Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐԱՐՇԱՎ

Փետրվար 14,2003 00:00

ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐԱՐՇԱՎ Դեմիրճյան-Քոչարյան եզրափակիչ Նախագահական ընտրարշավը մոտենում է վերջնագծին: Սակայն 100 օր տեւած քաղաքական մարաթոնը որեւէ անակնկալ չմատուցեց: Մրցապայքարն ընթացավ երեք զուգահեռ հարթություններում, ինչը սկզբից եւեթ կանխատեսելի էր: Նախագահական պաշտոնի համար մրցակցում են Դեմիրճյանը եւ Քոչարյանը, երրորդ պատվավոր տեղի համար՝ Գեղամյանը եւ Կարապետյանը, մնացյալները նախասահմանված աուտսայդերներ են: Որքան էլ պետական քարոզչամեքենան ջանաց Քոչարյանին առաջիկա ընտրությունների առաջատար ներկայացնել, Ստեփան Դեմիրճյանի ֆուրորը նրան ստվերեց: Միանգամայն տեսանելի է, որ եթե Քոչարյանին հաջողվի էլ երկրորդ փուլ հասնել, ապա միայն երկրորդ հորիզոնականը զբաղեցնելով: Եվ քանի որ, ինչպես բազմիցս նշել ենք, Դեմիրճյանի եւ Քոչարյանի միջեւ համեմատության եզր չկա, նախագահական ընտրարշավի եզրափակիչ մրցության մասին դատողություններն էլ կկառուցվեն ոչ թե համեմատության վրա, այլ իբրեւ անդրադարձ դերակատարներից յուրաքանչյուրին: Քոչարյանն իր քարոզարշավը սկսեց այնքան բարեկիրթ, որքան կարող էր պատկերացնել, եւ ավարտեց բավականին նյարդային: Ընդսմին, անկումը տեղի ունեցավ արտաքին ազդակների թելադրանքով: Սկզբում Քոչարյանը կոչ էր անում չարություն ու մերժում չսերմանել, հակագովազդով չզբաղվել, սեփական ծրագրերն էր ներկայացնում «Հնգամյակը՝ երկու տարում» կարգախոսի ոգով, հանդիպում էր ավտոբուսներով այստեղից այնտեղ տեղափոխվող մարդկանց, իսկ ըստ էության՝ ուղղակի հույս էր տածում, թե կկարողանա ընտրարշավում խաղի կանոններ թելադրել: Ավա՜ղ: Ինչպես կանխատեսելի էր դեռ թեկնածուների առաջադրման փուլում, Քոչարյանի դեմ հեռուստաեթերից բացասական տեղեկատվության այնպիսի հոսք ուղղվեց, որ միանգամայն չեզոքացրեց վարչական ռեսուրսի ազդեցությունը հասարակության վրա: Եթե Հայաստանի նույնիսկ գյուղերում մարդիկ կարող են տասնյակ լրագրողների եւ օպերատորների ներկայությամբ Քոչարյանին հակադրվել, նշանակում է, ընտրողներին վախեցնել կամ ինչ-որ բան թելադրելն այլեւս անհնար է: Քոչարյանը պետք է քարոզչության այս հետեւանքը հաշվարկեր այն ժամանակ, երբ կարելվույն չափ նպաստում էր թեկնածուների առաջադրմանը: Արտասահմանյան դիտորդների եւ դիվանագետների հետեւողականությունն արդար ընտրություններ կազմակերպելու գործում երկրորդ պատուհասը դարձավ Քոչարյանի համար: Ընտրարշավների բովով անցած մարդիկ հավատացնում են, որ թափանցիկ քվեատուփերը զգալիորեն կպաշտպանեն կեղծիքներից, քանի որ անհնար կլինի դրանց մեջ հարկավոր թերթիկները լցնել դեռ ընտրական տեղամասը չբացված: Սակայն ավելի էական է մեկ այլ հանգամանք՝ արտերկրի աննախադեպ ջանքերը՝ Հայաստանում օրինական ընտրություններ անցկացնելու: Աշխարհը դիմագրավում է մարտահրավերներ, այդ թվում՝ Հայաստանին սահմանակից տարածքներում, եւ արտերկիրը կենսականորեն շահագրգռված է այստեղ տեսնել վստահության քվե եւ սեփական երկրում հենարան ունեցող նախագահ: Նրանք նախազգուշացնում են, թե 5 տոկոսից ավելի ընտրակեղծիքների դեպքում չեն ճանաչի ընտրությունների արդյունքները: Իսկ ո՞վ չգիտե, որ ընդամենը 5 տոկոս կեղծելով՝ Քոչարյանը չի կարող նույնիսկ երկրորդ փուլ հասնել: Արդյունքում կեղծիքներն էլ մեծ հույս չեն ներշնչում: Բայց Քոչարյանին եւ նրա շրջապատին վերջնականապես հավասարակշռությունից հանողը քարոզարշավ մղելու Դեմիրճյանի ոճն է: Իրենք լավ կամ վատ ծրագրեր գրեն, Քոչարյանը դրանք մեջբերի, տարեկան կտրվածքով թվաբանական մարզանքներ անի, եւ ներգործությունը լինի զրոյական /Քոչարյանի համար ինչ տոկոսներ նկարում էին քարոզարշավի սկզբին, նույնն էլ նկարում են ավարտին/: Մինչդեռ Դեմիրճյանն ընդամենը ժպտա. «Հրաշքներ չեմ խոստացել: Հրաշքներ չեմ խոստանում», եւ բազմությունն աղաղակի. «Դու մեր թագավորն ես, թագաժառանգն ես, նախագահն ես»: Ե՛կ ու դիմացիր: Ինչն է՛լ ավելի դժվար է՝ ե՛կ ու Դեմիրճյանի հետ մրցիր: Քոչարյանի շտաբի պետն էլ հուզվել էր նրանից, թե Դեմիրճյանը չորս նախադասություն է կրկնում: Իսկ ժողովրդին Դեմիրճյանն ասում է այն, ինչ այդ ժողովուրդը ցանկանում է լսել՝ Դեմիրճյանը տեր կկանգնի իր ձայներին ու քվեներին: Ժողովրդին ընդամենն այդ հավաստիացումն է հարկավոր, եւ այն հնչում է: Մնացյալ բառերը Դեմիրճյանի պարագային կատարելապես ավելորդ են, ճառելը՝ առավել եւս: Իսկ եթե խաղի այս նոր կանոնից ինքնատիրապետումը կորցրած իշխանությունն իսկապես շահագրգռված է Դեմիրճյանի հետ ինտելեկտուալ, ծրագրային երկխոսություն վարելու, ինչո՞ւ Քոչարյանը չի գնում բանավիճելու եթերում: Դեմիրճյանի կողմից նման պատրաստակամություն քանի՜ անգամ է հայտնվել: Թե՞ գիտակցում է, որ ինքը գռեհկաբանել կարող է միայն սեփական միջավայրում, Դեմիրճյանի կողքին կնվաստանա: Դեռ ինչ-որ մեկն էլ «հայտնագործել է», թե Տեր-Պետրոսյանը մեկ հակառակորդ ուներ՝ Վազգեն Մանուկյանը, իսկ Քոչարյանն ի՜նչ կադրեր է աճեցրել՝ 10-15 ընդդիմադիր: Եվ, վերջապես, կա մի անողոք իրողություն, թե ինչու է Քոչարյանը հեռանալու: Հայաստանը Քոչարյանին չի ընդունել, չի ընդունել 1998-ին, չի ընդունում եւ այսօր: Եվ նույնիսկ մտոք կույրերը չեն կարող չտեսնել, կամ աչոք կույրերը աղաղակներից չկռահել, թե Հայաստանը ում է իբրեւ նախագահ, չասելու համար՝ իբրեւ արքա, մեծարում: ԼՈՒՍԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ «Առավոտը» չի կիսում ոչ հեղինակի գնահատականները, ոչ էլ նրա կանխատեսումները

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել