Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հանձնարարիր տեղակալիդ ու գնա քարոզչության

Փետրվար 14,2003 00:00

Հանձնարարիր տեղակալիդ ու գնա քարոզչության Օրենքի այլ մեկնաբանություն էլ կա Մինչ ընդդիմադիր քաղաքական ուժերը՝ մեջբերելով «Ընտրական օրենսգիրքը», նշում են, թե պետական մարմիններն իրավունք չունեն միջամտել քաղաքական գործընթացներին եւ թեկնածու Ռոբերտ Քոչարյանին ուղեկցել այս կամ այն մարզ՝ հանդիպումների, Քոչարյանի շտաբի քարոզչության պատասխանատու Վահագն Մկրտչյանն օրենքի այլ մեկնաբանություն ունի, որը բոլորովին էլ չի նշանակում, թե նախարարները կամ մարզպետները չպետք է զբաղվեն քաղաքականությամբ: «Ընտրությունները քաղաքական գործընթացներ են: Նախարարը նույնպես քաղաքական դաշտում է: Այդ իսկ պատճառով հստակ տարանջատում եղավ պետական ծառայող եւ քաղաքական դաշտում գործող պաշտոնյա հասկացությունների միջեւ: Դա նաեւ այս տարիների ձեռքբերումն է: Ցանկացած երկրում, երբ թեկնածուի հետ ինչ-որ թիմ կա՝ նախարարներ, մարզպետներ եւ այլն, գնում-կանգնում են նախագահի, որը նաեւ թեկնածու է, կողքին եւ միասին պայքար են մղում՝ նորից պահպանելու իրենց դիրքերը»,- բացատրում էր Վահագն Մկրտչյանը: Նա չի ընդունում այն մեղադրանքները, թե դա Հայաստանում գործող օրենքներով նշանակում է խախտում: «Ոչ: Միայն չի կարելի իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս զբաղվել քարոզչությամբ: Բնականաբար, իր առանձնասենյակում նստած, նա չի կարող բանեցնել իր լծակները եւ այնտեղ որեւիցե թեկնածուի համար կազմակերպել հանրահավաք, խորհրդակցություն…8230 Բայց նա կարող է գտնվել արձակուրդում եւ 24 ժամ զբաղվել իր քաղաքական գործունեությամբ: Կարող է զբաղվել ոչ աշխատանքային ժամերին: Անգամ կարող է ինքն անձամբ չկատարի իր պարտականությունները. նա կարող է դա հանձնարարել իր տեղակալներին ու ինքը զբաղվի քաղաքական գործունեությամբ»,- ահա այսպիսի սենսացիոն հայտարարություն արեց Վահագն Մկրտչյանը՝ ավելացնելով, որ վերոնշյալ օրենքը միայն արգելում է օգտագործել իրենց լիազորություններն ու վարչական ռեսուրսները որեւէ թեկնածուի օգտին: «Որպես մարդ, ինքը հեղինակություն է եւ կարող է գալ ու կանգնել ցանկացած թեկնածուի կողքին: Միայն մեր թեկնածուի կողքին չեն: Իմ տեղեկություններով (չկարողացավ մատնանշել գոնե մեկ փաստ – Լ.Ս.), այլ համայնքի ղեկավարներ կանգնած են մյուս թեկնածուների կողքին: Մենք օրենքը կարդում ենք, գիտենք եւ այնքան միամիտ չենք: Անգրագետ էլ չենք, որ նման բաներ թույլ տանք»,- եզրափակեց Քոչարյանի շտաբի քարոզչության ղեկավար Վահագն Մկրտչյանը: ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել