Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄՆՈՒՄ Է՝ ՏԵՐ ԿԱՆԳՆԵԼ ՁԱՅՆԵՐԻՆ

Փետրվար 15,2003 00:00

ՄՆՈՒՄ Է՝ ՏԵՐ ԿԱՆԳՆԵԼ ՁԱՅՆԵՐԻՆ Նկարագրելու համար, թե ինչ ընդունելության արժանացավ նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանը երեկ Գեղարքունիքի մարզում՝ հարկ կլիներ օգտագործել գերադրական աստիճանի ածականներ: Իսկ այն հայհոյանքները, որ Վարդենիսի, Մարտունու, Գավառի բնակիչները տալիս էին իշխանությունների հասցեին՝ ընդհանրապես հնարավոր չէ մեջբերել: Ի՜նչ հնարքների ասես, որ չէին դիմում տեղացիները՝ ՀԺԿ նախագահին իրենց գյուղ տանելու համար: Ճանապարհները փակում էին անգամ բեռնատարներով ու ավտոբուսներով: Եվ երբ Ծովինարից եկած մի ավտոբուսի վարորդի հարցրի, թե ով է նրանց տրամադրել այն՝ վիրավորվեց. «Ժողովո՛ւրդը: Ինչ է, մեր գլուխը խելք չկա՞»: Մարդիկ ինքնակամ սպասում էին՝ ժամերով կանգնած ձյունախառն անձրեւի տակ: Իսկ այս մարդը, Գավառի սարսափելի քամու եւ ցրտի պայմաններում, հանուն Դեմիրճյանի կազմակերպել էր ընտրավազք: Վարդենիսում Դեմիրճյանին ուղեկցեց մոտ 15 ձիավոր: Բացի այդ՝ նրան անընդհատ փորձում էին ձեռքերի վրա բարձրացրած տանել, բայց Դեմիրճյանը հրաժարվում էր: Այս ամենի պատճառով, ասենք, Սեւանում ժամը 17:00-ին ծրագրված հանդիպումը կայացավ ավելի քան 3 ժամ ուշացումով: Այս ամենը տեսնելուց հետո՝ Արշակ Սադոյանը, որ Դեմիրճյանին պաշտպանող այլ կուսակցությունների ղեկավարների հետ ուղեկցում էր նախագահի թեկնածուին՝ հայտարարեց. «Եթե տեր չկանգնենք ձեր ձայներին՝ մենք ենք մեղավոր. մեղքը մերն է՝ քաղաքական ուժերինը եւ ոչ թե ժողովրդինը: Այս ժողովրդական վստահությունից, սիրուց հետո՝ եթե մենք հանդուրժենք, որ ինքնավերականգնվեն այս իշխանությունները, արժե, որ հրաժարական տանք ու թողնենք-հեռանանք քաղաքականությունից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել