Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հուպ ենք տալու, հանգիստ, առանց աղմուկի, հուպ ենք տալու»

Փետրվար 15,2003 00:00

«Հուպ ենք տալու, հանգիստ, առանց աղմուկի, հուպ ենք տալու» Թալինում հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը Երեկ ՀՀ նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանն այցելեց 10 գյուղ եւ 2 քաղաք։ Այցելություններն անցան ընդհանուր կազմակերպված սցենարով։ Ականատեսների վկայությամբ խիստ նկատելի տարբերություն կար Ռ. Քոչարյանին եւ ավելի վաղ՝ Ստեփան Դեմիրճյանին ընդունած գյուղացիների տրամադրության եւ մեծաքանակության մեջ։ Ագարակ գյուղի մոտ հավաքվել էին «Աշտարակ-կաթի» աշխատողները՝ դեղին գլխարկներով։ Կոշ, Սասնաշեն, նաեւ Ագարակ գյուղերը Ռ. Քոչարյանին դիմավորեցին մայրուղու վրա եւ դհոլ-զուռնա խփելով, կենացի պես կարճ էլ ճանապարհեցին։ Նույնն էր նաեւ Սասնաշենի պարագայում՝ «տուն» հրավիրող չեղավ, ճանապարհի վրա ընդունեցին ու ճանապարհեցին։ Եվ սա այն դեպքում, երբ նախարարներից ոմանք այս տարածաշրջանում խախտելով Ընտրական օրենսգիրքը, քարոզչություն էին արել։ Ամբողջ քարոզարշավի ընթացքում հետեւելով նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի այցերին ու հանդիպումներին, վստահաբար կարող եմ արձանագրել, որ Սառնաղբյուր գյուղի նմանը չէի տեսել։ Թեպետ Ռոբերտ Քոչարյանն իմ ֆավորիտ թեկնածուն չէ, բայց օբյեկտիվորեն պետք է նկատեմ, որ ոչ մի տեղ թեկնածուին այնքան ջերմ չէին ընդունել ողջ քարոզարշավի ընթացքում, որքան Սառնաղբյուր գյուղում։ Ու եթե ընտրությունների արդյունքում Ռ. Քոչարյանը ձայների որոշ քանակ հավաքի, հաստատապես՝ մեծ մասն այդ գյուղից է լինելու։ Թալինում եւ ընդհանրապես նախկին սասունցիներով բնակեցված գյուղերում իրենց թեկնածուն են համարում Ստեփան Դեմիրճյանին եւ նույնիսկ հայտարարել էին, թե որեւէ թեկնածու պետք էլ չէ, որ իրենց այցելի, սակայն «կազմակերպված» ձեւով, հանուն քաղաքապետի եւ գյուղապետերի անվտանգության, «ջերմորեն» ընդունեցին եւ անփորձանք ճանապարհեցին Ռոբերտ Քոչարյանին։ Այս թեկնածուին սատարող եւ քարոզարշավի ընթացքում նրան հետեւող քաղաքական ուժերի ներկայացուցիչները փափուկ բարձ են դնում Ռ. Քոչարյանի գլխի տակ, վերջինիս վստահեցնելով, որ ժողովուրդն իրեն սիրում է, ընտրելու է եւ առանց նրա կյանք չունի։ Իրականությունն այլ է, եւ եթե իրոք արդար ու ազնիվ ընտրությունները հնարավոր լինեն, Ռ. Քոչարյանը հայտնվելու է կոտրած տաշտակի առաջ։ Ռ. Քոչարյանին սատարողներն իրենց ելույթներում երկինք էին բարձրացնում վերջինիս եւ ժողովրդին ներկայացնում էին բացարձակապես անթերի, անսխալ ու իդեալական մի կերպար։ Իսկ այդպիսիք, նույնիսկ երրորդ դասարանցին գիտի, որ չեն լինում։ Երեւի թալինցիները եւս գիտեին։ Ագարակի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Հասմիկ Սահակյանի զգայացունց ելույթում եւս Ռ. Քոչարյանը լուսապսակով էր։ Նա ուսուցչուհուն հառնում էր Փյունիկի պես։ Ունկնդիրներն այդ ելույթից իմացան, որ հայոց բանակը նա է որ կա, որ Ղարաբաղը միայն նա կարող է պահել, որ նա Հայաստանի եւ Ղարաբաղի միավորման խորհրդանիշն է։ Այդ նույն ժամանակ մի կին զայրույթից իրեն կորցրած բղավեց՝ «իմ եղբայրն է զոհվել Ղարաբաղում, ինքը չի զոհվել, իմ եղբայրն է պահել Ղարաբաղը, հիմա սա եկել, քարոզ է անում»։ Կողքին կանգնած ընկերուհին բառացիորեն փակեց կնոջ բերանը ձեռքով եւ մի կերպ քարշ տալով հեռացրեց հարթակի մատույցներից։ Մի քանի տղամարդ հավաքվեցին եւ կնոջն անընդհատ համոզում էին՝ «ցավդ տանեմ, համբերի, հիմա կգնան, ուզում ես բոլորիս վնասե՞լ»։ Թալինցիները մի գեղամյանական պաստառ էին բերել՝ «Քոչարյան, հուպ տուր»։ Ըստ երեւույթին, այս պաստառը նաեւ Ռ. Քոչարյանի ճաշակով էր, քանի որ իր ելույթը նա հենց դրանից էլ սկսեց. «Հուպ եմ տալու, հանգիստ, առանց աղմուկի, բայց հուպ ենք տալու»։ Արթիկում նախագահի թեկնածուն, հավաքված բազմաթիվ մարդկանց առաջ (հիմնականում՝ անգործ, հիասթափված եւ հետեւաբար՝ կողմնորոշված) հայտարարեց, թե ինքը լավ մարզական վիճակում է, միայն ձայնալարերն են հոգնել, որովհետհեւ շատ խոսել չի սիրում։ Կարելի է ենթադրել, թե արթիկցիները թեկնածուին բասկետբոլ խաղալու էին հրավիրել։ Բայց նույնիսկ հոգնած ձայնալարերով, նախագահի թեկնածուն Արթիկում բավականին երկար եւ հանգամանալից խոսեց, ներկայացնելով իրեն, իր արածն ու վերընտրվելու դեպքում՝ անելիքը։ Ելույթից հետո մի պապիկ՝ բավականին հուզված ու այդքան պաշտոնյաների ներկայությունից մի փոքր գույնը գցած, անսպասելի մոտեցավ Ռ. Քոչարյանին եւ խզված ձայնով հասցրեց ասել, որ իր որդին ազատամարտիկ է, բայց այս տարիների ընթացքում ոչ մի կարգավիճակ չի ստացել, որ ունի 4 թոռ, որոնց դժվար է պահել առանց աշխատանքի ու առանց նպաստի։ Ռ. Քոչարյանը բավականին ուշադիր էր լսում, բայց մարզպետ Փիրումյանը, շտապեց բացատրել, որ այո, կան արցախյան ազատամարտի մի քանի մասնակիցներ, ովքեր դեռ կարգավիճակ չունեն, բայց հարցը շուտով կկարգավորվի։ Ծերուկը, իհարկե, չհավատաց մարզպետի պատասխանին, իսկ թեկնածուին երեւի բավարարեց այն։ Հանդիպումը շուտափույթ ավարտվեց եւ չեղավ հարցուպատասխան, թեկնածուն եւ նրան ուղեկցողները շտապ նստեցին մեքենաներն ու հեռացան դեպի հաջորդ գյուղերը, որտեղ նրան ընդունեցին նույն դհոլ-զուռնայով, սեղանով ու կենացով։ Բայց «հուպ տալու» մասին այստեղ խոսք չեղավ։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել