Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԳԱԼԻՍ ԵՆ ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ

Փետրվար 15,2003 00:00

ԳԱԼԻՍ ԵՆ ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ Արամ Կարապետյանի հաղթարշավը Ընդամենը երկու օրից՝ փետրվարի 17-ին, ՀՀ նախագահի թեկնածուների նախընտրական քարոզչությունը կարգելվի: Դա օրենքի պահանջն է: Նրանցից ով ինչ էլեկտորատ ձեռք բերեց, կամ ընդհակառակը՝ կորցրեց, առավել հստակ կերեւա քվեարկության բուն օրը՝ փետրվարի 19-ին: Քարոզարշավի այս բուռն գործընթացներում մեկ երեւույթ կա, որը չնկատել պարզապես չի կարելի: Դա ՀՀ նախագահի թեկնածու Արամ Կարապետյանն է, որի հայտնությունը հայրենի քաղաքական ասպարեզ պարզապես նոր շունչ ու թարմություն հաղորդեց ոչ միայն հայրենի քաղաքական ընտրահույլին, այլեւ որակական նոր լիցք՝ արդեն նողկալի ու միապաղաղ դարձած գործընթացներին: Մենք բոլորս արդեն վաղուց հոգնել ենք ամենուր միեւնույն դեմքերին ունկնդրելուց ու միեւնույն, շատ կներեք՝ բարբաջանքները լսելուց: Այսօր, ի դեմս Արամ Կարապետյանի՝ որակական նոր հարթություն ենք մուտք գործում, ասել է թե՝ գալիս են նոր ժամանակներ… Իսկ ինչ է մտածում այդ նոր ժամանակների առաջամարտիկը՝ Արամ Կարապետյանը, որին մինչ ընտրությունները վերջին հնարավորությունն է ընձեռված ներկայանալու «Առավոտի» էջերում: – Պարոն Կարապետյան, Դուք բավականին ագրեսիվ ու գրագետ քարոզարշավ անցկացրիք, եղաք բազմաթիվ բնակավայրերում, զրուցեցիք ընտրողների հետ եւ ընդամենը մի քանի օրից դիմավորելու եք ընտրությունները: Ի՞նչ տպավորություն ստացաք, կարո՞ղ եք ամփոփել: – Շատ հրաշալի ընտրարշավ անցկացրինք, բազմահազարանոց հանրահավաքներ, ցնծություն ու ոգեւորություն, մարդկանց ակտիվության աստիճանը օր օրի բազմապատկվում էր: Եվ եթե նկատել եք, պատահական չէ, որ մենք «հաղթարշավ» անվանումն ենք օգտագործում: Մարդիկ ուզում են հասկանալ, ընդունել, ստեղծված կացությունից դուրս գալ: Ամփոփելով կարող եմ շատ հստակ մի քանի հանգամանք նշել. 1. Ծայրաստիճան բողոքական են տրամադրված գործող իշխանությունների նկատմամբ: Հաճախ նույնիսկ այդ բողոքականությունը հասնում է թշնամական աստիճանի, ինչն իհարկե ես չեմ ողջունում: 2. Սկզբի օրերին այդ բողոքականության ալիքն այնքան մեծ էր, որ նույնիսկ մարդիկ չէին ուզում լսել ծրագրեր, գաղափարներ: Մարդկանց միայն հուզում էր, թե ով ինչ ուժգնությամբ կհայհոյի այս կամ այն բարձրաստիճան իշխանավորին: Բայց դա անցավ եւ այսօր արդեն մարդիկ լսում ու տարանջատում են, ինչպես ասում են, «թացը՝ չորից»: 3. Որքան քիչ լինեն այդ բողոքականության ծայրահեղ դրսեւորումները, այնքան ավելի մեծ կլինի հաղթելու իմ հնարավորությունը: Քանի որ, կարծում եմ, թե՛ ծրագրերի, թե՛ ելույթների ու բանավեճի առումով ոչ մի այլընտրանք չունեմ: Ձեր խոսքը՝ ընտրողներին – Մեր հայրենակիցներին ուզում եմ վստահեցնել, որ միանշանակ կարելի է գնալ մինչեւ վերջ, հաղթել ու երկիրն այս վիճակից դուրս բերել: Եվս մեկ անգամ ուզում եմ հայտարարել, որ ես գնալու եմ մինչեւ վերջ: Դա է ինձ պարտավորեցնում երկրի նկատմամբ իմ՝ որպես ՀՀ քաղաքացու եւ քաղաքական գործչի, ունեցած պատասխանատվության զգացումը: Եվ ես վստահ եմ, իսկապես կարող ենք դուրս գալ այս մղձավանջից եւ վերակերտել մեր ազգի երբեմնի դիրքն ու փայլը: Ճիշտ է, կան նաեւ բազմաթիվ օբյեկտիվ դժվարություններ այդ ճանապարհին, սակայն շատ ավելի ճնշող են սուբյեկտիվ դժվարությունները. կաշառակերություն, կոռուպցիա, կլանային համակարգ: Ես վստահ եմ, որ այս ամենին վերջ կտրվի, այս «ախպերական» համակարգի մեջքը կջարդենք, եւ իսկապես կգան նոր ժամանակներ… R

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել