Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԴԻՏՈՐԴՆԵՐԸ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՈՐ ՓԱՍՏԵՐ ԷԻՆ ԱԿՆԿԱԼՈՒՄ

Փետրվար 14,2003 00:00

ԴԻՏՈՐԴՆԵՐԸ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՈՐ ՓԱՍՏԵՐ ԷԻՆ ԱԿՆԿԱԼՈՒՄ Երեկ նման ամենաթարմ փաստը ներկայացվեց տեսագրությամբ, ուր ոստիկանները մարդ էին ծեծում «Իմ Հայաստանի զարդն ես Երեւան» հայտնի երգի բառերի ուղեկցությամբ: Նկատի ունենալով, որ ԵԱՀԿ դիտորդական առաքելության եւ ընդդիմադիր թեկնածուների նախընտրական շտաբների պետերի միջեւ ավանդական դարձած երեկվա հանդիպումն ընտրություններից առաջ այդ ֆորմատով վերջինն է, առաքելության ղեկավար Պիտեր Այքերը նախ շնորհակալություն հայտնեց ավանդական դարձած հանդիպումների եւ իրենց տրամադրված տեղեկությունների համար: «Մենք շատ ենք գնահատում դրանք: Հուսով եմ, տեսել եք մեր շաբաթական հաշվետվություն-զեկույցները, որոնցում ներառված է այդ տեղեկությունների մեծ մասը»,- ասաց Պ.Այքերը՝ միաժամանակ օգտակար համարելով, որ այս մի հանդիպման ժամանակ իրեն տեղեկություններ տրվեն նոր ընտրախախտումների մասին: Դիտորդական առաքելության ղեկավարին հատկապես հետաքրքրում էին «կոնկրետ փաստեր սպառնալիքների եւ մանիպուլիացիաների վերաբերյալ»: Պրն Այքերը վստահեցրեց, որ նախընտրական քարոզչության ընթացքում ԶԼՄ-ների աշխատանքի, իշխանությունների կողմից հանրային ռեսուրսի օգտագործման, քարոզարշավին երեխաների մասնակցության, թեկնածուների պաստառները պատռելու վերաբերյալ «բավականին շատ տվյալներ ունենք»: Ամենանոր եւ կոնկրետ փաստեր, թեկնածուների լիազոր ներկայացուցիչներն, իհարկե, ունեին եւ տրամադրեցին: Դրանք ներկայացված են թերթի այսօրվա «Ընտրախախտումներ» խորագրի ներքո: Իսկ մինչ այդ փաստերը դիտորդներին հրամցնելը՝ նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանի շտաբի պետ Գրիգոր Հարությունյանը ավարտին մոտեցող նախընտրական փուլը գնահատեց՝ որպես «գործող նախագահի պարտության փուլ, որովհետեւ դրանից առաջ եւ հիմա էլ նրա վարկանիշը փաստում է հասարակության շրջանում աջակցություն չունենալու մասին»: «Յուրաքանչյուր հանդիպումից հետո այն տարածաշրջաններում, ուր Ռ.Քոչարյանը հանդիպումներ է ունենում, տեղի են ունենում հետապնդումներ: Մենք հույս ունենք, որ վերջին փուլում՝ առաջիկայում, եւ, ամենակարեւորը, ընտրությունների օրը դիտորդական խմբերը, այդ թվում՝ ԵԱՀԿ առաքելությունը, կարող են լուրջ աջակցություն ցուցաբերել՝ ընտրախախտումները հնարավորինս նվազեցնելու եւ դրանք զսպելու իմաստով»: Գ.Հարությունյանի այս ակնկալիքին Պ.Այքերն անմիջապես արձագանքեց՝ վստահեցնելով, թե ԵԱՀԿ առաքելությունն ուրախ կլինի, եթե «իրեն մատնացույց անեն կոնկրետ ընտրական տեղամասեր, որոնց պետք է հատուկ ուշադրություն դարձնել»՝ ավելի ուշ խոստանալով, թե իրենք մինչեւ ընտրությունների օրն այդ տեղեկատվությունը կոնֆիդենցիալ կպահեն: «Այդպիսի ընտրատարածքներ կան եւ դրանք հիմնականում ֆինանսական օլիգարխների ու քրեական տարրերի վերահսկողության տակ են գտնվում: Իսկ այսօր այստեղ ոչ մեկիս համար գաղտնիք չէ, որ վերջիններս ու իշխանությունները համագործակցում են: Մենք կտանք բոլոր այն ընտրատարածքների ցանկը, որտեղ անհրաժեշտ կլինի դիտորդների շուրջօրյա ներկայությունը»: Միայն վերջին օրերի ընթացքում մարդկանց անձնագրերի ու Քոչարյանի համար «պոտենցիալ» քվեարկողներից ստորագրահավաքի, այլ թեկնածուների համար աշխատողների, նրանց համակիրների նկատմամբ բռնությունների, աշխատանքից հեռացնելու եւ այլ հանցագործությունների մասին պրն Այքերը բավական նոր եւ հարուստ տեղեկատվություն կուտակեց: Նա ուշադիր ու դեմքի զարմացած արտահայտությամբ էր լսում այդ ամենը, կարծես ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտնի զեկույցի համահեղինակը չլիներ: Բայց նրա զարմանքի գագաթնակետը հենց հանդիպման ընթացքում ներկայացված եւ Շենգավիթի Գարեգին Նժդեհի հրապարակում գործող նախագահի հանդիպմանն անմիջապես նախորդած հերթական բռնարարքների, ինչպես ասում են, «յուղը վրան» տեսագրությունն էր: Պրն Այքերին նախ ներկայացրին, որ տեսագրությունն արվել է իշխանությունների կողմից փակված «Ա1+» հեռուստաընկերության կողմից: Իսկ տեսագրությունը դիտելիս պրն Այքերը հարցնում էր, թե ով է ճանաչում ծեծվողներին, նրանք ովքեր են եւ այլն: Իսկ հերթական «անզգույշ քաշքշուկը», որի արդյունքում ոստիկանների կողմից ջարդվածքներ ստանալով՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն էր տեղափոխվել ՀԺԿ անդամ Վիկա Կարապետյանն ու ծեծի էին ենթարկվել եւս երեք հոգի, սկսվել էր նրանից, որ նախագահի թեկնածու Ռ.Քոչարյանի՝ հերթական ու տեղական իշխանությունների, նաեւ տարբեր տրամաչափի չինովնիկների նախատեսած «ջերմ» ու Քոչարյանին «լիակատար աջակցության ապացույց» հանդիպումը սցենարից շեղվելու վտանգի տակ է եղել: Բանն այն է, որ նախագահի թեկնածու Քոչարյանի հանդիպմանը մասնակցելու համար հրապարակ էին եկել նաեւ հժկականներ, ովքեր «Ոճրագործներին աջակցողները ազգի դավաճաններ են» բովանդակությամբ պաստառներ ունեին: Նրանք վեր էին բարձրացրել նաեւ «Հոկտեմբերի 27»-ի զոհերի դիմանկարները, 99-ի «Միասնություն» դաշինքի նախընտրական պաստառները՝ Կ.Դեմիրճյանի եւ Վ.Սարգսյանի դիմանկարներով: «Սրանք պաստառներ են, որտեղ ոչ մի անուն նշված չէ, կոնկրետ որեւէ մեկին չի վերաբերում (իհարկե, դատելով իշխանությունների արձագանքից՝ նրանք պաստառի բովանդակությունն իրենց վրա են վերցրել-Ն.Մ.): Մարդիկ պահանջում են պատժել «27»-ի ոճրագործներին»,- դիտորդներին բացատրում էր Գ.Հարությունյանը՝ պարզաբանելով, որ «այդ գործով դատավարությունն արդեն մեկ ամիս է, ընդհատվել է, եւ ոչ ոք չի ուզում բացատրել՝ ինչո՞ւ: Ասում են՝ դատավորը հիվանդ է: Մարդիկ ուզում են, որ «27»-ի ոճրագործությունը բացահայտվի, որ ոճրագործները պատժվեն եւ, բնականաբար, իրենք այդ պահանջով պետք է դիմեին գործող նախագահին»: Ի դեպ, սա էլ ընտրողի կամարտահայտությունն է, որ երաշխավորված է ՀՀ օրենսդրությամբ, առավել եւս, որ ակցիայի ընթացքում մարդիկ միայն լուռ կանգնած են եղել: Ականատեսների ասելով, որեւէ բացականչություն չի եղել, առավել եւս, որ Քոչարյանը դեռ այնտեղ չի եղել: Վերջիններս փաստեցին, եւ տեսանյութից էլ երեւում էր, որ «անկոչ հյուրերից» երեքին ոստիկանները ուժով քարշ տվեցին մոտակա խանութ, եւ հարյուրավոր մարդկանց աչքի առաջ ծեծի ենթարկեցին: Իսկ տեսագրության մեջ տիկին Վիկան պարզապես ընկած էր գետնին, եւ նրան ջուր էին հասցնում: Կադրում մարդիկ վկայում էին, որ ծեծողները Շենգավիթի ոստիկաններն էին: Պ.Այքերին նաեւ մատնանշեցին երեւացող բարձրաստիճան սպաներին: Ականատեսների վկայությամբ, «քաշքշուկի» օպերացիան ղեկավարել է «Քրեականի պետն՝ անձամբ»: «OK»,- արձագանքեց պրն Այքերը: Ասացին նաեւ, որ «դեպքի վայրում» էր «մարդ ծեծելու մեջ մասնագիտացած» Աշոտ Գիզիրյանը: Այս տեսաերիզն էլ՝ որպես իրեղեն ապացույց, մյուս ապօրինությունների մասին տեղեկությունների թվում, տրամադրվեց ԵԱՀԿ դիտորդներին: Իսկ վերջիններս մինչեւ հանդիպման ավարտն ուշի ուշով լսում էին ընդդիմության ներկայացուցիչներին ու գրառում փետրվարի 19-ին սպասվող իշխանությունների պատրաստած բոլոր այն ընտրակեղծիքների մեխանիզմները, որոնք, Ստ.Դեմիրճյանի շտաբի պետի ասելով, իրենց են տրամադրել Ռ.Քոչարյանի շտաբում աշխատող, բայց «երկրի ճակատագրով մտահոգ» մարդիկ: Միակ խնդրանքը, որով երեկ դիմեցին պրն Այքերին, այն էր, որ դիտորդները քվեարկությունների օրը հատկապես ուշադրություն դարձնեն քվեաթերթիկների հաշվառմանը՝ իրականում ո՞ր թեկնածուի անվան դիմաց է նշում կատարված, եւ դա ում օգտին են հաշվելու: Գ.Հարությունյանը հիշեցրեց, որ 98-ին ճիշտ այդ հնարքի միջոցով Կարեն Դեմիրճյանի օգտին քվեարկած 226 հազ. ձայն հաշվվել էր Ռ.Քոչարյանի օգտին: Թեկնածուների լիազոր ներկայացուցիչների կարծիքով, հիմնական խախտումները լինելու են հենց այդ ժամանակ եւ հենց ընտրական տեղամասերում: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել