Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյան. ուրվագծեր դիմանկարին

Փետրվար 14,2003 00:00

Ռոբերտ Քոչարյան. ուրվագծեր դիմանկարին Պատմում են նախագահի ուսումնակիցները … Հանրահայտ է, որ մանկությունը եւ պատանեկությունը, ինչպես նաեւ ուսանողական տարիները մեծապես /եթե ոչ լրիվ/ որոշում են մարդու հետագա խառնվածքը, նրա վարքը հասարակության մեջ, մարդկանց նկատմամբ ունեցած վերաբերմունքը։ Մեզ հաջողվեց զրուցել Ռոբերտ Քոչարյանին վաղուց ճանաչող մարդկանց հետ։ … Ալլա Բարսեղյանը՝ ԹծԼԼԽն գիտահետազոտական ինստիտուտի ամենահարգված աշխատակիցներից մեկը, հիշում է Ռոբերտ Քոչարյանին Ստեփանակերտի թիվ 3 ռուսական դպրոցից։ Նրա խոսքերով, Ռ. Քոչարյանն արդեն այն ժամանակ լիդեր էր, մեծամիտ չէր եւ թույլերին երբեք չէր նեղացնում, թեեւ ուներ լավ ֆիզիկական տվյալներ, լավ սովորում էր, բայց գնահատականի հետեւից չէր ընկնում, շատ էր հետաքրքրվում պատմությամբ, փիլիսոփայությամբ, աշխարհագրությամբ, անգլերենով։ Ալլան պատմեց նաեւ հետեւյալը. «Անցյալ տարի իմ ազգականուհին պառկած էր ծննդատանը եւ նույն պալատում՝ Քոչարյանների ընտանիքի մերձավոր ազգականուհին։ Համընդհանուր զարմանք առաջացրեց այն, որ նախագահի ազգականուհին գտնվում էր սովորական, ոչ բարելավված պայմաններում, եւ նրա մոտ գալիս էին միայն հարազատները, իսկ «շեֆերի» կողմից ուշադրության ոչ մի նշան չկար»։ Երեւանի Պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրատեխնիկական ֆակուլտետում, ուր Քոչարյանը սովորում էր «Էլեկտրական մեքենաներ» մասնագիտության գծով, նա բավականին արագ շահեց համակուրսեցիների համակրանքը։ Տաղանդավոր ինժեներ, գիտնական-էլեկտրամեխանիկ, տեխնիկական գիտությունների թեկնածու Վարդան Բուռնազյանը, որը նույնիսկ ամենադժվար տարիներին Հայաստանը չլքեց, պատմում է. «Ռոբերտը միշտ բարյացակամ, չափազանց համեստ ուսանող էր եւ համակուրսեցիների հետ խոսելիս նույնիսկ կարմրում էր»։ Ի դեպ, կարմրելու ընդունակության մասին։ Վերջերս ինձ մոտ էին եկել բարեկամներս։ Նրանցից մեկը, փայլուն արեւելագետ, կյանքի մեծ փորձ ունեցող մի մարդ (ամենաթեժ տարիներին աշխատել է Աֆղանստանում), իմաստուն, խոր հավատացյալ Վարդանը պատմեց հետեւյալը. «Երբ մի քանի տարի առաջ հեռուստահարցազրույցի ժամանակ Քոչարյանին հարց տվեցին իր «Ռոլեքս» թանկարժեք ժամացույցի մասին, վերջինս թունդ կարմրեց»։ Ըստ Վարդանի, դա հեռուստացույցի վրա նկատվեց։ Եթե բարձրագույն պետական պաշտոն գրավող չափահաս մարդը, այն էլ Հայաստանում, ուր յուրաքանչյուր եֆրեյտոր իրեն գեներալ է կարծում, չի կորցրել կարմրելու ընդունակությունը, դա միանշանակորեն խոսում է իր օգտին։ … Ինստիտուտում Քոչարյանը սովորում էր «լավ» եւ «գերազանց» գնահատականներով, բայց չէր ձգտում լենինյան կամ ինչ֊172որ ուրիշ թոշակառու դառնալ, հետաքրքրվում էր արվեստով եւ, ինչպես միշտ, սպորտով։ Ի դեպ, սպորտի մասին։ Արդեն մի քանի տարի է, ինչ Ռոբերտ Քոչարյանը կանոնավոր կերպով բասկետբոլ է խաղում, լող է տալիս, զարգացնում առանց այն էլ ուժեղ մկանները Միջազգային կարմիր խաչի Վերականգնողական կենտրոնում։ Մեր նախագահի արտաքին տեսքից էլ է զգացվում նրա նորմալ, չափավոր ապրելակերպը։ Միշտ ձգված է, ինչը բոլորովին բնորոշ չէ երկրորդ անկախության շրջանի հաստափոր ու հաստավիզ հայ պաշտոնյաների համար՝ մի բան, որը մեր աչքի համար դարձել է իշխանության սովորական պարագա։ Եվս մի մանրամասն։ Եթե իր նախահագության սկզբում Քոչարյանը միջազգային համաժողովներում հիմնականում ելույթ էր ունենում ռուսերենով (որին նա փայլուն տիրապետում է), ապա ներկայումս նա գերադասում է խոսել անգլերեն։ Քոչարյանի մոտ նկատելիորեն լավացել է նաեւ հայերենը։ Դե ինչ, եւս մեկ միավոր Ձեր օգտին, պարոն նախագահ։ …Վերադառնալով Ռ. Քոչարյանի ուսանողական տարիներին, հիշվում է հետեւյալը։ Ասում են, մի առիթով խստաբարո Վիգեն Չիթեչյանը, որն այն ժամանակ ԵրՊԻ-ի «Էլեկտրական մեքենաներ» ամբիոնի վարիչն էր, իսկ այժմ՝ Հայաստանի դեսպանը Բելգիայում, ասել է ուսանող Քոչարյանի մասին. «Այս տղայից կարող է ընդունակ ինժեներ դուրս գալ»։ Կարո՞ղ էր նա արդյոք այն ժամանակ ենթադրել, որ 20 տարի անց այդ ղարաբաղցի տղան կդառնա նախագահ, դրան գումարած էլ՝ Ֆրանսիական Հանրապետության բարձրագույն պարգեւի ասպետ։ Հետաքրքիր է, որ մեր բարձրագույն պետական պաշտոններում քիչ չեն կրթությամբ ինժեներները։ Բացի նախագահից, դա նաեւ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանն է, էներգետիկայի նախկին նախարար Կարեն Գալուստյանը (ոչ հեռու անցյալում նույն «Էլեկտրական մեքենաներ» ամբիոնի դոցենտ) եւ, ինչպես արդեն նշվեց, «Էլեկտրական մեքենաներ» ամբիոնի վարիչ Վիգեն Չիթեչյանը (այդ «Էլեկտրական մեքենաներից» պրծում չկա), սեփանակաշնորհման եւ ներդրումների նախկին նախարար Նորայր Խաչատրյանը (նորից «Էլեկտրական մեքենաներ», դոցենտ)։ Եվ դա պատահական չէ։ Սեփական փորձից գիտեմ. ճարտարագիտական կրթությունը տալիս է իրերի նկատմամբ ռացիոնալ եւ իրատեսական մոտեցում։ Հատկապես պետական կառավարման ոլորտում։ …Հեռավոր Ավստրալիայում մի մտերիմ ընկեր ունեմ, տաղանդավոր ինժեներ եւ նկարիչ Արթուրն է, ընդհանրապես ոչ շատ մարդամոտ։ Նա չի սիրում նախարարների, նախագահների, ընդհանրապես պետերի։ Բայց ուսումնակից Ռոբերտին որոշակի համակրանքով է վերաբերվում։ Վերջերս Երեւանում էր, ինձ հարցրեց. «Ինստիտուտում նա լավ տղա էր, իսկ ինչպիսի՞ն է հիմա, հո չի՞ «հաբռգել»։ Ի՞նչ պատասխանեմ նրան։ Ավաղ, նախագահի հետ չեմ առնչվում։ Թող ինքն ինձ հետ առնչվի, քանի որ ես ժողովուրդն եմ։ ԳՈՒՐԳԵՆ ԽԱԺԱԿՅԱՆ ԵրՊԻ-ի շրջանավարտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել