Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՈՉ-ՈՔԻ

Փետրվար 14,2003 00:00

ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՈՉ-ՈՔԻ Ֆուտբոլի Հայաստանի ազգային եւ օլիմպիական հավաքականները փետրվարի 12-ին Թել Ավիվում ընկերական հանդիպում ունեցան Իսրայելի երկու համանուն ընտրանիների հետ։ Մեր ազգային հավաքականը, որի կազմում բացակայում էին լեգեոներական մի քանի առանցքային խաղացողներ, իսրայելցիներից 0։2 հաշվով պարտություն կրեց։ Անկեղծ ասած, ցանկալի կլիներ, եթե մեր երկրի գլխավոր թիմը 2003թ. մրցաշրջանը պարտությունով չսկսեր։ Սակայն հարկ է նկատի ունենալ, որ ֆուտբոլային տարին Հայաստանում փաստորեն դեռ չի սկսվել ու ֆուտբոլիստները ոչ միայն պատշաճ մարզավիճակ չունեն, այլեւ ըստ էության առաջին անգամ էին միասին՝ մեկ թիմով խաղադաշտ մտնում։ Այս անգամ ստացվեց այնպես, որ մարզական լրագրողների հնարավոր չեղավ տանել հանդիպման, դրա համար էլ դժվար է գնահատական տալ մեր ֆուտբոլիստների ցուցադրած խաղային ու բարոյակամային որակներին։ Հուսանք միայն, որ մինչեւ Հյուսիսային Իռլանդիայի հետ այս ամսվա վերջին կայանալիք անդրանիկ պաշտոնական հանդիպումը լուծում պահանջող հարցերը ինչ-որ չափով կկարգավորվեն, ու մեր ընտրանին Երեւանում կկարողանա ուրախացնել հայ ֆուտբոլասերներին։ Իսկ դա հրամայական է, քանի որ Եվրոպայի 2004թ. առաջնության ընտրական մրցաշարի 6-րդ խմբում Հայաստանի ազգային հավաքականը հյուսիսիռլանդացիների հետ միասին վաստակել է 1 միավոր, սակայն գնդակների հարաբերակցությամբ մեկ աստիճան բարձր է կանգնած նրանցից։ Փետրվարի 12-ին իր անդրանիկ փորձամրցումն անցկացրեց նաեւ Հայաստանի օլիմպիական (երիտասարդական) հավաքականը։ Իսրայելի իրենց հասակակիցների հետ հանդիպման առաջին կեսում կողմերից ոչ մեկին չհաջողվեց հաշվի մեջ առաջ անցնել։ Երկրորդ խաղակեսից 3 րոպե անց, ըստ արտասահմանյան լրատվամիջոցների, դաշտի տերերից Է. Բարդան առաջ է մղել իր թիմին։ Սակայն իսրայելցիների ուրախությունը երկար չի տեւել։ 60-րդ րոպեին Դավիթ Գրիգորյանը վերականգնել է հավասարակշռությունը։ 1։1 հաշիվը դրանից հետո չի փոխվել։ Նույն օրը ընկերական հանդիպումների օր էր նաեւ աշխարհի տարբեր երկրների ազգային հավաքականների համար։ Դրանցում գրանցվել են այսպիսի արդյունքներ. Վրաստան-Մոլդովա՝ 2։2, Չինաստան-Բրազիլիա՝ 0։0, Կիպրոս-Ռուսաստան՝ 0։1, Բուլղարիա-Հունգարիա՝ 1։0, Թունիս- Շվեդիա՝ 1։0, Խորվաթիա-Լեհաստան՝ 0։0, Ալժիր-Բելգիա՝ 1։3, Մալթա-Ղազախստան՝ 2։2, Եգիպտոս-Դանիա՝ 1։4, Հունաստան-Նորվեգիա՝ 1։0, Ռումինիա-Սլովակիա՝ 2։1, Թուրքիա-Ուկրաինա՝ 0։0, Հոլանդիա-Արգենտինա՝ 1։0, Սլովենիա- Շվեյցարիա՝ 1։5, Իտալիա-Պորտուգալիա՝ 1։0, Ֆրանսիա-Չեխիա՝ 0։2, Ուելս- Բոսնիա՝ 2։2, Անգլիա-Ավստրալիա՝ 1։3, Շոտլանդիա-Իռլանդիա՝ 0։2, Հս. Իռլանդիա-Ֆինլանդիա՝ 0։1, Իսպանիա- Գերմանիա՝ 3։1։ Ա. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել