Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՀԱՑ ՉԿԱ՝ ԵՐԵԽԱՆ ՈՒՏԻ, ԳՆԱ ԴԱՍԻ»

Փետրվար 14,2003 00:00

«ՀԱՑ ՉԿԱ՝ ԵՐԵԽԱՆ ՈՒՏԻ, ԳՆԱ ԴԱՍԻ» Մեր երկրի տարբեր մարզերի բնակավայրերից ամեն մեկն իր յուրահատուկ խնդիրներն ունի։ Որոշները բնորոշ են հանրապետության ողջ տարածքի համար։ Իսկ դրանց բնակիչներից ամեն մեկի հոգսը կարող էր մի ամբողջ գյուղի բավականացնել։ Ամենեւին էլ հավակնություն չունենալով ծայրահեղ աղքատության մեջ գտնվող մեր հայրենակիցների վիճակն ընդհանրական ներկայացնել բոլոր հայաստանցիների համար, այնուամենայնիվ, հարկ ենք համարում մեր իշխանություններին փոխանցել այդ վիճակի նկարագրությունը, իրենց իսկ պատմածով, կոնկրետ օրինակներով։ Արմավիրի մարզի տարբեր բնակավայրերի մեր զրուցակիցներին հատկապես բարկացնում էր 40 հազար թիվը՝ հայտնի պատճառով։ Նախկին Բաղրամյանի շրջանի Քարակերտ ավանի բնակիչ Օման Մամայանի ներկայացմամբ. «Գյուղի բնակչությունը գործ չունի։ Չկա ոչ մի աշխատատեղ։ Ալյուրի, պահածոների գործարան ենք ունեցել։ Հիմա ոչ մեկը չի աշխատում։ Բոլորը սեփականաշնորհել են ու քանդել։ Հողի հարկն էլ ահավոր բարձր են դրել, ասում են հողի վարձը տուր՝ ջուրդ տամ։ Դա ի՞նչ կարգախոս է։ Դալարիկի ալրաղացն էլ փակեցին, հիմա գործ չունենք»։ Նրա համագյուղացի Եփրաքսյա Ենգիբարյանի ընտանիքը 10 հոգուց է բաղկացած. «Տղաս Ռուսաստանում է։ Ինչո՞ւ իմ տղան հեսա երեք տարի իր երեխեքից զուրկ էղնի։ Հեռախոսով խոսում են, երեխեքը չեն ներում հորը»։ Այս գյուղում ջուր չկա։ 1 դույլ խմելու ջուրը գնում են 25 դրամով։ Այնպես որ, ճիշտ է, մեր մյուս զրուցակիցն աշխատանք ունի, բայց. «Ինչքա՞ն պիտի առնեմ, որ իմ ընտանիքին ապահովեմ ջրով։ Առավել եւս, որ աշխատավարձը չնչին գումար է»։ Մյուսները, որ գործազուրկ են, բնականաբար, աշխատում են «տեղավորվել» կենսաթոշակի շրջանակներում, քանի որ հողից էլ բարիք չեն ստանում, որպես կանոն։ Սոֆիա Թադեւոսյանն անհանգստանում է. «Հողի վարձ չենք տվել։ Հողը մեր ձեռքից կառնեն։ Էդ էլ որ առան… առանց այն էլ մեր երեխաները սովի են մատնված։ Ուժ չունեմ. խաղող չի եղել, ծիրան չի եղել, կարկուտն է խփել 3 անգամ։ Ասեք, ինչո՞վ ապրենք»։ Այս մարզում ընտանիքների մեծ մասի համար երաշխավորված միակ եկամուտը կենսաթոշակն է։ Բայց ինչ վերաբերում է թոշակով յոլա գնալուն, «թոշակառուն ստանում է 5000 դրամ։ 2500 դրամ գազին ենք տալիս, 1500՝ ջրին, 2000՝ լույսին, տան հարկը, մյուսները… կազմում է 12000 դրամ։ Բա չասե՞ն որտեղի՞ց պարտք անենք, որ պետությանը տանք»,- հաշիվ է անում արմավիրցի մի տարեց մարդ, որի անունը հարցնել չհաջողվեց, որովհետեւ մյուսներն իրենց բողոքներով «գրոհել» էին «Առավոտի» ձայնագրիչը։ Շուշիկ Առաքելյանի հաշվարկն էլ առանձնապես չի տարբերվում. «Գնում ենք 4000 դրամ թոշակ ենք ստանում, լույսը կտրում է, ջուրը կտրում է, 300 մետր հողամաս ունենք, 5000 դրամ փող ենք տալիս»։ Կամ. «Ինչո՞ւ աշխարհին քիչ է լույսի փողը (նկատի ունի ավելի էժան է վաճառվում այլ երկրների- Ա. Ու.), իսկ մենք, որ ունենք մեծ էներգաատոմը, 25 դրամով են տալիս»։ Շուշիկ տատին հանգստացնելու մեր փորձերը զուր էին. «Բա ո՞նց չհուզվեմ։ Ես թոշակառու, տղաս թոշակառու։ Երկու ուսանող ունի, հաց չկա՝ երեխան առավոտյան ուտի, գնա դասի։ Աշխատատեղ չկա»։ Մեկ ուրիշը միջամտեց, թե «ոնց աշխատատեղ չկա։ Դիսկոտեկա, գիշերային ակումբներ, լիքն են»։ Մեկն էլ արձանագրեց, թե «դիակներ են բերում Ռուսաստանից ու արտասահմանից», որպես սրա պատճառ նկատի ունենալով այստեղ աշխատատեղերի բացակայությունը, որի պատճառով էլ մեկնում են։ Մի կին էլ նշեց, թե «ոչ ջուր կար, ոչ լույս կար։ Էս ընտրությունների համար (ձայնագրությունները կատարվել են մոտ մեկ շաբաթ առաջ. Ա. Ու.) տվեցին լույսն էլ, ջուրն էլ։ Հինգերորդ հարկում եմ ապրում։ Ամբողջ ձմեռ դույլով ջուր եմ կրել։ 5 անչափահաս թոռնիկներ ունեմ տանը։ Երկու օր է, ինչ երեխաները ջուր չեն կրում (փետրվարի 2-ից)»։ Մյուսների վիճակն էլ նկարագրվածից առանձնապես չէր տարբերվում։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել