ՈՍԿԵ ՑԼԻԿՆ ՈՒ ՆՐԱ ԱԴԱՄԱՆԴԵ ՁԵՌՔԸ 57-ամյա Նորայր Ղարիբյանը խմբագրություն եկավ իր հետ կատարված ծանր դեպքից 4 ամիս անց, բայց դեմքը դեռ այտուցված էր ու քայլում էր դժվարությամբ։ 2002 թվականի հոկտեմբերի 15-ին այս քաղաքացուն դաժան ծեծի է ենթարկել Հ. Հակոբյան փողոցի թիվ 1 շենքի տակ տեղակայված «Ոսկե ցլիկ» ՍՊԸ-ի տնօրեն Վարդան Վարդանյանը, այդկերպ հանգստացնելով երկար ժամանակ իր մեջ կուտակած «փուքսը»։ Բանն այն է, որ «Ոսկե ցլիկի» տնօրենը «ոսկե» երազանք ունի՝ ավտոկանգառի համար գրավել շենքի ողջ ճակատով ձգվող փողոցի հատվածը։ Իսկ դրան հասնելու համար խանգարում է հարեւան «Իգդիր-93» արտադրական կոոպերատիվը՝ իր զբաղեցրած 50 քմ ավտոկանգառով ու հսկիչ Նորայր Ղարիբյանով։ Ի դեպ, «Առավոտն» իր 2001թ. հրապարակումներում անդրադարձել է այդ խնդրին։ Զանազան ապարդյուն փորձերից հետո, ինչպես երեւում է, «Ոսկե ցլիկի» տնօրենը որոշել էր անձամբ հաշվեհարդար տեսնել ու սպասում էր հարմար պահի։ Եվ ահա չորս ամիս առաջ՝ հոկտեմբերի 15-ին, ժամը 20-ին մոտ «Իգդիր-93»-ի տարածքում կանգառ է անում (երեւի՝ տեղ չլինելու պատճառով) մսամթերք վաճառող «Ոսկե ցլիկի» հաճախորդներից մեկը, հետո՝ հեռանալիս, հսկիչ Ն. Ղարիբյանին թողնում է 50 դրամ «թեյավճար»։ «Ո՞նց թե, դու իմ հաճախորդից գումար վերցնե՞ս»,- բղավում է տնօրեն Վ. Վարդանյանն ու հարձակվում հսկիչի վրա։ Դեպքի 5 վկաների ցուցմունքով դաժան ծեծը կարող էր ավարտվել սպանությամբ, եթե չմիջամտեին շենքի բնակիչներից մեկ-երկուսը։ Այդ ժամին «Իգդիր-93»-ի աշխատանքն ավարտված էր ու գործընկերներից ոչ մեկն օգնության հասնել չէր կարող։ Կոոպերատիվի տնօրեն Սվետլանա Գուլյանը տեղեկացրեց, որ իրենք հոգացել են Ն. Ղարիբյանի հիվանդանոցային, հետագայում նաեւ՝ փաստաբանի ծախսերը։ «Մինչեւ հիմա էլ օգնում ենք նրան, քանի որ դեռ վատառողջ է՝ ներքին վնասվածքներ էլ ունի»։ Թե ինչ եղավ հետո՝ կարելի է միանգամից ասել. եթե այսպես գնա, տուժողին շուտով հանցագործ կճանաչեն։ Մանրամասնենք։ Դեպքից մի քանի օր անց Արաբկիրի ՆԳ քննչական բաժնում հարուցված գործով Ն. Ղարիբյանը ճանաչվում է որպես տուժող, իսկ Վ. Վարդանյանին ձերբակալում են։ Առերես հարցաքննությունից առաջ վերջինիս հարազատները «պաշարում են» տուժողին ու համոզում, թե՝ «փոխիր ցուցմունքներդ, որ մեր տղային կալանքից ազատեն»։ «Տղան» էլ, հարցաքննության ժամանակ հայտարարում է, որ Ղարիբյանն է իրեն հայհոյել ու հարվածել։ Հաջորդ օրը պարզվում է, որ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն 1-ին ատյանի դատարանը մերժել է Վարդան Վարդանյանի նկատմամբ խափանման միջոցը կալանք ընտրելու միջնորդությունը եւ նա ազատ է արձակվել։ Մինչեւ կալանքի համար միջնորդությունը կրկին կլսվեր այս անգամ վերաքննիչ դատարանում, Ն. Ղարիբյանը զգուշության համար գերադասում է գիշերել մերձավորների բնակարաններում։ Ի դեպ, նրան չեն կանչում միջնորդության լսումներին երկու դատարաններում էլ, ինչը ՀՀ Քրդատօրենսգրքի կոպիտ խախտում է։ Փոխարենը կիսաջարդ մարդուն չեն «զլանում» ուղարկել դատաբժշկական կրկնակի փորձաքննության, ստանալով նույն եզրակացությունը՝ մարմնական ծանր վնասվածքներ։ Դա արդեն՝ Շենգավիթի ՆԳ քննչական բաժնի կողմից, ուր տեղափոխվում է քրեական գործի հետագա նախաքննությունը։ Ի դեպ, այս բաժնի նախաքննության արդյունքներով «Ոսկե ցլիկի» տնօրենին նոր մեղադրանք է առաջադրվում՝ ՀՀ Քրօրենսգրքի 105 հոդվածի 1-ին մասով (2-8 տարի ազատազրկում)։ Եվ այս, եւ նախորդ՝ 222 հոդվածի 3-րդ մասը կիրառվում է ծանր հանցագործությունների դեպքում, եւ նույնիսկ գրավ չի նախատեսվում՝ մինչեւ դատարանի որոշումը կալանքից ազատելու համար։ Բայց պարզվում է, Վ. Վարդանյանն այդ օրենքներից դուրս է հայտարարված (քննիչների կողմից) եւ շրջում է ազատ՝ ահ ու սարսափի մեջ պահելով տուժած քաղաքացուն։ Ավելին, այժմ էլ նա է փորձում հանդես գալ որպես տուժած կողմ եւ ոտքի կոտրվածք ստանալու մասին (իբր՝ դեպքի օրը) փաստաթղթեր է ներկայացրել։ Իսկ երբ իմանում է, որ քննիչի նշանակած դատաբժշկական փորձաքննությանը մասնակցելու է նաեւ Ն. Ղարիբյանի շահերի ներկայացուցիչը (փաստաբան Հովիկ Արսենյան), պարզապես փորձաքննությանը չի ներկայանում։ «Միանշանակ պարզ է, որ վարույթն իրականացնող մարմինը պատվար է հանդիսանում ծանր հանցագործություններ կատարած Վարդան Վարդանյանի համար»,- նախաքննության ընթացքից համոզված ասաց Հ. Արսենյանը։ «Սա ահաբեկչություն է եւ այն հովանավորվում է իրավապահների կողմից»,- վստահ է «Իգդիր-93»-ի տնօրինությունը։ «Ես բանվոր մարդ եմ, ոչինչ չունեմ, իսկ ինքը խանութներ ունի, փող ունի, ինչ ուզի՝ կարա անի»,- կյանքի (նաեւ՝ ուրիշների) դառը փորձով մտահոգված է Նորայր Ղարիբյանը։ Իսկ թե ինչ են մտածում դատաքննչական մարմինները՝ կերեւա գործի ընթացքից, այդ պատճառով էլ գերադասում ենք առայժմ զերծ մնալ որակումներից։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ