Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԻՆ ԳԻՆԻՆ՝ ՆՈՐ ՏԻԿԵՐՈՒՄ

Փետրվար 14,2003 00:00

ՀԻՆ ԳԻՆԻՆ՝ ՆՈՐ ՏԻԿԵՐՈՒՄ Այս ընտրություններով իր 5 տարի ձգվող անօրինական իշխանությունը օրինականացնելու ջանքերը հաջողություն չունեցան։ Իրեն աջակցող քաղաքական ուժերի, նախընտրական շտաբի, վարչախմբի կատարած օրինախախտումները, ընտրողի կամքի ազատ արտահայտման վրա գործադրած բացահայտ ու լայնածավալ բռնությունը բազմապատկել է հասարակական ատելությունը Ռ.Քոչարյանի նկատմամբ։ Ռոբերտ Քոչարյանը պարտվել է։ Պարտվել են Ռ. Քոչարյանն ու իրեն սատարող քաղաքական կուսակցությունները փետրվարի 19-ի քվեարկության ընթացքի ցանկացած զարգացման ու արդյունքի դեպքում։ Առճակատումը, «զոռը», կամայականության նոր չափաբաժինները բումերանգի պես հարվածելով վարչախմբին, ուժեղացնում են հասարակության ու քաղաքական ընդդիմության դիմադրությունը, խորացնում հակակրանքը։ Կա մի ելք՝ Ռ. Քոչարյանը պիտի ուժ գտնի իր մեջ եւ հանի իր թեկնածությունը՝ հանուն Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետության։ Սա կլինի բարի կամքի ու լայնախոհության դրսեւորում, որը ըստ արժանվույն կգնահատվի։ Իր իշխանության 5 տարիների ընթացքում հարգանքի արժանի հետեւողականությամբ Ռ. Քոչարյանը Հայաստանը դարձնում է տարածաշրջանի ամենակազմակերպված պետությունը: Բառարանները հանգիստ թողեք, կազմակերպված Հայաստանն այն է, ինչ այսօր ունենք, ինչը կդառնա էլ ավելի կազմակերպված առաջիկա 5 տարում, եթե ժողովուրդը փետրվարի 19-ին իր ձայնը կազմակերպված (միահամուռ) տա Ռ. Քոչարյանին։ Սա կարճ անուն ունի՝ աշխատենք միասին։ Կազմակերպված պետության տնտեսական ու հասարակական կյանքը չի կարող պլանավորվող չլինել: Կազմակերպված պետությունում միակենտրոն իշխանություն է՝ նախագահի կառավարում, մնացյալը անառարկելի ենթակա են նախագահի ինստիտուտին։ Դաժան, բայց եւ շռայլ շեֆին հնազանդ կալվածատերեր ու շեֆի կամակատար չինովնիկներ… Այս կամ տարածքի օրինակով. օլիգարխին բոլորը ոչ միայն թագավոր են կոչում, այլեւ իր կալվածքում նա թագավորում է՝ գյուղապետ ու քաղաքապետ նշանակում, հեռուստակայան փակում, քաղաքից անհնազանդներին արտաքսում, միջոցառում արտոնում… Կազմակերպված պետությունում ողջ եթերը վերահսկվում է, ինքնագրաքննությունը ծնում է պատասխանատու ԶԼՄ, սա էլ՝ կազմակերպված քննադատություն… Կազմակերպված պետությունում չկան մարդու անօտարելի (պաշտպանված) իրավունքներ ու ազատություններ։ Ռ. Քոչարյանի մի հրահանգով կողոպտվեցին «Ա1+»-ի եւ «Նոյյան Տապանի» տասնյակ հազարավոր սպառողներ, մի հրահանգով հրապարակավ խոշտանգվեց Արքային «դու»-ով դիմած Պողոս Պողոսյանը, մի հրամանով շնորհազրկվեց գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը, մի ցուցումով դատապարտվեց «Հոկտեմբերի 27»-ի կազմակերպման մեջ կասկածող Մուշեղ Սաղաթելյանը։ Իսկ այսպիսի «տնտեսական աճը» ապահովում է նաեւ «հետաքրքիր» ու կազմակերպված բյուջե, որի կատարողականում ուղղակի հարկերի ծավալը (շահութահարկ, եկամտահարկ) հինգ անգամ պակաս է անուղղակի հարկերի ծավալից (ակցիզ, ավելացված արժեքի հարկ)։ Կազմակերպված պետությունում չկան քաղաքացիներ, կան հպատակներ։ Տեսա՞ք ինչքան կազմակերպված են ու բազմաթիվ Ռ. Քոչարյանին լսելու եւ տեսնելու բերվածները: Կազմակերպված պետությունում գաղափարի մարդը գաղափարին չի ծառայում։ Այս ամենը եղել է լիուլի… Բրեժնեւյան շրջանի հայտնի անեկդոտը հիշեցնեմ։ Կոմունիստների հերթական համագումարում հաշվետու եւ ծրագրային ճառով ամբիոնից ելույթ է ունենում Բրեժնեւը՝ ընկերներ, հաջորդ հնգամյակում մենք կապրենք էլ ավելի բարգավաճ, ապահով, բարեկեցիկ: Դահլիճից արձագանքում են՝ իսկ մե՞նք: Ինչպես Բրեժնեւի շրջանում՝ պետական վիճակագրությունը, բոլոր պետական մարմիններն ու պաշտոնյաները բանավոր ու գրավոր խոսքի փոխանցման բոլոր միջոցներով 24 ժամ անընդհատ բոլորին ընդունել են տալիս (հիմարացնում), որ բացվում են նոր աշխատատեղեր (ամեն տարի ոչ պակաս քան 30-40 հազար), տնտեսությունն աճում է (տարեկան ոչ պակաս, քան 11-12%), սոցիալական պաշտպանվածությունը այնպես է աճել, որ արտագաղթը ոչ միայն կանգնել է, այլեւ սկսել է ներգաղթը՝ տարեկան ոչ պակաս, քան հազար մարդ: Այսպիսով ոչ թե զարգացող (առաջադիմող) հասարակություն ու իրավական (իրավունքի) Հայաստան՝ իր ազատ ու ապահով անհատով՝ մարդով ու քաղաքացիով, հարեւան ժողովուրդների հետ խաղաղ ու լիարժեք հասարակությունով, այլ չինովնիկների, կալվածատերերի ու նրանց ողորմությանը հանձնված հպատակների կազմակերպված պետություն, որն ապահովում է հայի ու ադրբեջանցու մեկուսի ապրելը՝ տալով տնտեսական աճի «հետաքրքիր ցուցանիշներ»: Երբ վերամշակվող արդյունաբերության կառուցվածքում 58%-ը, առանց ակցիզային հարկի ու ավելացված արժեքի հաշվառման, կազմում է սննդի ու ծխախոտի արտադրությունը: Մինչդեռ 2002թ. 9 ամիսների ընթացքում 2001թ. նույն ժամկետի համեմատությամբ քիմիական արտադրանքի ծավալը կրճատվել է 35,4%-ով, մեքենաների ու սարքավորումների արտադրությունը՝ 40,1%-ով, իսկ վարչախմբի բերանին ծամոն դարձած բարձր տեխնոլոգիական ճյուղերի արտադրանքի մասին պաշտոնեական վիճակագրությունը համր է։ Բոքոն կամ լավաշ հաց, ապխտած միս (բաստուրմա), լապշա (հացամթերք), տոմատի մածուկ ու պահածո, օղի-գինի անհիշելի ժամանակներից կարողացել է պատրաստել ամեն մի հայ ընտանիք… ու վաճառել շուկայում։ 2002թ. կազմակերպված Հայաստանում տնտեսվարողները արտահանել են ընդամենը 4 մլն դոլարի պատրաստի սնունդ։ Անհնար է չհամաձայնեցնել տնտեսագետ Էդուարդ Աղաջանովի հարցադրմանը. Ցանկացած երկրի տնտեսական աճը երբեք ինքնանպատակ չէ։ Այն մշտապես պետք է համապատասխանի իր ժամանակի համաշխարհային տնտեսության զարգացման միտումներին։ Հակառակ դեպքում, երկիրը կարող է հայտնվել համաշխարհային տնտեսական լուրջ կապերից դուրս։ Մինչ վարչախումբը իր քարոզարշավով հիմարացնում է հասարակությանը, Հայաստանը շարունակում է համաշխարհային տնտեսական կապերից դուրս մղվել, մեկուսի որպես «տնտեսության կայուն աճով կազմակերպված պետություն» ապրել տարածաշրջանում։ Այդ ընթացքում լայն թափով, ոչ միայն շրջանցելով Հայաստանը կառուցվում է Բաքու-Թբիլիսի-Ջեհյան նավթամուղը, այլեւ նախապատրաստվում Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղի շինարարությունը։ Եթե ապրեինք միասին, թվում է, այսօր պիտի խոսեինք Բաքու-Գյումրի-Էրզրում գազամուղի ավարտի մասին։ Մինչեւ մենք հիմարացնում ենք հայաստանցուն, գցելով նրան իշխանության ու ընդդիմության Հայաստանի վետվետումներում: Սկսվել է Ադրբեջանը Իրանի հետ կապող Ռեշտ-Գալվին-Աստարան երկաթուղու շինարարությունը։ Հյուսիս-հարավ երկաթուղին բեռնափոխադրումներն իրականացնի Ռուսաստանից Ասիայի երկրներ՝ Իրանի ու Ադրբեջանի տարածքով, շրջանցելով Հայաստանը, իսկ Բաքվում Իրանի տրանսպորտի նախարարը քննարկում է Բաքու-Աստրա (Իրան) ավտոմայրուղու (նախնական արժեքը 250 մլն դոլար), նորից շրջանցելով Հայաստանը։ Իսկ Հայաստանում շաքարախտով հիվանդ գրանցված երեխաների թիվը 1995թ. համեմատությամբ կրկնապատկվել է: Եկել է կազմակերպված պետության ծրագրի նոր ղեկավարին ծրագրից զրկելու ժամանակը։ Հայաստանի 3-րդ Հանրապետությունում հռչակված են ու օրենքի ուժ են ստացել մարդկանց ազատությունները։ Եկել է մարդկանց ազատ գործելու, ստեղծելու, նույնն է թե՝ պաշտպանված իրավունքի ժամանակը։ Այս ամենը լիուլի եղել է Խորհրդային իրականության բրեժնեւյան շրջանում… հին գինին՝ նոր տիկերում: Ստրկության մեջ կամ անազատ վիճակում կամ չթուլացող վախի, ահաբեկման ու անորոշության մեջ պահվել չենք ուզում: Արդեն մեկ ամսից ավելի հարյուր հազար մարդկանց, չխնայելով ոչ երեխաներին, ոչ ծերերին, Հայաստանով մեկ պարտադրվում է կատարել պարտադիր կամ հարկադիր աշխատանք՝ լինել Ռ. Քոչարյանի ընտրազանգվածը։ Ձեզ հետ միասին աշխատել մարդիկ չեն ուզում։ Խնդրում եմ, հանեք Ձեր թեկնածությունը։ ԱՇՈՏ ԲԼԵՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել