Լրահոս
Օրվա լրահոսը

Բնապահպաններ, ի՛ գործ

Փետրվար 14,2003 00:00

Բնապահպաններ, ի՛ գործ Մինչ օրս Հայաստանը վավերացրել է մի շարք բնապահպանական պայմանագրեր, այդ թվում նաեւ՝ կենսաբազմազանության, կլիմայի փոփոխության, անապատացման դեմ պայքարի ՄԱԿ-ի կոնվենցիաները։ Սակայն դրանք սկսվել եւ ավարտվել են միայն վավերացմամբ։ Խնդիրը բարձրացնելու եւ լուծումներ գտնելու նպատակով ՀՀ բնապահպանության նախարարությունը եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը երեկ հրավիրել էին «Հայաստանի ազգային հզորությունների կարիքների ինքնագնահատում գլոբալ բնապահպանական կառավարման համար» ծրագրի մեկնարկային սեմինարը։ Ծրագիրը ֆինանսավորվում է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի կողմից։ Մեկնարկող ծրագրում, ըստ ծրագրերի ազգային համակարգող Դիանա Հարությունյանի, կքննարկվեն վերոնշյալ երեք հիմնական գլոբալ բնապահպանական կոնվենցիաների իրականացման համար երկրի առաջնահերթ կարիքները եւ անհրաժեշտ աջակցություն կապահովվի հզորությունների զարգացմանը՝ «գլոբալ բնապահպանական կառավարման գծով իր հանձնառույթները կատարելու համար»։ Ծրագիրն ուղղված է կարիքների գնահատմանն այն ոլորտներում, որոնք ընդհանուր են երեք կոնվենցիաների համար։ Ըստ Դ. Հարությունյանի, կգնահատվեն այն միջոցառումները, որոնք անհրաժեշտ են վեր հանված խնդիրները լուծելու համար։ Նաեւ նրանք, որոնք ուղղված են «ինստիտուցիոնալ մեխանիզմների ամրապնդմանը, բնապահպանական վիճակի գնահատմանը, վերահսկողության եւ հետազոտությունների կազմակերպմանը, բոլոր շահագրգիռ կողմերի միջեւ երկխոսությանը, տեղեկատվության փոխանակման եւ համագործակցության մթնոլորտի ապահովմանը»։ Ծրագրով նախատեսվում է նաեւ կազմել, այսպես կոչված, ազգային իրականացման ծրագիր։ Այն պետք է նախանշի կարիքների գնահատման ընթացքում բացահայտված առաջնահերթ խնդիրների հասցեագրման ուղիներն ու միջոցները։ Կմշակվի նաեւ միջոցառումների ծրագիր, որն ի նպաստ կդրվի «Հայկական լեռնաշխարհի յուրօրինակ կենսաբազմազանության պահպանությանը, կլիմայի փոփոխության պայմաններում տարբեր ոլորտների խոցելիության մեղմմանը, անապատացման դեմ պայքարի համակարգմանը»։ Այդ մոտեցումները կներառվեն տարբեր ոլորտների զարգացման պլաններում։ Երկրի պայմաններից ելնելով՝ նախատեսվում է որոշել գերակայող ուղղություններ եւ ձեւավորված հզորությունները դնել կայուն զարգացման սկզբունքների իրականացման հիմքում։ Ի դեպ, նախնական քննարկումներով արդեն իսկ ճշգրտվել են 7 խաչաձեւվող ոլորտներ, որտեղ երեք կոնվենցիաների համար անհրաժեշտ կարիքները նույն բնույթի են։ Սակայն առավել հստակ եւ ամբողջական պատկերը պարզ կլինի ծրագրի ավարտից հետո։ «Ես համոզված եմ, որ նման ծրագրերը Հայաստանին անհրաժեշտ են,- կարծում է «Հանուն կայուն զարգացման» կազմակերպության ղեկավար Կարինե Դանիելյանը,- ուղղակի շատ կարեւոր է, որ մենք օբյեկտիվ վարենք դրանք։ Այն եզրակացությունները, որ մենք անում ենք եւ տալիս միջազգային հանրությանը՝ ճշգրիտ արտահայտեն մեր վիճակը»։ Տիկին Կարինեի պատկերացմամբ, վավերացված բնապահպանական կոնվենցիաների իրագործման հիմնական խոչընդոտը մեր երկրի սոցիալ-տնտեսական վիճակն է։ Ըստ նրա, նախնական կապիտալի կուտակման այս փուլում՝ «մարդիկ, ովքեր զբաղված են բնապահպանական գործընթացներով, ոչ մի օրենք չեն ճանաչում եւ բնական ռեսուրսներն անխնա օգտագործվում են»։ Դրան է նպաստում նաեւ՝ «համապատասխան մենթալիտետի բացակայությունը»։ Ուստի, Կ. Դանիելյանը ճիշտ է համարում միջազգային փորձագետների հետ համատեղ աշխատանքը, բայց դրական արդյունքների համար՝ «մեր խնդիրն է մեր իսկ իրավիճակը ճիշտ պատկերացնել»։ Քանզի, օրինակ, վերջերս քննարկված Համաեվրոպական էկոլոգիական ռազմավարությամբ, որը հիմնականում ԱՊՀ երկրների համար է մշակված, առաջարկվում է բարձրացնել ջրի եւ էլեկտրաէներգիայի գինը, որպեսզի ռեսուրսները խնայողաբար օգտագործվեն։ «Դա մեզ մոտ այնպիսի բացասական էֆեկտ կունենա,- գտնում է Կ. Դանիելյանը,- որ ռեսուրսներն էլ, անտառն էլ կկորցնենք, էպիդեմիոլոգիական վիճակն էլ կվատանա եւ այլն»։ Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել