Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԶԻՋՈՂԻ ԴԵՐՈՒՄ ԵՆ»

Փետրվար 14,2003 00:00

«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԶԻՋՈՂԻ ԴԵՐՈՒՄ ԵՆ» Նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբի ղեկավարի տեղակալ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանին հարկ էր երկար համոզել, որպեսզի պատասխանի Արտաշատում փետրվարի 4-ին ՍԻՄ փոխնախագահ Հայկ Բաբուխանյանին դանակահարելու փաստի առնչությամբ իրեն ուղղված բազմաբնույթ մեղադրանքներին: – ՍԻՄ ղեկավարության հայտարարության համաձայն՝ նրանց անցկացրած հետաքննությամբ պարզվել է, որ այդ դավադրությունը կազմակերպել եւ անձամբ ղեկավարել եք Դուք, հանցագործների գործողությունները տեղում վերահսկել են եւ Ձեր, եւ Ձեր եղբոր՝ Հենրիկ Աբրահամյանի որդիները: – Ընդհանրապես՝ շատ վիրավորված եմ նման հերյուրանքներից: Նախ՝ ՍԻՄ-ը շատ փոքր կազմակերպություն է ինձ նման մեղադրանքներ առաջադրելու համար: Նրանք անհիմն հայտարարություններ են անում: Ես ուղղակի ցավում եմ Արտաշատում կատարված այդ դեպքի համար եւ իրոք դատապարտում եմ: Արտաշատը Հայաստանի հինավուրց մայրաքաղաքներից մեկն է, ունի ավանդույթներ: Արտաշատցիները հաց տվող, հյուրասեր ու հարգալից մարդիկ են: Այդ դեպքն, իմ կարծիքով, ուղղակի զուտ պատահականություն էր: Եվ ՍԻՄ-ն ինչ-որ մարդկանց մեղադրելուց բացի՝ նաեւ պիտի մեղադրի իր փոխնախագահին: Եթե իրոք եղել է «դավադրություն»՝ ուրեմն, որոշ մարդիկ պայմանավորվել են Հայկ Բաբուխանյանի հետ, թե՝ կգաս, հրապարակում կկրակես, որ քեզ ծեծեն, եւ նման դեպք արձանագրվի: Ի՞նչ է նշանակում, թե կազմակերպվել էր, ո՞վ ստիպեց Հայկին, որ կրակի: – Դուք կարծում եք, թե կատարվածի պատճառը կրակո՞ցն էր: – Այո: – Սակայն պնդում են, թե Հայկ Բաբուխանյանը կրակել է ինքնապաշտպանական նպատակով՝ մետաղաձողերով իր վրա եկողներին դեմ-հանդիման, որ հրավիրի ոստիկանների ուշադրությունը: -Չեմ կարող նման հարցերի որոշակի պատասխանել, քանի որ ներկա չեմ եղել: Թող իրավապահ մարմինները պատասխանեն: Բայց մարդիկ պետք է մի քիչ արդար էլ լինեն՝ չի կարելի մի ամբողջ մարզի հասցնել նման վիրավորանքներ: Գուցե մեկը կարող է հայհոյել, սուլել կամ խանգարել: Դա չի նշանակում, որ ողջ Արտաշատն է դրա մեջ ներքաշված: Եվ ի՞նչ է նշանակում՝ «երկաթյա ձողերով զինված»: Այ, նման բաներից են վիրավորվում արտաշատցիները: Այսինքն, գիտեին, թե Հայկը գալու է այնտեղ, ու ձողերով սպասում էին, որ ծեծե՞ն նրան: Բայց նա այդքան հայտնի մա՞րդ է Արտաշատում, նախագահի թեկնածո՞ւ է, ո՞վ է նրան այստեղ ճանաչում: Ոչ ոք: Եվ այդ ինչպե՞ս է, որ Վազգեն Մանուկյանին չխփեցին կամ չծեծեցին: – Այսինքն, քանի որ Հայկ Բաբուխանյանը նույնպես արագորեն չի հեռացել Արտաշատից, ուրեմն մեղքն իրե՞նն է: – Բայց նա հազիվ հասած՝ այդ դեպքը կատարվել է: 5 րոպեի ընթացքում է կատարվել այդ ամենը: Նորից եմ ասում՝ առնվազն արդար չեն, որ պնդում են, թե դա կազմակերպված էր: Դավադրություն Հայկ Բաբուխանյանի նկատմա՞մբ. դա ի՞նչ էր տալու մեզ: – Մինչեւ այդ դեպքը՝ «Իրավունքում» հրապարակվել էր, թե Արտաշատում խոչընդոտում էին այն մեքենաներին, որոնցից հայտարարվում էր Արամ Կարապետյանի հետ առաջիկա հանդիպման մասին: Ըստ այդ հրապարակման՝ «նախօրեին Հովիկ Աբրահամյանը հրավիրել էր խորհրդակցություն, որտեղ տեղական իշխանությանը հանձնարարել էր ամեն կերպ խոչընդոտել ընդդիմությանը»: Սա հետագայում պայմանավորեցին այն ջերմ ընդունելությամբ, որին Արտաշատում արժանացավ Ստեփան Դեմիրճյանը: Ենթադրվում էր, թե դրա համար արժանացել եք նախատինքի: – Ամենայն ազնվությամբ եմ ասում՝ նման խոսակցություն չի՛ եղել, եւ ոչ մեկի տրված չի եղել խոչընդոտելու հրահանգ: Ես ամեն մարզում էլ հանդիպումներ եմ ունենում համայնքապետերի հետ՝ ի պաշտոնե, տեղեկանում եմ համայնքի խնդիրներին: Դա չի կարելի կապել Արտաշատում կատարվածի հետ: Նույն՝ խորհրդակցությունների հիմնավորմամբ էլի ի՞նձ կհայտարարեին մեղավոր, եթե դեպքը լիներ Կապանում կամ Տավուշում: Նաեւ չեմ հասկանում, եթե մարդիկ հանդիպում են նախագահի որեւէ թեկնածուի հետ՝ դրա համար ի՞նձ պիտի նախատեն: Մարդկանց համար հետաքրքիր է՝ գնում-լսում են ծրագրերը, որ հետո որոշեն, թե ում ընտրել: Պետք չէ անտեղի մեղավորներ փնտրել: Ես ուզում եմ հատկապես Հրանտ Խաչատրյանին ասել՝ իրավունք չուներ առանց անգամ փորձելու ապացուցել, անմիջապես հայտարարել, թե դա Հովիկ Աբրահամյանի կազմակերպածն է: Ես մի որդի ունեմ, 16 տարեկան է: Հերյուրանք էր նաեւ իր գործընկերոջ՝ ԱԺ պատգամավոր եղբորս հասցեին: Հենրիկն ունի 20 տարեկան մի որդի, որը սովորում է Համալսարանում: Այդ տղան անգամ ծխախոտ չի օգտագործում, իսկ նրան հայտարարել էին թմրամոլ: – Որպես թմրամոլի՝ նշվել էր ոչ նրա, այլ ոմն այգեստանցի Եղոյի անունը: – Դե, եթե նա մտածում է, թե ես այգեստանցի Եղոյի մակարդակի մարդ եմ՝ սխալվում է: Չեմ ցանկանում վիրավորել կամ ավելորդ բաներ ասել: Ուղղակի չի կարելի տարածել նման հերյուրանքներ: – Այլ անուններ էլ են տրվել՝ ասենք, Արտաշատի ներկայիս քաղաքապետի աներ Ռաֆիկ՝ «Քյուլլա» մականունով: – Ռաֆիկն Արտաշատի պատվավոր քաղաքացի է, եղել է քաղսովետի գործկոմի նախագահ: Ի՞նչ իրավունք ունի այդ մարդու մասին նման բաներ հայտարարել Հրանտ Խաչատրյանը, որն իր գյուղում, երբ թեկնածությունն առաջադրել էր՝ հավաքեց 40 ձայն: Կամ էլ գրում են, թե Արտաշատում նման դեպքեր առաջներում էլ են եղել: Որտե՞ղ է եղել, ո՞ր թվին՝ թող ասեն: – Իսկ 1998-ին Արարատում ԱԺՄ-ականներին ծեծե՞լը: – Դրա հետ Արտաշատն ի՞նչ կապ ունի: Այդ ժամանակ Արտաշատի քաղաքապետն էի: Հրանտ Խաչատրյանն ասում է՝ «տարիներ առաջ Արտաշատի քաղաքապետարանի ետնամուտքով պետական համակարգ մտած…»: Ես 1995-ի հուլիսի 5-ին իշխանությունների չցանկությամբ ընտրվել եմ ԱԺ պատգամավոր: – Ո՞վ էր խոչընդոտում, որ պատգամավոր ընտրվեք: – Վանո Սիրադեղյանը: 1995-ի սեպտեմբերի 27-ին քվեարկությանը մասնակցող 41 պատգամավորներից 41-ի «կողմ» ձայներով ընտրվել եմ Արտաշատի քաղխորհրդի գործկոմի նախագահ: Իսկ 1996-ի նոյեմբերի 10-ին 98% ձայներով եմ ընտրվել Արտաշատի քաղաքապետ: – Զարմանալի է, որ վկայեցիք իշխանությունների խոչընդոտելու մասին. մի ժամանակ դիտվում էիք իբրեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի աջակից, հետո՝ Վազգեն Սարգսյանի, հիմա էլ՝ Քոչարյանի կողքին եք: – Միայն 1996-ից հետո են ինձ դիտել իբրեւ Վազգեն Սարգսյանի աջակից: Իսկ Արամ Սարգսյանն Արտաշատում հայտարարում է, թե Հովիկ Աբրահամյանն այժմ ավագանու անդամ էլ չի ընտրվի: Երբ պատգամավոր ու քաղաքապետ էի ընտրվում՝ որտե՞ղ էր Արամ Սարգսյանը: Նա՞ է ինձ օգնել, որ ընտրվել եմ: Օգնել է Վազգեն Սարգսյանը, որ դարձել եմ մարզպետ՝ նրա խոսքի, նախագահին խնդրանքի համաձայն եմ նշանակվել: Սա իմ միակ նշանակովի պաշտոնն էր՝ մինչ այդ բոլոր պաշտոններում ես ընտրվել եմ: – Դուք հայտարարել եք, թե Արարատի մարզի 70%-ը ձայնը տալու է Քոչարյանի՞ն: – Որտե՞ղ եմ հայտարարել: Նման բան չի եղել: Անգամ նման խոսակցություն չի եղել: Ո՞վ նման հայտարարություն կանի: Եթե քվեարկությունը փակ-գաղտնի է՝ ո՞վ կարող է վերցնել նման պատասխանատվության բեռ: Ուղղակի իրենք իրենցից ենթադրություններ են անում եւ վերագրում ինձ: – Հրապարակվեցին տեղեկություններ, որ Արտաշատում «Թույներ» գրառման տակ Քոչարյանի նկարը մամուլում հրապարակվելուց հետո՝ որոնել-գտել են այդ նկարը փակցնող երիտասարդներին եւ նրանց տարել Ազգային անվտանգության մարզային բաժանմունք ու մարզպետարան: Կամ՝ երբ Վերին Արտաշատի բնակիչ Վազգեն Հովսեփյանը Ստեփան Դեմիրճյանին հրապարակավ խնդրեց դառնալ իր որդու կնքահայրը, հաջորդ օրն իսկ նրան ազատեցին Ջրային տնտեսությունում աշխատանքից: Գործադրվող նման մեթոդները պատվաբե՞ր են Ձեզ համար, որպես Քոչարյանի կողմնակից: – Նախ՝ պետք չէ վերագրել, թե մենք ենք արել: Եվ հետո նոր կանդրադառնանք՝ պատվաբեր է կամ ոչ: – Իսկ ովքե՞ր են արել՝ Դեմիրճյանի՞ կողմնակիցները: – Օրինակ, Շենգավիթում ընտրողների հետ Քոչարյանի հանդիպման ժամանակ Արամ Սարգսյանի եւ Դեմիրճյանի դիմանկարներով եկել էին, որ խանգարեն: Որ այնտեղ մի միջադեպ լիներ՝ ո՞վ էր պատասխան տալու: Ընդհանրապես, երեւի մեր շտաբը շատ պասիվ է, եւ դրա համար են մյուսներն այդքան ակտիվ: Մենք զգուշանում ենք, ամեն ինչ անում, որ ոչ մի միջադեպ չլինի, իսկ նրանք խախտում են սահմանները: Մեր թեկնածուն որեւէ թեկնածուի մասին խոսե՞լ է: – Քոչարյանի կողմնակիցները՝ ասենք, Ռուբեն Միրզախանյանն անգամ անձնական վիրավորանքներ է հասցրել այլ թեկնածուների: – Միրզախանյանը կուսակցական գործիչ է: Իսկ երբ Բաբուխանյանը իշխանություններին հանցավոր է անվանում՝ դա ինչպե՞ս եք գնահատում: Նա ի՞նչ իրավունք ունի բոլորիս անվանել հանցագործ: Կարո՞ղ է դա ապացուցել: Ո՛չ: Ապացուցողը դատարանն է: – Անընդհատ գրվում է, որ Քոչարյանի հանդիպումներին մարդիկ պարտադրված են ներկայանում, բերում են ավտոբուսներով: Կարո՞ղ եք հերքել: – Որտե՞ղ են պարտադրել: Ա՛յ, Արտաշատում փետրվարի 7-ին Արամ Սարգսյանի եւ Արամ Կարապետյանի հանրահավաքին իրոք Երեւանից, Վարդենիսից մարդիկ էին բերել: Միայն Արմավիրից եկել էր 70 ավտոմեքենա: – Պատճառը հրապարակվեց՝ երկրապահներն Արարատի մարզպետի հայտարարությունից հետո ցանկանում էին պարզել, թե այդ ի՞նչ սադրանք է նախապատրաստվում Սպարապետի եղբոր դեմ: – Չեմ ցանկանում անդրադառնալ այդ հայտարարությանը: Իմ կարծիքով, մարզպետը նման բան չի ցանկացել ասել՝ ուղղակի թյուրըմբռնում է եղել: Ամեն դեպքում, նորմալ եկան-գնացին: Իշխանությունները հիմա շատ են զիջում, զիջողի դերում են: Իսկ նրանք անցնում են ամեն տեսակ սահմանները՝ վիրավորանքներ տեղում եւ այլն: – Իսկ ըստ ընդդիմադիրների՝ գործադրվող տեխնոլոգիաները՝ անձնագրերի հավաքում եւ այլն, բերում են համոզման, որ Քոչարյանը հակված է վերընտրվել խոշորամասշտաբ կեղծիքներով: Որպես նախագահի թեկնածուի նախընտրական շտաբի պետի տեղակալ՝ կարո՞ղ եք հերքել այդ համոզումը: – Այո, միանշանակ հերքում եմ: Եվ անձնագրեր հավաքելու նման դեպքեր էլ չկան: Թող որոշակի փաստեր ասեն: Անհասկանալի մեթոդ է ինձ համար՝ ինչո՞ւ պիտի անձնագրերը հավաքեն, չէ՞ որ մարդը պիտի անձնագիր ունենա, որ գնա քվեարկի: – Դե, հավաքում են, որ տվյալները լրացնեն ու նրա փոխարեն քվեարկեն: – Բայց վերահսկող վստահված անձինք կան, հանձնաժողով… – Հանձնաժողովները իշխանության վերահսկողության ներքո են: – Ոչ: Ընդդիմության 3 կուսակցություններն էլ ունեն ներկայացուցիչներ հանձնաժողովներում: Դա նշանակում է, որ համոզված եք, թե բոլոր կուսակցությունները դիմելո՞ւ են կեղծիքների: Ես համոզված չեմ: Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել