Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՌԱՓՈՒԼ ՁԻԱՐՇԱՎ

Փետրվար 14,2003 00:00

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՌԱՓՈՒԼ ՁԻԱՐՇԱՎ Առաջին փուլը տեղական ինքնակառավարման ընտրություններն էին։ Թե ինչպիսին էր այն, հիմա դրան անդրադառնալը ժամանակավրեպ է, պարզապես ասենք, որ վերջինս համապատասխանեց իշխանության ուզած սցենարին։ Ներկայումս բուռն ընթացքի մեջ է նախագահական երկրորդ ձիարշավը, որում ամփոփված է ամբողջ ներկայացման կուլմինացիան։ Դարձյալ առկա է սցենարը, բայց որքանով այն կհասցվի ավարտին, դժվար է ասել։ Ուվերտյուրան երրորդն է լինելու՝ հանձին ԱԺ ընտրությունների։ Իսկ այսօր իրար են խառնվել քաղաքական արխիմանդրիդները, մամուլը, հեռուստատեսությունը… Ու՝ բոլորը 11 հրացանակիրներով հանդերձ իրարանցման մեջ են։ Ու բոլորը կերպարանափոխվել, դարձել են ժողովրդասեր, դեմոկրատ, հասարակության ցավով տառապողներ։ Իշխանությունը կոկորդը պատռում է, թե տեսեք ինչքան գործ ենք արել վասն հայրենյաց, ընդդիմությունը հակադարձում է, որ ապրում ենք դժոխքում։ Երկուսն էլ կվազիվիճակային ցուցադրումներ են։ Իրականությանը պետք է նայել առանց պաճուճավորման։ Թե ինչպիսին է մեր ներկան, կասի ժողովուրդը, որը եւ ասում է՝ վատ։ Ճիշտն այն է, որ իշխանությունն ապրում է իր կյանքով, ժողովուրդը՝ իր։ Օտարված են սրանք իրարից։ Անկախացած իշխանությունը պատսպարվել էր 5 տարի իր ամրոցում, հիմա հանկարծ դուրս է եկել, մտել ժողովրդի մեջ։ Հիշե՜լ են ժողովրդին, արթնացել նինֆոմանիայից եւ ուզում են նետվել ժողովրդի գիրկը։ Նորից դեմ են տվել «մի քիչ էլ համբերեք ու ամեն ինչ լավ կլինի» խաբկանք-պանտապոնը։ «Միասին աշխատենք» կարգախոսն էլ չի գործում, քանզի հասարակությունը հարց է տալիս՝ որտե՞ղ։ Գինոտած օլիգարխը եւս տագնապում է, չլինի՞ Քոչարյանին մի բան պատահի… Իսկ լյումպեն հասարակությունը նայում է մերթ այս, մերթ այն թեկնածուին ու մտորում՝ սա էլ կխաբի։ Ես չգիտեմ, ժողովրդի բնատուր հյուրասեր լինելո՞ւց է, թե՞ նախագահի թեկնածուներին զանազանելու կարողության բացակայությունից, երբ բոլորին, մանավանդ մարզերում, դիմավորում են ծափողջույններով ու խանդավառ։ Համենայնդեպս, դա են ապացուցում հեռարձակվող ռեպորտաժները։ Մինչդեռ, թվում է կա՛մ այդպես չպետք է լիներ, կա՛մ էլ այդ ծափերը խաբուսիկ են։ Կա նաեւ երրորդ տարբերակը, որ թեկնածուներն իրարից չեն տարբերվում, ու ոչ թե բոլորն էլ ժողովրդի ուզածն են, այլ՝ հակառակը։ Ես հասկանում եմ ժողովրդին, մի դեպքում ոչ մեկին չի վստահում, մյուս դեպքում համոզված է, որ իր ձայնը դեր չի խաղալու։ Արդեն քանի ընտրություն այդպես է եղել։ Խեղճ ժողովուրդն ուզում է, այն էլ ո՜նց է ուզում գտնել իր նախագահին, բայց նա չկա։ Կամ կա, սակայն նրան չեն թողնի դառնալ նախագահ։ Մի նկատառում եւս. արդյո՞ք Հայաստանի քաղաքական ներուժն ամփոփված է այս 11 թեկնածուների մեջ։ Իհարկե ո՛չ։ Հայտնությունը 11-ում Արամ Կարապետյանն է, քաղաքական մի լեգեոներ, որ բավական լուրջ եւ բանիմաց մարդու տպավորություն է թողնում։ Կլասիկ կրթությամբ ու դաստիարակությամբ, որոշակի գաղափարներ կրող մի ֆիգուր, բայց որի ցուցադրածից այն կողմ, թե ով է ինքը, չգիտենք։ Մյուս լուրջ մրցակիցը գործող նախագահն է, որին ժողովրդի զգալի մասը չի ուզում տեսնել երկրի նախագահի պաշտոնում եւս 5 տարի։ Առավել ուշագրավը Գեղամյան-Դեմիրճյան զույգն է, որոնցից յուրաքանչյուրի գերխնդիրը Քոչարյանին շրջանցելն է։ Սրանք ակամա հայտնվել են կողք կողքի ու, թվում է, համարժեք ռեյտինգ ու որակներ ունեցողներ են։ Բայց այդպես չի իրականում։ Գեղամյանն ունի մի կարեւոր առավելություն, դա նրա կենսափորձն է։ Բացի դա, համոզիչ ու իրատեսական է Գեղամյանի՝ երկիրը հակաճգնաժամային վիճակից դուրս բերելու ծրագիրը։ Այսօր ակնհայտ է, որ իշխանություններն ամենաշատը նրան են քարկոծում։ Դա հենց նշանակում է, որ վերջինս դիտվում է իբրեւ անցողիկ զինվոր, որից զգուշանալ է պետք։ Խոսում են կեղտոտ տեխնոլոգիաներից։ Իշխանությունն այս հարցում մոռանալով իր պրոֆեսիոնալիզմը, մեղադրում է Արամ Սարգսյանին ու Գեղամյանին, նշելով, թե սրանք շահարկում են Մեղրին ու «27»-ը։ Պարզ է, փակել են ուզում մարդկանց բերանը՝ վերոհիշյալ թեմաներից խոսելն իսկ համարելով կեղտոտ փիառ։ Ի դեպ, նշվում է, թե նման դրսեւորումները գցում են այս թեկնածուների վարկանիշը։ Զարմանալի է, որ դրա համար անհանգստանում է հենց իշխանությունն ինքը, ու անմիջապես սոցիոլոգիական հարցման կեղծ թվեր են մատուցում։ Բայց ի հակակշիռ մի շարք ինկոգնիտո եւ անկանխատեսելի թեկնածուների, Գեղամյանը ճանաչված է ու ընկալվող։ Էլ չեմ խոսում այն իրողությունից, որ այս 11-ում կան դեմքեր, որոնք առավոտյան դաշնակ են, կեսօրին՝ ռամկավար, երեկոյան՝ օլիգարխ։ Բոլորն ասում են՝ այս ընտրությունները պետք է լինեն ազատ եւ արդար՝ դրանով իսկ ակամա խոստովանելով, թե նախորդները եղել են ոչ ազատ եւ ոչ արդար։ Իշխանության հավաստիացումները, թե իրենք միանշանակ կողմնակից են եւ ջատագովն են ազատ, արդար, թափանցիկ ընտրությունների, մեղմ ասած, կասկածելի են։ Մեր կանխազգացումը հուշում է, թե վերջիններս, հավանաբար, գտել են ընտրակեղծիքի նոր տեխնոլոգիա։ Ընդդիմության հոխորտանքներն էլ, որ շատ աչալուրջ են լինելու եւ վերահսկելու են ընտրական գործընթացը, միամտություն է թվում։ Քաղաքական գործիչն անցյալի մեկնաբանն է, ներկայի հայելին, գալիքի մարգարեն։ Նախագահի թեկնածուի լավ կամ վատ, վստահելի կամ անվստահելի, գաղափարակիր կամ դատարկ, ինչ կամ ինչպիսին լինելը դրսեւորվում է նրա անցյալի ու ներկայի ինքնադրսեւորությամբ։ Ահավասիկ 11 թեկնածու, նույնքան առեղծված։ Բայց այդ 11-ից առանձնանում են երկուսը, որոնց անցյալն ու ներկան մեզ համար ակնհայտ են։ Մեկը գործող նախագահն է, մյուսը Արտաշես Գեղամյանը։ Առաջինին հենց միայն անցած 5 տարին բավական է, որ ժողովուրդը մերժեր, ինչն էլ արվում է կարծես։ Երկրորդին ճանաչում ենք դրական առումով։ Շատերը գիտեն նրա կյանքի անցած ուղին եւ ներկա որակները։ Առավելություն տալու վճիռը, անշուշտ, ժողովուրդը կկայացնի, ինչում կասկած լինել չի կարող։ Կասկածն այն է, որ չլինի թե դարձյալ ընտրվի մեկը, իրեն նախագահ հռչակի մեկ ուրիշը։ Սա է վտանգավոր։ Բայց ակնհայտ է նաեւ, որ ով էլ լինի վաղվա հանրապետության նախագահ, շատերն են դժգոհելու։ Առավել դժգոհ են մնալու, եթե գործող նախագահը համարվի վերընտրված։ Եթե մյուսի դեպքում դժգոհությունը չի հանգեցնի վտանգավոր իրավիճակի, ապա վերընտրությունը կարող է ավարտվել մինչեւ 5 տարվա ժամանակահատվածից շատ ավելի շուտ։ Այսպես, թե այնպես ոչ ոք չի կամենա, որ հերթական անգամ մեր նախագահը լինի լեգիտիմությունից դուրս, ու չլինի թե նորից հիշենք Վարդան Այգեկցու «Գող քահանա եւ այրի կին» հայտնի առակը։ ՏԻԳՐԱՆ ԳԱՄԱՂԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել