Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահի հերթական հոբին

Փետրվար 14,2003 00:00

Նախագահի հերթական հոբին Երեկ ՀՀ նախագահը այցելեց «Մոսկվա» կինոթատրոն՝ դիտելու Նիկոլայ Լեբեդեւի «Աստղ» ֆիլմը։ Չէ՞ որ նա էլ իրավունք ունի գնալու սրճարան, կինո, թատրոն, ու այդ մասին քանիցս առիթ է ունեցել արտահայտվելու։ Չգիտենք, ռուսերենը որքանով է հոգեհարազատ Վարդան Օսկանյանին, բայց, պարզվում է, որ նա էլ է ռուսական ֆիլմերի սիրահար եւ ոչ միայն։ Կինոնկարը դիտելու էին եկել նաեւ ՀՀ ոստիկանապետ Հայկ Հարությունյանն ու ԱԺ խոսնակ Արմեն Խաչատրյանը։ Վերջինս, սակայն, դահլիճի լույսերը հանգցնելուն պես «ծլկեց»՝ հասկանալի պատճառներով՝ աշխատող մարդ է։ Ի դեպ, նախագահի մուտքը դահլիճ ուղեկցվեց բուռն ծափահարություններով, ինչին եւ արժանի էր։ Որովհետեւ, փոխանակ սեփական քարոզարշավով զբաղվելու, նախագահի թեկնածու նախագահը մի կողմ էր դրել ամեն ինչ՝ տուրք տալով մշակութային նախասիրություններին։ Սա չվրիպեց նաեւ մշակույթի նախարար Ռոլանդ Շառոյանի աչքից, որը հազիվ էր վերջացրել իր խեղճուկրակ ռուսերենով ՌԴ մշակույթի նախարար Միխայիլ Շվիդկոյին համատեղ կինոարտադրություն սկսելու համար շնորհակալություն հայտնելու արարողությունը։ Հիմա էլ ստիպված էր հանդիսատեսներով լեփ-լեցուն կինոդահլիճում նախագահին ռուսերենով երախտագիտությունը հայտնել, որը վերջերս Ռուսաստանում համաձայնագիր էր ստորագրել մշակութային համագործակցության վերաբերյալ։ Լրագրողներին, որ միշտ նախկինում մանրամասնորեն ստուգում էին, այս անգամ հնարավորություն տվեցին առանց այդ «ծեսն» անցնելու, մեկուկես ժամ շարունակ նախագահի հետ միասին, կողք կողքի վայելել ֆիլմը։ Այս ամենի «մեղավորը» երեկվանից մեկնարկած «Ռուսական ֆիլմերը Երեւանում» ակցիան է, ինչի առիթով էլ Հայաստան էին ժամանել ՌԴ մշակույթի նախարարը, նրա տեղակալը, «Մոսֆիլմ» կինոկոնցեռնի գլխավոր տնօրեն Կարեն Շահնազարովը եւ մի խումբ հայտնի դերասաններ։ Առավոտ ծեգին էլ հյուրերը ասուլիս էին հրավիրել, որտեղ ներկայացվեցին Երեւանում ցուցադրվելիք 4 ֆիլմերը՝ «Աստղ», «Պատերազմ», «Հակաքիլեր», «Շարժման մեջ», ռուսական կինոյում առկա փոփոխություններն ու տենդենցները։ Կինոգետ Դավիթ Մուրադյանը նշեց, որ հայ-ռուսական կինոհամագործակցությունը երկար ճանապարհ է անցել եւ ունի հոգեւոր բազիս, ինչը պայմանավորված է երկու ժողովուրդների դարավոր բարեկամությամբ։ Ընտրությունների նախաշեմին մեկնարկած Ռուսական կինոյի օրերի վերաբերյալ ՌԴ մշակույթի նախարարը կատակեց. «Չեմ կարծում, թե ընտրություններն ու կինոն կխանգարեն միմյանց։ Ուրեմն հրաշալի երկիր եք, դրա համար էլ շարունակ ընտրությունների մեջ եք ու կրքերն էլ եռում են»։ ՌԴ մշակույթի նախարարության կինեմատոգրաֆիայի պետական աջակցության դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Լազարուկն էլ նկատեց, որ Ռուսաստանում պետության կողմից կինեմատոգրաֆիային ուղղված միջոցները բավականին ավելացել են։ ԽՍՀՄ-ի տարիներին տարեկան 100 ֆիլմ էր նկարահանվում, այսօր՝ արդեն 60։ Ի տարբերություն մյուս հյուրերի, Ռուսաստանի մշակույթի նախարարը կարեւորեց ռուսական սերիալների դերը, որոնք արդեն դուրս են մղել արտասահմանյան սերիալները։ Դրանք, ըստ նրա, սկսել են արտադրվել 1998-ից եւ եթե նախկինում մեկ սերիան նկարելու համար 12-15 հազար էր ծախսվում, ապա ռուսական ամենաթանկ սերիալը՝ «Բրիգադան», 250 հազար է արժեցել։ Ի դեպ, վերջին շրջանում երեք անգամ մեծացել է նաեւ ռուսական մշակույթի բյուջեն, ինչը առաջիկայում կրկին աճելու միտում ունի։ ՌԴ մշակույթի նախարար Մ. Շվիդկոյը խոստացավ, որ մոտ ապագայում կյանքի կկոչվեն համատեղ կինոարտադրության մի շարք ծրագրեր, անգամ եթե դրանք իրականացնելու համար ռուսական կողմը տրամադրի անհրաժեշտ միջոցների 90, իսկ հայկականը՝ 10%-ը։ «Մենք այդքան էլ մեծամիտ չենք եւ 2 միլիոնանոց հայկական շուկան մեզ համար էլ նշանակություն ունի»,- ասաց նա։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել