն իր մեջ իրերը փոխելու կամք չդրսեւորի ու շարունակի հանդուրժել այսօր տիրող գաղջ մթնոլորտը: Իսկ եթե ոչինչ չփոխվի, ուրեմն ժողովուրդը դրան է արժանի: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել