Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՁԵՐ ՀԱՎԱՔԱԾԸ՝ ՁԵԶ

Փետրվար 14,2003 00:00

ՁԵՐ ՀԱՎԱՔԱԾԸ՝ ՁԵԶ Այսուհետ Կենտրոն եւ Ավան համայնքները, իսկ հանրապետության մյուս համայնքները՝ հետզհետե, սեփական ուժերով են գանձելու գույքահարկը։ Կառավարությունն այս մասին երեկ որոշում է ընդունել, հաստատելով համապատասխան ծրագիրը, որը բխում է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքից։ Օրենքով նախատեսվում է ապակենտրոնացում եւ համայնքների դերի բարձրացում։ Հասկանալի է, որ թաղապետարաններն այսօրվա դրությամբ չունեն անհրաժեշտ քանակի, մասնագիտական պատրաստվածության մարդկային ռեսուրսներ գույքահարկ (իսկ հետագայում ծրագրվում է նաեւ հողի հարկ) գանձելու համար։ Մինչ այս, այդ աշխատանքները կատարում էին հարկահավաքները, մյուս հարկատեսակների հավաքագրման հետ զուգահեռ։ Արդյոք չի՞ ստացվում, որ մի գործի համար կրկնակի աշխատուժ է ներգրավվում։ Քանի որ «տեղն եկավ», Հարկային պետական ծառայության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը շեշտեց, որ իրենք «աշխատանքային ռեսուրսներից այդքան շռայլ չեն, համակարգում 1700 մարդ է աշխատում (կենտրոնական ապարատ, Հարկային ոստիկանություն, 25-ից ավելի տարածքային մարմիններ)։ Տարիներ շարունակ հարկատեսակները (երեւի դրույքաչափերը- Ա. Ու.) մեծացնելով՝ հարկային մարմինների աշխատողների թվաքանակի փոփոխություն տեղի չի ունեցել»։ Իսկ տարածքային կառավարման եւ արտադրական ենթակառուցվածքների աշխատանքը համակարգող նախարարի տեղակալ Կամո Արեյանն ավելացրեց, որ «ծրագիր է իրականացվելու, եթե ձգձգենք, կձախողենք ապակենտրոնացման մեր ծրագիրը։ Հետեւաբար, փոխանցումը փուլերով է նախատեսվում։ Իսկ որոշումը ներառում է ուսուցողական սեմինարներ, տեխնիկական միջոցների, ծրագրերի տրամադրում»։ Կառավարությունն այս քայլով հույս ունի բարձրացնել գույքահարկի հավաքագրման չափը, քանի որ դա համայնքային բյուջեին է մնալու, համայնքն է գումարը տնօրինելու, ուստի շահագրգռված է լինելու ավելի շատ հավաքել։ Իսկ դոտացիաներն աստիճանաբար պակասելու են։ Սակայն չենք բացառում, որ արդյունավետությունը սրանով կարող է եւ ընկնել, քանի որ համագյուղացու համար առավել դժվար կլինի իր աղքատ ծանոթից գույքահարկ պահանջելը։ Ա. Ու.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել