Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդիկ արտագաղթում են անարդարությունից

Փետրվար 14,2003 00:00

Մարդիկ արտագաղթում են անարդարությունից Բաց նամակ Ռոբերտ Քոչարյանին Նախկին նախագահական ընտրություններում, անկեղծ պետք է լինեմ, ձայնս տվել եմ ձեզ: Հավատով, որ Դուք ի վիճակի կլինեք, Ձեր համառությամբ, վճռականությամբ եւ պետական մտածողությամբ, վերականգնել բարոյահոգեբանական, օրինական այն մթնոլորտը, որը կար Հայաստանում մինչ, գրեթե բոլոր, բարոյական արժեքների աղավաղումը: Կարոտախտ չունեմ, ուղղակի՝ իրերն իրենց անուններով: Հատկապես հուսով էի, որ երկրի օրինական կառավարման ամուր հիմքեր կստեղծվեր՝ Հայաստանի համար նոր իրավիճակում: Ցավով պետք է նշեմ, որ շատերը (որոնցից մի քանիսին անձամբ ճանաչում եմ, հանգամանքների բերումով), մասնավորապես ես, այդ 8220օրինականության8221 զոհերն ենք: Իմ ծանոթացումը մեր դատաիրավական համակարգի հետ տեղի ունեցավ շուրջ 3,5 տարի առաջ, եւ այդ ծանոթությունից առաջացան տպավորություններ, որոնց մասին կուզեի հայտնել Ձեզ: Հնարավոր է, որ Ձեզ թվա, թե իմ ասածների մեջ չափազանցություններ կան կամ իմ գործը եզակի է դրանում եղած անօրինականությունների քանակով եւ բնույթով: Եթե Ձեզ այդպես թվա, ապա Ձեր բազմաթիվ շրջագայությունների եւ հանդիպումների ժամանակ հարց ու փորձ արեք ժողովրդին եւ յուրաքանչյուրը, ով վերջին տարիներին դժբախտություն է ունեցել առնչվելու մեր դատաիրավական համակարգի հետ, նույնանման, եթե ոչ ավելի զարհուրելի օրինակներ կբերի իր սեփական փորձից: Բոլորովին պատահական չէ, որ Ձեր մրցակիցները, ցանկանալով վարկաբեկել Ձեզ, միահամուռ նշում են, որ մեր երկրում օրենքները չեն գործում: Դրանում ես 3,5 տարում բազմիցս առիթներ եմ ունեցել համոզվելու: 1998թ. որոշ գումար էի ներդրել Հայաստանում գործող մի արտասահմանյան կազմակերպությունում, համատեղ գործունեություն իրականացնելու համար: Դա իմ գույքի վաճառքից գոյացած եւ պարտքով վերցված գումարներ էին, որոնք ես վստահությամբ էի ներդնում արտասահմանյան այս կազմակերպությունում, քանի որ այն մեծ հեղինակություն էր վայելում (եւ այժմ էլ վայելում է) ամբողջ աշխարհում: Այնուամենայնիվ, գումարը ներդնելիս կազմակերպությունից պահանջեցի եւ ստացա դրա փաստը հաստատող բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը՝ պայմանագիրը, մուտքի անդորագիրը եւ այլն: Ամիսներ անց, տեսնելով, որ այդ կազմակերպությունը չի կատարում իր պարտավորությունները, դիմեցի նրանց՝ գումարս վերադարձնելու պահանջով: Կազմակերպության ներկայացուցիչը, որը եկել էր Անգլիայից, հայտարարեց, որ տնօրենը (ՀՀ քաղաքացի), որի հետ կնքել էի պայմանագիրս, խարդախ է, եւ կազմակերպությունը իր այդ տնօրենի գործողությունների համար իմ առջեւ որեւէ պատասխանատվություն չի կրում: Իմ տրամաբանական առարկություններից հետո, որ տնօրենը գործել է կազմակերպության անունից, որ այդ տնօրենին իրենք են նշանակել, այլ ոչ թե ես, ի դեմս տնօրենի ինձ հետ գործարք է կնքել կազմակերպությունը եւ ինքն էլ պարտավոր է հատուցել իր անբարեխիղճ տնօրենի կողմից ինձ հասցված նյութական վնասը եւ այլն, այդ անգլիացին սպառնալիքներով դուրս հրավիրեց ինձ իրենց գրասենյակից: Հարուցվեց քրեական գործ այդ կազմակերպության տնօրենի (ինչպես ասացի՝ ՀՀ քաղաքացի) դեմ, ես էլ իմ պահանջը օրենքով սահմանված կարգով ներկայացրի այդ կազմակերպության դեմ: Դատարանում քննվում էր իմ եւ այլ խաբված քաղաքացիների պահանջը, երբ այդ անգլիացի գործարարը Ձեզ նամակ ուղարկեց, որը՝ բացահայտ սպառնալիքներից բացի, որեւէ լուրջ բան չէր պարունակում: Պարոնը Ձեզ սպառնում էր, որ եթե դատական վճիռը իր կազմակերպության օգտին չլինի, ինքը Հայաստանի մասին իր կարծիքը կփոխի եւ իր բիզնեսը կտեղափոխի Թուրքիա: Դատախազության եւ դատարանների համատեղ ջանքերով գործը սարքվեց այնպես, որ իմ հայցը մերժվեց: Որպեսզի ես հնարավորություն չունենամ պահանջելու իմ գումարը, ինձ կպցրին հանցագործի պիտակ, մեղադրեցին փաստաթղթերի կեղծման մեջ: Կենտրոնի դատախազությունը գործ հարուցեց իմ նկատմամբ եւ անմիջապես համաներման (ամնիստիա) կիրառմամբ գործը կարճվեց: Իրավաբանները լավ գիտեն այս հնարքը: Դատախազության որոշումը (դատախազության եւ ոչ թե դատարանի) ինձ զրկեց գումարս ետ ստանալու հնարավորությունից, քանի որ դրանում գրված է, որ ես կատարել եմ հանցագործություն՝ կեղծել եմ փաստաթղթեր եւ համաներման կապակցությամբ ազատվում եմ քրեական պատասխանատվությունից: Այսպես, առանց դատ-դատաստանի ես անվանվեցի հանցագործ: Դատարաններն էլ օգտագործելով այդ որոշման առկայության փաստը, գործը լուծեցին արտասահմանյան այդ կազմակերպության օգտին: Իմ գումարները մնացին այդ կազմակերպությանը: 3,5 տարի է, ինչ բազմաթիվ բողոքներ եմ ներկայացրել Հայաստանի իրավաբանական բոլոր ատյաններ: Դիմել եմ դատական բոլոր մարմիններին, գլխավոր դատախազին, արդարադատության նախարարին, ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովին, Ձեր աշխատակազմի ղեկավարին: Սակայն ոչ ոք չհետաքրքրվեց Հայաստանի շարքային քաղաքացու ոտնահարված իրավունքներով։ Շատ մանրամասներ կարելի էր գրել այս գործի վերաբերյալ՝ մեկը մեկից զարհուրելի: Սակայն չչարաշահեմ Ձեր համբերությունը: Միտումնավոր չնշեցի գործող կողմերի անունները, քանի որ այս գործում եղած անօրինականությունները, իմ խորին համոզմամբ, ոչ թե բացառություններ են, այլ կանոն, եւ ես Ձեր ուշադրությունը ուզում էի հրավիրել ոչ թե իմ անձնական օրինակի, այլ երեւույթի վրա: Այնուհանդերձ, եթե կասկածներ կառաջանան իմ գրածների վերաբերյալ, բաց արեք թիվ 13207498 քրեական գործը եւ համոզվեք ինքներդ: Այս ամենը համընկավ Ձեր ՀՀ նախագահ եղած ժամանակահատվածի հետ: Կուզեի հավատալ, որ իմ գրությունները չեն հասել Ձեզ: Դուք տեղյակ չեք Հայաստանում դատաիրավական համակարգում տիրող, մեղմ ասած, անառողջ մթնոլորտին: Իհարկե երկու դեպքում էլ պատասխանատվությունը Ձեր ուսերից չի ընկնում: Հիշենք, որ իմ իրավունքները ոտնահարվել են այն երկրում, որտեղ ես ընտրել եմ նախագահ: Հույս ունեմ, որ իմ ընտրած նախագահը կկանգնի իր ընտրողի կողքին, որպես նրա շահերի պաշտպան: Չե՞ք կարծում, որ իսկապես այս ոլորտում լուրջ բացթողումներ կան: Ժամանակը չէ՞, արդյոք, ավելի լուրջ զբաղվել դատաիրավական համակարգով: Գ. Հ. ՀԱԿՈԲՅԱՆ ԵրՊՀ դոցենտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել