Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ես մինչեւ վերջ պայքարելու եմ»

Փետրվար 14,2003 00:00

«Ես մինչեւ վերջ պայքարելու եմ» Մամուլի ազգային ակումբի «Հրատապ թեմա» ծրագրի վերջին հյուրը ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանն էր։ Վերլուծելով նախընտրական իրավիճակը, բանախոսն այն հետաքրքիր եւ բարդ համարեց, քանզի «Ժողովրդի հետ հանդիպումներից ես զգում եմ, որ Քոչարյանը ժողովրդի կողմից հենարան չունի»։ Եթե գործող նախագահը վարչական մեթոդներով եւ կեղծիքներով վերընտրվի, ԱԺՄ նախագահը «ցնցումներ» է տեսնում. «Ի դեմս ընդդիմության եւ ժողովրդի՝ իշխանությունն իր դիմաց մեծ ուժ ունի»։ «Այն ուժերը, որ 98-ին Քոչարյանին բերեցին իշխանության՝ լավ բան չարեցին Հայաստանի համար»,- համոզված է Վ. Մանուկյանը եւ վստահ, որ Քոչարյանը պետք է հեռանա, բայց ի տարբերություն շատերի, ԱԺՄ նախագահը չի ասում. «ով ուզում է՝ լինի»։ Վերջինիս համար գերխնդիր է, թե ո՞վ կգա իշխանության, եւ ի՞նչ է սպասվում Հայաստանին։ Ըստ այդմ, նա արձանագրում է, որ «բնական խաղով իմ տոկոսներն իջեցված են», բայց «ես ավելի բարձր եմ գնահատում իմ հնարավորությունները»։ Վ. Մանուկյանն ընտրություններում նաեւ կլանների պայքար է տեսնում, ուստի «եթե մի կլանին փոխարինի մյուսը՝ Հայաստանի վիճակը չի փոխվի»։ Ինչ վերաբերում է հնարավոր հաղթանակի պարագայում հնարավոր կառավարության կազմին, ՄԱԱ հյուրի կարծիքով, այն ամբողջովին ԱԺՄ-ից կազմված չի լինելու. «շատ ու շատ կուսակցություններ պետք է մասնակցեն պետության կառուցմանը», եւ դա ոչ թե «նրանց կաշառելու համար», այլ «մասնագետների փորձառությունը պետք է օգտագործվի»։ Իսկ քարոզարշավի ժամանակ Վ. Մանուկյանը Սադոյանի պակասը չի զգում՝ «Իմ ձայնը հիմա ավելի հստակ է ժողովրդին հասնում»։ Իսկ այս փուլում ընդդիմության մարտավարության առիթով՝ քանզի «արդյունքները ցույց են տալիս, որ Քոչարյանի շանսերը նվազում են, ուստի ընդդիմությունն իր հնարավորությունները ճիշտ է օգտագործել»։ Եթե ընտրություններն ընթանան երկու փուլով, եւ ԱԺՄ առաջնորդը չհաղթահարի առաջին փուլը, ապա՝ ԱԺՄ-ն «Քոչարյանին չի պաշտպանի, բայց մեր դիրքորոշումը կախված կլինի նրանից, թե ով կանցնի»։ Չնայած՝ Վ. Մանուկյանը ընտրություններն առաջին փուլով ավարտելու ձգտում է տեսնում եւ պարզաբանում, որ «երկրորդ փուլում Քոչարյանի վիճակն ավելի ծանր կլինի»։ «Ձեր հաղթանակի դեպքում ի՞նչ է սպասվում» հարցի պատասխանը կոնկրետ էր՝ «լավ է լինելու»։ Քանզի «ես կանգնած եմ այս պետության այն ակունքների մոտ, որոնք մեր իղձերի իրականությունն են», եւ «իմ շրջապատը երբեք որեւէ արտոնություն չի ունեցել եւ չի ունենալու»։ Ընտրություններին միջազգային հանրության վերաբերմունքի առիթով՝ բանախոսը հետեւյալ կարծիքը հայտնեց. «եթե ընտրությունները լինեն ոչ նորմալ, միջազգային հանրությունը կարող է օգտվել դրանից՝ տարածաշրջանային խնդիրների լուծման առումով»։ Որ այդ պարագայում «Ղարաբաղի հարցում կորուստներ կունենանք», Վ. Մանուկյանն անխուսափելի է համարում։ Իսկ հայ-թուրքական հարաբերությունների առիթով, ՄԱԱ հյուրը գտնում է, որ «վաղ թե ուշ հայկական եւ թուրքական կառավարությունները պետք է բանակցեն այդ խնդիրների շուրջ»։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել