Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ընտրախախտումներ

Փետրվար 14,2003 00:00

Ընտրախախտումներ Երեկ ԵԱՀԿ դիտորդական առաքելության ներկայացուցիչների եւ ընդդիմադիր թեկնածուների նախընտրական շտաբների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ դիտորդներին փոխանցվեցին հետեւյալ ընտրախախտումները. «Պետական եւ տեղական մարմինների քարոզչությունը հօգուտ Քոչարյանի նոր որակ է ստացել, որն անթույլատրելի է ցանկացած պարագայում։ Դա հեռուստատեսությամբ պետական մակարդակով հնչող շանտաժն է՝ սեփական ժողովրդի նկատմամբ։ Որպես հիմնական խաղաթուղթ օգտագործվում է պատերազմի վտանգը եւ ՀՀ ողջ տարածքով հայտարարվում ՀՀ-ին սպասվող պատերազմի վտանգի մասին՝ ասելով, որ գործող նախագահը պատերազմի բովով անցած է, իսկ մյուսները՝ ոչ»։ Նշվեց նաեւ գիտության եւ կրթության նախարար Լեւոն Մկրտչյանի՝ Գյումրի կատարած այցի մասին. «Նա Գյումրի էր այցելել զուտ քարոզչական նպատակով, գոնե այդպես հայտարարվեց, հավաքել էր տարածաշրջանի կրթական համակարգի աշխատակիցներին ու քարոզչություն էր տանում Ռ. Քոչարյանի օգտին: Նա միայն հպանցիկ անդրադարձավ կրթական համակարգի խնդիրներին» (Ընտրական օրենսգրքի հոդ. 18-ի խախտում)։ Ստորագրությունների ու անձնագրերի հավաքման փաստերն ամենաշատն էին հետաքրքրում դիտորդներին։ «Կան բազմաթիվ նման օրինակներ՝ հասցեներ, անուններ…: Կարելի է արձանագրել, որ դա զանգվածային բնույթ է կրում»,- ասացին շտաբների ղեկավարները եւ ցույց տվեցին մի ընտրացուցակ, որտեղ արդեն կային ստորագրություններ, հեռախոսի համարներ: Ուշադրություն հրավիրվեց այն բանի վրա, որ հիշյալ ցուցակում առանձին տող կար մարդու կարիքավոր լինելու մասին։ Տրամադրվեց նաեւ մի տեսաերիզ, որտեղ նկարահանված է Ռ.Քոչարյանի շտաբի ներկայացուցչի զրույցը։ «Այդ մարդն այս տեսաերիզում հաստատում է, որ ինքն արդեն 20 օր ստորագրություններ է հավաքում այդ տարածքում Ռ. Քոչարյանի շտաբի հանձնարարությամբ: Կան շտաբի հասցեն, անուններ, ազգանուններ։ Այդ մարդն ասում է, որ օրական ընդամենը 1000 դրամով առավոտից իրիկուն զբաղված է այդ գործով։ Մարդը փաստում է նաեւ, որ ինքը 1 շաբաթ առաջ հրաժարվել է այդ աշխատանքն անել, բայց իրեն տնից հանել, ծեծել եւ ստիպել են։ Այլ մանրամասներ եւս կան»,- պարզաբանվեց դիտորդների համար։ «Մեկ ծնողի դիմում-բողոք ունենք: Նրա երեխան սովորում է Պուշկինի դպրոցի 5-րդ թե 6-րդ դասարանում: Երեխային ստիպել են դասարանում փակվել մինչեւ 6-րդ ժամի վերջը՝ թույլ չտալով օգտվել ո՛չ բուֆետից, ո՛չ զուգարանից, որովհետեւ այդ պահին Ռ.Քոչարյանն այցելել էր դպրոց»: Ընդդիմության շտաբներից մեկը օրերս ահազանգ էր ստացել Ապարանի Արագած գյուղից, որի բնակիչ Արարատ Մարգարյանի տուն մարդիկ գիշերը մտել, գույքը ջարդուփշուր են արել միայն այն բանի համար, որ նա սատարում է Ստեփան Դեմիրճյանին։ «Սիսիանի Որոտան գյուղից ահազանգ է ստացվել, որ տեղամասային հանձնաժողովի անդամ Վռամ Մեսրոպյանին տեղամասային հանձնաժողովի նախագահ, այդ գյուղի գյուղապետի որդի Դավթյան Տիգրանը ծեծել է եւ ստիպել, որ հրաժարվի հանձնաժողովի անդամ լինել կամ իրեն «կարգին պահի»։ Վ.Մեսրոպյանը դիմել է իրավապահներին»: Ն. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել