Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆԱԽԱԳԱՀԻ ՓԵՇԵՐԸ ՎԱՌՎԱԾ ԵՆ

Փետրվար 14,2003 00:00

ՆԱԽԱԳԱՀԻ ՓԵՇԵՐԸ ՎԱՌՎԱԾ ԵՆ Արտաշատը նախընտրական քարոզարշավի շրջանակում որպես երկրի ապագա նախագահ էր ընդունել Ստեփան Դեմիրճյանին, որպես լավագույն բարեկամ՝ Արամ Զավենի Սարգսյանին, մի քանի կամակատարներ հրահանգավորված ծեծի էին ենթարկել Հայկ Բաբուխանյանին։ Ու այս ամենից հետո էլ երեկ ցուցադրաբար, հայավարի ու անճաշակ, չափազանց ճոխ կազմակերպել էին նախագահի թեկնածու Ռ. Քոչարյանի հետ հանդիպումը։ Չինովնիկներն իրենց հավատարմության ապացույցը փորձել էին այդ կերպ դրսեւորել ու ընկել էին ծայրահեղության մեջ։ Մարզպետարանի դիմացի հրապարակը լեփ-լեցուն էր, ըստ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հովհ. Վարյանի՝ 8-10 հազար մարդ։ Այստեղ էր Պարի պետական համույթը, Ջիվան Գասպարյանը, որը մեզ հետ զրույցում ասաց, թե մի բան է ասել՝ կրակն է ընկել, իր համար միեւնույն է, թե ով կընտրվի, միայն թե երկիրը նորմալ նախագահ ունենա։ Այսօր իրեն Քոչարյանն է հրավիրել, եկել է ու կնվագի, Ստեփան Դեմիրճյանն էլ եթե հրավիրի՝ կգնա, կնվագի։ Մշակույթի տան սյուներին դրոշներ եւ փուչիկներ էին ամրացված։ Պաստառներն ամրացնող աշխատողը՝ 50-ամյա Հենրիկ Հովհաննիսյանը, գործի պահին, նախորդ օրը ցած էր ընկել։ Մեզնից շարունակ թաքցնում էին այդ լուրը եւ ասում էին, որ միայն ոտքն է ցավեցրել։ Բայց իրականում, երեկ մարդը մահացել է, եւ աղմուկից խուսափելով՝ նրան տեղափոխել էին Երեւան։ Առաջին շարքերում մի պաստառ էին բռնել. «Լրատվամիջոցներ, մի նեղացրեք արտաշատցիներին»։ Լուսանկարեցի այդ պաստառը եւ մեկ րոպե հետո նկատեցի, որ այն անհետացել է։ Մարդ հավաքելու գործընթացն իշխանություններին հաջողվում է։ Աշխատողներին, աշակերտներին եւ ուսուցիչներին կազմակերպված ձեւով քշել էին հրապարակ։ Այս տարածքում 38 գյուղ կա, յուրաքանչյուրից երեք ավտոբուս մարդ էին բերել։ Աշակերտներին եւ ուսանողներին զգուշացրել էին՝ անպայման կծափահարեք, տեսախցիկները բոլորիդ նկարելու են, ու վայ նրան, ով չի ծափահարի։ Երեկ ավանդական տրնդեզ էր, եւ 114 զույգ հարս ու փեսա էին բերել հրապարակ՝ տրնդեզի եւ նախագահի թեկնածուի համար։ Հարսները ժամեր շարունակ դողում էին թեկնածուին սպասելիս, բայց դիմանում էին, որովհետեւ խոստացել էին, որ յուրաքանչյուր զույգին մեկական ոսկե շղթա են տալու եւ խաչ։ Հետո ոմանք պնդում էին, թե ոսկին բաժին հասավ միայն փետրվար ամսին ամուսնացած 10 զույգի։ Նախօրոք տարածվել էր նաեւ, թե զույգերից մեկին ավտոմեքենա են նվիրելու։ Բայց նման բանի հրապարակային ականատես չեղանք։ Մարզպես Ա. Սարգսյանի ներկայացմամբ՝ ոսկյա զարդերը համայնքապետերն իրենց սեփական միջոցների հաշվին էին գնել։ Նախագահի թեկնածուին հայտարարեցին «նորապսակների» քավոր, բայց հարսներից շատերը հղի էին, ուրիշներն էլ կարծես երեխաներ ունեին եւ հաստատ՝ նաեւ քավոր։ Բայց պետք էր թեկնածու Քոչարյանին նաեւ քավոր դարձնել ու դարձրին։ Իսկ նորաթուխ քավորը խոստացավ «կոլեկտիվ այց» կազմակերպել Նախագահական, երեւի, որ «սանիկները» տեսնեն, թե քավորը որտեղ է աշխատում։ Արտաշատ էր բերվել նաեւ Պարի պետական համույթը։ Իսկ Ամենայն Հայոց կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ.-ն օրհնանքի խոսքեր ասաց նորապսակներին, թեկնածուին եւ արտաշատցիներին։ Հարթակում խարույկ վառվեց, սպասում էին, որ թեկնածու Ռ. Քոչարյանը կթռնի խարույկի վրայով, բայց դա տեղի չունեցավ։ Հավաքվածներից մեկը նկատեց՝ «ինչո՞ւ թռնի, առանց այն էլ փեշերը վառված են»։ Փորձեցի պարզել, թե կինն ի՞նչ նկատի ունի, բայց վերջինս վախեցած այս ու այն կողմ նայեց ու խնդրեց՝ մի նկարեք, քթիցս կբերեն։ Հրապարակում հավաքվածներից մեկը պատմեց, որ Մրգավան գյուղում հրահանգավորում են մարդկանց՝ ընտրել Ռ. Քոչարյանին, քանի որ վերջինս խոստացել է վերընտրվելու դեպքում ազատ արձակել այս գյուղի գազի գրասենյակի պետի վարորդին, որն ինքնախոստովանել էր Հայկ Բաբուխանյանին սուր գործիքով հարվածելու իր հանցանքը եւ կալանված է։ Մինչ բեմահարթակում պարում էր Պարի պետականը, եւ 114 զույգ հարս ու փեսա սառում էին, արտաշատցիները պատմեցին, որ իրենց մոտ սկսվել է որսորդական հրացանների վերահաշվառում։ Ոչ ոք չէր հասկանում, թե ինչ նպատակով։ Արտաշատում Ռ. Քոչարյանը քաղաքական ելույթ չունեցավ. «Կարծում եմ, բոլորս այս վերջին մեկ ամսվա ընթացքում բավական ձանձրացել ենք քաղաքական ելույթներից, այսօր ամենից սիրելի տոներից մեկն է՝ տրնդեզն է, եւ այստեղ եմ այս ուրախությունը կիսելու համար»։ Նախագահի թեկնածուն որեւէ կերպ չդատապարտեց փետրվարի 4-ին նույն Արտաշատ քաղաքում ԱԺ պատգամավոր, նախագահի թեկնածու Արամ Կարապետյանի շտաբի պետ Հայկ Բաբուխանյանին դաժանաբար ծեծելը, Վազգեն Մանուկյանի քարոզարշավը տապալելը։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել